«Էխո Մոսկվի» ռադիոկայանի ղեկավարությունը վրդովված է ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքից այն սկանդալի կապակցությամբ, որ ծայր էր առել ռադիոկայանի փոխխմբագիր Սերգեյ Բունտմանի՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունից եւ Բաքվում նրան պերսոնա-նոն-գրատա հայտարարելուց հետո: «Ես նշեմ, որ մեզ Բունտմանի այցի համար հիմնականում գրոհում են ոչ թե Ադրբեջանի արտգործնախարարությունը, ոչ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, ոչ Ադրբեջանի դեսպանատունը, այլ գործընկեր լրագրողները: Դուք գժվե՞լ եք, գործընկերներ: Դա ձեր աշխատա՞նքն է: Ձեր աշխատա՞նքն է լինել պետության լակոտը: Ձեր աշխատա՞նքն է լինել պետության պաշտոնյան: Այդ դեպքում չե՞ք ուզում փոխել ձեր աշխատանքը: Պետք չէ մեզ սովորեցնել»,- հայտարարել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը «Տիպիկ դեպք» հաղորդման եթերում: «Ի դեպ, միանգամից ուզում եմ ասել, որ որոշակի պայմանավորվածություններ ունենք Ադրբեջանի ղեկավարության եւ ներկայացուցիչների հետ, եւ այս ողջ հիմարությունը, որ մեր շուրջ պտտվում է, ոչ մի կապ չունի ոչ Ադրբեջանի նախագահի, ոչ վարչապետի, ոչ աշխատակազմի ղեկավարի, ոչ էլ արտգործնախարարի ու դեսպանի հետ: Կարծում եմ՝ ձեզ չի զարմացնի, որ առաջիկայում «Էխո Մոսկվի»-ն կլուսաբանի բոլոր իրադարձությունները Ադրբեջանի շուրջ երկրի ներսից: Եթե պետք լինի, Ղարաբաղ էլի կգնանք: Եվ մեր գործընկերներին չենք էլ հարցնի: Դա պետք է հասկանալի լինի: Եթե դուք կատարում եք ձեր պետության թուլաների դերը, դա ձեր խնդիրն է: Զբաղվեք դրանով առանց մեզ»,- հայտարարել է Վենեդիկտովը:
News.am-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը «սեւ ցուցակում» էր ընդգրկել «Էխո Մոսկվիի» փոխխմբագիր Սերգեյ Բունտմանին, ով այցելել էր Լեռնային Ղարաբաղ եւ հարցազրույց վերցրել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանից ու Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանից: