Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ»

Հունիս 15,2011 00:00

\"\"Վստահ է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

– Թուրքիայում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, սակայն հարցերը մնացին, քանի որ թեպետ Էրդողանի կուսակցությունը հաղթեց, սակայն դա կարծես կիսատ հաղթանակ եղավ՝ նախագահականի համար Էրդողանը պատգամավորների որոշ թվի կարիք է ունենալու:

– Այս խորհրդարանական ընտրություններում թեպետ Էրդողանի կուսակցությունը տոկոսային աճ է արձանագրել՝ ստանալով 50 տոկոսից ավելի քվե, բայց խորհրդարանում չի կարողացել ապահովել այն թիվը, որը Էրդողանին թույլ կտար անարգել անցկացնել սահմանադրական փոփոխություններ, ուժեղացնել նախագահական ինստիտուտը՝ հետագայում նախագահ դառնալու համար:

Սրա համար անհրաժեշտ է ունենալ 367 պատգամավոր, մինչդեռ Էրդողանի կուսակցությունը կարողացավ ստանալ պատգամավորական 327 աթոռ: Ըստ էության, նա խնդիր է ունենալու եւ խնդիրը լուծելու նպատակով սկսելու է քաղաքական առեւտրի նոր փուլ: Էրդողանն արդեն հայտարարել է, որ դիմելու է խորհրդարանում ներկայացված մյուս ուժերին, անհատ պատգամավորներին, փորձելու է ստանալ աջակցություն եւ անցկացնել սահմանադրական փոփոխություններ: Իհարկե, այս ամենը նա համեմում է դեմագոգիկ հայտարարություններով այն մասին, որ այդ սահմանադրությունը լինելու է բոլորի սահմանադրությունը եւ այլն, բայց ակնհայտ է, որ այդ փոփոխությունները մեկ միտում ունեն՝ ուժեղացնել նախագահական ինստիտուտը: Ըստ էության, Էրդողանը ցանկանում է Թուրքիայի պատմության մեջ դառնալ առաջին՝ իրավական առումով ուժեղ նախագահը:

– Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների ֆոնին որոշ համեմատություններ են անում Էրդողանի եւ Քեմալի միջեւ, ի՞նչն է սրանց համար ընդհանուր, կա՞ն համեմատության եզրեր, եւ մի՞թե այսօրվա Թուրքիան նման է Քեմալի ժամանակների Թուրքիային:

– Ձեր նշած համեմատությունը ես կուզենայի տեղավորել մեկ այլ տիրույթում: Թուրքիայում, իրոք, կան մի քանի գործիչներ, որոնք առասպելացված են, եւ նրանցից է Քեմալ Աթաթուրքը՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը: Բավական է նշել, որ քեմալիզմը համարվում է թուրքական պետական գաղափարախոսություն: Գիտեք, որ այնտեղ կա Քեմալի պաշտամունք, սակայն Քեմալը միեւնույն ժամանակ նաեւ իսլամական Թուրքիայում աշխարհիկության հիմնադիրն է, եւ այդ աշխարհիկությունը ամենեւին էլ առանց խոչընդոտների չի տարածվել Թուրքիայում, քանի որ օսմանյան կայսրությունը դարեր շարունակ եղել է կրոնապետություն, խալիֆայություն, եւ բավականին դժվար էր կրոնից միանգամից հրաժարվելը: Թեպետ հետագան ցույց տվեց, որ թուրքական հասարակությունում կրոնը, իսլամը շարունակում է որոշիչ դեր ունենալ: Հենց այս ընտրությունները եւ Էրդողանի քաղաքական կարիերայի հաջողության հիմնական գրավականը իսլամն է: Էրդողանը ըստ էության կարողացավ ներկայացնել, այսպես կոչված, չափավոր իսլամ, որն ընկալելի է եւ Արեւմուտքի, եւ թուրքական հասարակության համար: Ակնհայտ է, որ Էրդողանը ցանկանում է դասվել, տեղ գրավել թուրքական առասպելացված հերոսների, քաղաքական գործիչների շարքում, եւ հենց այդ պատճառով է նաեւ, որ արդեն որոշակի ժամանակ տեղի է ունենում նախորդ գործիչների արատավորման, նրանց դերի նվազեցմանն ուղղված քարոզարշավ: Այսինքն՝ տաբուն, որ այդ գործիչներն անձեռնմխելի են, Էրդողանի իշխանության ժամանակ կոտրվեց: Օղակը սեղմվում է եւ մոտենում Աթաթուրքին: Այս ամենի համատեքստում, կարծում եմ, Էրդողանի նպատակն է դառնալ համաթուրքական լիդեր, նոր քեմալաթաթուրք՝ իսլամական հանդերձանքով:

– Այս ամենը ի՞նչ է տալու եւ ի՞նչ չի տալու հայ-թուրքական հարաբերություններին:

– Ես կարծում եմ՝ անցած ընտրությունները եւ Էրդողանի այս նկրտումները որեւէ փոփոխություն չեն մտցնելու հայ-թուրքական հարաբերություններում, եւ չի փոխվելու Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ այն տասնամյակների ընթացքում մշակված անփոփոխ կետեր ունի: Եվ չնայած միջազգային տարբեր ճնշումներին, դրանք շարունակում են մնալ անփոփոխ: Կանխատեսում եմ, որ արտաքին ճակատում Թուրքիան շարունակելու է կեղծ հայտարարությունները՝ իբր պատրաստ է շարունակել հայ-թուրքական հարաբերությունները, իսկ ներքին ճակատում լինելու է նույն հակահայկական հռետորիկան, եւ հակահայկականությունը շարունակվելու է: Միայն չեմ բացառում, որ աշխարհաքաղաքական լուրջ վերաձեւավորումների դեպքում գուցե ինչ-որ բան կփոխվի: Բայց այս պարագայում ավելի կանխատեսելի է անփոփոխ վիճակը: Արտաքին քաղաքականության մեջ այս խորհրդարանական ընտրություններից հետո էլ ավելի է ուժեղանալու նեոօսմանիզմը, որի հիմնական թիրախներն են Մերձավոր Արեւելքը եւ Բալկանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել