Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհերի ծնողները բողոքի ակցիաներ են սկսելու

Հունիս 15,2011 00:00

Դրանք կմեկնարկեն հուլիսի կեսերից

Ապրիլի կեսերին էր, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե դատական համակարգից ակնկալում է նոր թափ եւ ընդգծված ակտիվացում «Մարտի 1»-ի դեպքերի բացահայտման հարցում՝ կարեւորելով նաեւ դրա «չափազանց մեծ» նշանակությունը «մեր պետության եւ մեր հասարակության, նաեւ տարբեր շահարկումներից խուսափելու համար»:

Ս. Սարգսյանը, էլի հիշեցնենք՝ մասնավորապես ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջեց՝ «կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ, ըստ ձեզ, որեւէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել»: Սույն հանձնարարականից հետո ավելի քան մեկ ամիս է անցել, բայց սայլն այդպես էլ տեղից չի շարժվել: Ու քանի դեռ նախագահի այս հանձնարարականը կատարված չէ, ու «Մարտի 1»-ն էլ բացահայտված չէ՝ առավելապես զոհերի հանգամանքների մասով, մենք, թերեւս, բոլորով այդ հանձնարարականից հետո գլորվող օրերն ենք հաշվելու:

Առաջինը դա սկսել են անել մարտիմեկյան զոհերի հարազատները: «Մարտի 1-ը» բացահայտելու վերաբերյալ Ս. Սարգսյանի հանձնարարականից մեկ ամիս է անցել, սակայն որեւէ տեղաշարժ չկա: Մենք՝ զոհվածների հարազատներս, ի սկզբանե չէինք հավատում իշխանություններին եւ այսօր էլ չենք հավատում, թեեւ իշխանությունները հայտարարեցին, թե «Մարտի 1»-ի էջը փակված չէ»,- ասում է մարտիմեկյան զոհերից մեկի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը՝ հավելելով, թե իշխանությունները «Մարտի 1»-ը բացահայտելու մասին իրենց կեղծ հայտարարություններով ընդամենը լրացուցիչ ցավ են պատճառում զոհվածների հարազատներին: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նա նաեւ հաստատեց ավելի վաղ եղած տեղեկությունը, թե զոհերի ծնողներն առաջիկայում բողոքի ակցիաներ են նախաձեռնելու՝ նստացույցեր ու անգամ հացադուլներ, եթե պետք լինի:

Բողոքի ակցիաները նախատեսվում է անցկացնել հուլիսի կեսերին, երբ Երեւանում կլինեն նաեւ ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցողներ պարոնայք Պրոսկոտն ու Ֆիշերը. «Այդ օրերին Հայաստանում կլինեն ե՛ւ համազեկուցողները, ե՛ւ իշխանություններն արդարանալու տեղ չեն ունենա, թե՝ հանձնարարականից հետո կարճ ժամանակ է անցել: Այդ օրերին կլրանա հանձնարարականը տալու երեք ամիսը, եւ դա լավ ժամանակ է մեր ակցիաները սկսելու համար»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:

Նա, իհարկե, դժգոհ էր Ս. Սարգսյանի հանձնարարականից ե՛ւ առաջ, ե՛ւ հետո «Մարտի 1»-ի գործի նախաքննության ընթացքից: Անցած ավելի քան մեկ ամսվա ընթացքում էլ նրանք տեղյակ չեն, թե ինչ գործողություններով է զբաղված գործի վարույթն իրականացնող քննչական խումբը: Այդ ընթացքում զոհերի հարազատներն էլ չեն հրավիրվել ՀՔԾ նույնիսկ այն բանից հետո, երբ ի հայտ եկան այդ դեպքերին առնչվող նոր տեսագրություններ, որտեղ, ենթադրաբար, պատկերված էին զոհերից երկուսի՝ Դավիթ Պետրոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի սպանության կադրերը:

Ա. Հովհաննիսյանը, ինչպես, թերեւս, նրա մյուս բախտակից ծնողները, հույսեր չի էլ փայփայում նախագահի հանձնարարականի հետ: Առանձնակի պատրանք չունեն նաեւ, թե հուլիսին իրենց կազմակերպելիք ակցիաները կարող են «սարեր շուռ տալ»: Ուղղակի, ինչպես բացատրեց տիկին Հովհաննիսյանը՝ «ինձ թվում է՝ հուլիսի կեսերին, երբ համազեկուցողները գան Հայաստան, իշխանությունները հնարավոր է, որ դրան ընդառաջ՝ սկսեն իմիտացիոն մի քանի բան անել՝ ցույց տալու համար, թե նախաքննությունը ակտիվացել է»:

Ա. Հովհաննիսյանը, որը հետեւել էր օրերս ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ ԱՄՆ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակության հանդիպմանը վերաբերող լրատվությանը, որտեղ իբրեւ առանցքային հարց քննարկվել էր նաեւ «Մարտի 1»-ի ու հիմնականում սպանությունների բացահայտման հարցը, ու նկատի ունենալով գլխավոր դատախազի արդարացումները, թե՝ «կատարված աշխատանքով հանդերձ, դեռ չի հաջողվել ամբողջությամբ բացահայտել 10 անձանց մահվան հանգամանքները», թե՝ «օբյեկտիվ են նաեւ այն խոչընդոտները, այն հանգամանքները, որոնք դժվարություններ են ստեղծում նախաքննական մարմնին. իրադարձությունները տեղի են ունեցել գիշերով, բազմահազար անձանց մասնակցությամբ, մի քանի հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող բնակելի հատվածում» եւ այլն, ասաց, թե դրանք միայն արդարացումներ են, եւ պնդեց իր կարծիքը, թե այս իշխանությունների օրոք «Մարտի 1-ը չի էլ բացահայտվի. «Ես ի սկզբանե չէի վստահում իշխանություններին «Մարտի 1»-ի բացահայտման առումով, ինչպես չեմ վստահել Հայ ազգային կոնգրեսի հետ նրանց երկխոսությանը. թեեւ ուրախ կլինեի, որ դա տեղի ունենար, բայց համոզված էի, որ չի լինելու: Ընդհանրապես Սերժ Սարգսյանի ոչ մի ասածին ես չեմ հավատում»: Ինչ վերաբերում է բողոքի ակցիաների արդյունավետությանը, ապա Ա. Հովհաննիսյանը պարզաբանեց. «Դա մեր բողոքի ձայնն է լինելու, որ գոնե ՄԻ եվրոպական դատարանում մեր գործը օբյեկտիվորեն լսվի: Ես մտածում եմ, որ ԵԴ-ում էլ մեր գործը կարող են հետաձգել՝ ասելով, թե Հայաստանում իշխանություն-ընդդիմություն երկխոսություն է սկսվել, «Մարտի 1»-ի բացահայտման առումով էլ հանձնարարական է տրվել: Մեր ակցիայի նպատակը մեր խնդիրները նաեւ եվրոպական կառույցների համար լսելի դարձնելն է, տեղ հասցնելը՝ որ այստեղ «Մարտի 1»-ի բացահայտման ուղղությամբ ոչինչ էլ չի կատարվում»: Տիկին Ալլան ասաց, թե զոհերի հարազատները ընդդիմություն-իշխանություն երկխոսությունն ու հարաբերություններն իրենց զավակների սպանության բացահայտման հետ չեն կապում. «Երկխոսություն լինի կամ չլինի, միեւնույն է՝ մենք պետք է այս 10 սպանությունների բացահայտման համար պայքարենք»:

Ինչ վերաբերում է «մարտիմեկյան» զոհերի հարազատների՝ ՄԻ եվրոպական դատարան ուղարկված գանգատներին, ապա Ա. Հովհաննիսյանի ասելով, դրանք ՄԻԵԴ-ում արդեն իսկ գրանցվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել