Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐՍ «ՎԱՐԿԻ» ՏԱ՞Կ ԵՆՔ

Հունիս 15,2011 00:00

\"\"Հայաստանում այս տարվա հինգ ամիսների վարկային  պորտֆելը կազմում է մոտ 1,1 տրիլիոն դրամ

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երեկ հրավիրած ասուլիսում անդրադարձավ Հայաստանի բանկային համակարգի 2011թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշներին: Եթե լսենք պարոն Ջավադյանին, ապա գրեթե բոլոր ցուցանիշներով մենք առաջ ենք ԱՊՀ մյուս երկրներից: Բանկային ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 50%-ի, այն դեպքում, երբ 2008-ին կազմել է 28%, իսկ 90-ականների վերջին՝ 13-14%: Վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 30%-ի, այն դեպքում, երբ 2008-ին այդ ցուցանիշը 16,7% էր: Դե, իսկ կապիտալի համարժեքության 21% ցուցանիշով մենք առաջ ենք ոչ միայն ԱՊՀ, այլեւ եվրոպական երկրներից:

Սակայն ասուլիսի հիմնական թեման Գերմանահայկական հիմնադրամի միջոցով ՀՀ ԿԲ միջնորդությամբ իրականացվող վարկային ծրագրերն էին: Այդ հիմնադրամի կողմից այժմ մեր երկրի ֆինանսական համակարգում իրականացվում է 6 վարկային ծրագիր, որոնցից 3-ը ֆինանսավորվում է գերմանական KFW բանկի, 2-ը՝ ՀՀ կառավարության եւ մեկը ՀԲ-ի կողմից:

Այդ ծրագրերն ուղղված են մի քանի նպատակների՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը (այս ուղղությամբ տրվել է 62 200 վարկ՝ ընդհանուր 180 մլրդ դրամ չափով), «Վերականգնվող էներգիայի աջակցմանը» կամ ավելի պարզ լեզվով՝ փոքր ՀԷԿ-երի կառուցմանը (ֆինանսավորվել է 14 փոքր ՀԷԿ՝ ընդհանուր 2,9 մլրդ դրամի չափով, եւ այժմ մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը՝ 18 մլն եվրոյի վարկային ծրագիր է կնքվել), «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացմանը» կամ պարզ ասած՝ հիփոթեքային վարկավորմանը (այս ծրագրով տրվել է 1500 հիփոթեքային վարկ՝ ընդհանուր 8,9 մլրդ դրամի չափով, եւ այժմ նախատեսվում է հաջորդ փուլը՝ 20 մլն եվրոյի չափով), «ՀՀ տնտեսության կայունացման վարկավորմանը»՝ սրանք, այլ կերպ ասած, հակաճգնաժամային վարկեր են, որոնք տրամադրվել են բանկերին՝ սահմանված ուղղություններով վարկերի վերաֆինանսավորման համար (վերաֆինանսավորվել է 3724 վարկ՝ 88,4 մլրդ դրամի չափով), ՀՀ տնտեսության ենթակառուցվածքների վարկավորման եւ զարգացման ծրագրին հատկացվել է 5 մլրդ դրամ, եւս 1 մլրդ դրամ տրամադրվել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի կատարմանը:

Ըստ պարոն Ջավադյանի՝ այս բոլոր վարկատեսակների շրջանակներում ժամկետանց վարկեր կա՛մ չկան, կա՛մ շատ փոքր տոկոս են կազմում, ինչը խոսում է վարկերի իրացվելիության բարձր մակարդակի մասին: Եվ բոլոր ծրագրերը շարունակական են, գործում է մուլտիպլիկատիվ էֆեկտը:

Խոսք գնաց նաեւ գյուղատնտեսական վարկերի մասին: Մամուլում շրջանառվող խոսակցությունները, որ գյուղացիները ստիպված են նոր վարկ վերցնել՝ նախորդ վարկը փակելու համար, ըստ պարոն Ջավադյանի՝ անհիմն են, քանի որ ուղղակի հնարավոր չէ նման բան անել: Գյուղատնտեսությանն ուղղված վերջին վարկավորման ծրագրով պետությունը սուբսիդավորում էր վարկերի 4-6%-ը: Այդ ծրագրով, որը մեկնարկել է երկու ամիս առաջ, արդեն իսկ վարկ է հատկացվել 12 000 գյուղացիական տնտեսության, վարկերի միջին չափը եղել է 625 000 դրամ, ընդհանուր 7,5 մլրդ դրամ է տրամադրվել: Սակայն վարկավորման կարիքը դեռ կա, եւ շատ գյուղացիներ հերթ են կանգնած բանկերում՝ այդ «փափուկ» վարկերից վերցնելու համար: Պարոն Ջավադյանն ասաց, որ սեպտեմբերից կվերսկսվի այդ վարկերի տրամադրումը՝ եւս 100 մլն դրամի չափով: Սպասում են մինչեւ սեպտեմբեր, որպեսզի վստահ լինեն, որ վարկերը ուղղվելու են տնտեսության զարգացմանը եւ ոչ թե գնալու են սպառման շուկա: Մտավախություն կա, որ ամռանը տրված վարկերը նպատակային չեն ծառայի:

Ընդհանուր առմամբ՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 90 000 գյուղացիական տնտեսություն վարկեր է վերցրել՝ 65 մլրդ դրամի չափով: Այս թիվը ընդգրկում է ոչ միայն վերոնշյալ «փափուկ» վարկը՝ կառավարության 4-6% սուբսիդավորմամբ, այլեւ մյուս բոլոր գյուղատնտեսական վարկերը: Պարոն Ջավադյանը լուրջ չի ընդունում խոսակցությունները, որ մեր բանկերը դժկամությամբ են ֆինանսավորում գյուղատնտեսությանը, քանի որ փաստերն այլ բան են ցույց տալիս. եթե անցյալ տարի գյուղացիներին տրվել է 47 մլրդ դրամի վարկ, ապա այս տարի՝ 65 մլրդի: Սակայն ամենալավ պայմանները թերեւս ՀԷԿ-երի ֆինանսավորման պայմաններն են. այստեղ գործում է կայուն՝ 10,5% տոկոսադրույք, քանի որ ՀԷԿ-երի կառուցմամբ շահագրգռված են ոչ միայն կառուցողները, այլեւ այդ ծրագիրը իրականացնողները՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, մեր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

Էլ ավելի ընդհանուր նայելով՝ փաստում ենք, որ 2011թ. առաջին հինգ ամիսների տվյալներով գործող վարկային պորտֆելը Հայաստանում կազմում է 1 տրիլիոն 118 մլրդ դրամ, որից միայն 465 մլրդն է հայկական դրամով, մնացածն արտարժույթով է: Ի դեպ, պարոն Ջավադյանի խոսքերով՝ «գնաճից հետո դոլարիզացիան է տնտեսության համար ամենավտանգավոր բանը», եւ իրենք փորձում են անել հնարավորը՝ թույլատրելի բոլոր մեթոդներով, որպեսզի դոլարիզացիայի մակարդակը նվազի:

Ինչ վերաբերում է մեր երկրի արտաքին պարտքին, որը մոտենում է 50% կրիտիկական սահմանագծին, որից ավելի մենք ուղղակի իրավունք չունենք վերցնել՝ օրենքը թույլ չի տալիս, ապա ԿԲ նախագահը ասում է. «Ես դա չեմ համարում վատ երեւույթ: Օրինակ, ԱՄՆ պարտքը 92%-ից ավելի է, կան եվրոպական երկրներ, որտեղ արտաքին պարտքը 100-130% է կազմում, մեր տիպի զարգացող երկրի համար նորմալ թիվ եմ համարում»:

Գնաճի հետ կապված էլ Արթուր Ջավադյանը խոստացավ. «Ամեն ինչ կանենք, որ մինչեւ տարեվերջ մեր ասած՝ թիրախային 5-6% գնաճից ցածր մակարդակի վրա կանգնենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել