Լրահոս
Օրվա լրահոսը

Կազանում հնարավոր է առաջընթաց, եթե…

Հունիս 15,2011 00:00

\"\" ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը վստահեցնում է, որ Կազանում առաջընթաց հնարավոր է, եթե դրական միտումները պահպանվեն:

Հունիսի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո պաշտոնապես հայտարարվեց, որ քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները:

Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին Կազանում կայանալիք հերթական եռակողմ գագաթաժողովի ժամանակ: Իսկ երեկ, Երեւանում, Շվեդիայի Թագավորության արտգործնախարար Կարլ Բիլդտի (Carl Bildt) հետ համատեղ մամուլի ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն ասել է. «Եթե Մոսկվայում օրերս կայացած արտգործնախարարների եռակողմ հանդիպման արդյունքում արձանագրված դրական միտումը պահպանվի Կազանում, ապա բանակցություններում կկարողանանք առաջընթաց արձանագրել»: Մամուլի ասուլիսում Էդուարդ Նալբանդյանն անդրադառնալով Ադրբեջանից հնչող ռազմատենչ հայտարարություններին եւ այն պնդումներին, թե կազանյան հանդիպումը կարող է դառնալ խաղաղ կարգավորման վերջը, ասաց, որ ադրբեջանական կողմից ռազմատենչ հայտարարությունները շարունակում են հնչել անդադար, անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների դովիլյան հայտարարությունից հետո, որում կրկին հնչեց խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին ահազանգ. «Ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե խաղաղ կարգավորման վերջին շանսն է եւ այլն, իսկ ո՞վ է խանգարում ադրբեջանցիներին օգտագործել այդ վերջին շանսը: Այդ ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ կարող եմ հիշեցնել, որ դովիլյան հայտարարության մեջ հստակ կոչ է արվում պատրաստել ժողովուրդներին խաղաղության, հակառակը կդատապարտվի միջազգային հանրության կողմից»,- ասաց նախարարը: Էդուարդ Նալբանդյանը հայտարարեց նաեւ, թե լիովին համամիտ է ԼՂՀ նախագահի այն մտքին, թե «ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում անհրաժեշտ է, որ Արցախը ներգրավվի»: Ըստ նախարարի, անհնար կլինի անցնել բանակցությունների երկրորդ փուլին, եթե Հիմնարար սկզբունքների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա, ըստ Նալբանդյանի, այդ ժամանակ նախատեսվում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը. «Այդ բանակցություններին միանշանակ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակից լինի: Մեզ համար հիմնաքարը խաղաղ կարգավորման համար այն է, որ ԼՂ ժողովուրդն է տերն իր ճակատագրի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել