Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱ ՀՀՇ-Ի ԵՎ ՀԱԿ-Ի ՊԱՌԱԿՏՈՒՄ Է»

Հունիս 15,2011 00:00

\"\"«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը երեկ «Արցախ» ակումբում հրավիրված ասուլիսում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը դիտարկեց իբրեւ «ՀԱԿ-ի մինչերկխոսության շրջանի գործունեության որոշակի փոփոխությունների» հետեւանք. «Եվ սա, որքան էլ չասեն՝ այնուամենայնիվ, ոչ միայն ՀՀՇ-ի պառակտում է նշանակում, այլ նաեւ ՀԱԿ-ի»: Առաջարկելով անաչառորեն գնահատել, թե ինչն էր նման գործընթացների պատճառը՝ պրն Մարտիրոսյանը հավելեց. «Այնուամենայնիվ, ողջունելի է, որ քաղաքական խնդիրները ստանում են քաղաքական լուծում: Եվ այդ կուսակցության ստեղծումն այդ խնդիրների չլուծման պատճառով առաջացած խնդիրների շրջանակում է: Ամենայն հավանականությամբ՝ նրանք այժմ փորձելու են իրականացնել այն քաղաքականությունը, որն իրենց չէր բավարարում ՀԱԿ շրջանակներում, այդ թվում նաեւ, կարծում եմ, այլընտրանքային կարծիք ներկայացնելու առումով»:

Լրագրողներից մեկը հարց տվեց «Ժառանգության» պատգամավորին. «Որպես ամերիկյան պրոյեկտ՝ «Ազատ դեմոկրատներին» ձեզ մրցակից համարո՞ւմ եք»: Արմեն Մարտիրոսյանը ժխտեց, իր ձեւակերպմամբ՝ «պրոյեկտիզմի» տեսությունը եւ հավելեց. «Մենք չենք համարում, որ իրենք ինչ-որ մեկի պրոյեկտն են: Մեզանում ընդունված է «պրոյեկտ» անվանել մի ուժի, որը ֆինանսներ չունի, ռեսուրսներով առանձնապես օժտված չէ: Այսինքն՝ սրանք իրականությունից հեռու գնահատականներ են: Եվ մենք նրանց ընդհանրապես մրցակից չենք համարում, քանի որ, ճիշտ է, ժողովրդավարական դաշտում կարող է տեսակետների համընկնում լինել, բայց ազգային հարցերում չեմ կարող ասել, քանի որ դեռ չգիտեմ նրանց դիրքորոշումներն ազգային խնդիրների վերաբերյալ: Իմ անունից եմ ասում, քանի որ «Ժառանգություն»-ում այդ հարցը չի քննարկվել, բայց ողջունելի է նրանց մուտքը, եւ, կարծում եմ, մենք կարող ենք համագործակցության բավական մեծ դաշտ գտնել «Ազատ դեմոկրատների» հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել