Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԶԱՆԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ՞ ՔԻ-ՈՒԵՍԹԻ ՃԱԿԱՏԱԳՐԻՆ

Հունիս 15,2011 00:00

\"\"Մայիսի 31-ին ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը հանրահավաքի հարթակում է եղել միայն հայաստանյան ներքաղաքական զարգացումներին հետեւելու «լայն հնարավորություն» ունենալու համար:

«Սոչի 2». այսպես է անվանում ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ ամսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպումը: Չնայած դեսպանի կարծիքով Սոչիի եռակողմ հանդիպումը ցանկալի կամ սպասելի արդյունքներ չգրանցեց, բայց առաջիկա հանդիպման առումով դեսպանը տոգորված է այն օպտիմիզմով, որն առկա է այսօր: Երեկ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» եւ Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի կազմակերպած՝ «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ 2011՝ նոր միտումներ եւ իրողություններ» թեմայով քննարկման ժամանակ խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման եւ Կազանում կայանալիք նախագահների հանդիպման մասին, անդրադառնալով առաջիկա հանդիպման շուրջ առաջացած լավատեսական տրամադրություններին՝ պարոն դեսպանը հիշեց 2000 թվականի քիուեսթյան հանդիպումը, այն ժամանակ էլ ակնկալվող առաջընթացը եւ նույնօրինակ լավատեսությունը: Այս առումով նա նաեւ միանգամայն իրական ու իրատեսական համարեց որոշ վերլուծաբանների մտավախությունները, որ պատմությունը կարող է կրկնվել: Հիշեցնենք, որ այն ժամանակ ադրբեջանական կողմը՝ ի դեմս նախագահ Ալիեւի, առանց որեւէ բացատրությունների հրաժարվեց կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները, պաշտոնանկ արեց իր արտգործնախարարին՝ հարցը դարձյալ մտցնելով փակուղի: Այն ժամանակ էլ խոսվում էր հիմնական սկզբունքների շուրջ խաղաղ կարգավորման պայմանավորվածությունների եւ այդ հիմքով համաձայնագրի ստորագրման մասին: Դեսպան Շմիդտը ՀՀ-ի հետագա զարգացման համար «լուրջ մարտահրավեր» է համարում ոչ միայն ղարաբաղյան կոնֆլիկտը, այլ նաեւ հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունները: Նա նաեւ «հուշեց», որ թուրքական հասարակական շրջանակներում քիչ չեն հանդուրժողականության տեսակետից հանդես եկող գործիչները, ովքեր դեմ չէին լինի հայաստանցի գործընկերներ ունենալ: Իսկ հարաբերությունների կարգավորման գործում դեսպանն ակնարկեց, որ կարող են օգնել facebook-ը եւ սոցիալական այլ ցանցերը:

Ի դեպ, հայաստանյան մամուլում լուրեր էին հայտնվել, որ մայիսի 31-ին ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքում դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը եղել է հարթակում՝ ՀՀ առաջին նախագահի կողքին: Նաեւ մեկնաբանություններ էին եղել, որ դեսպանն աջակցում կամ սատարում է ՀԱԿ-ին: Երեկ դեսպանը պարզաբանեց, որ ֆոտոթղթակիցների սրամտության արդյունքում է նա հայտնվել այդ իրավիճակում, ու պարզաբանեց, որ հարթակում գտնվել է մի պատճառով՝ պարզապես ցանկացել է վերեւից, առավել ընդգրկուն տեսադաշտ ունենալով՝ հետեւել հայաստանյան ներքաղաքական զարգացումներին: Նա կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է էական դրական ազդեցություն ունենալ հայ հանրության զարգացման վրա. «Եթե ուշադիր հետեւեք Վրաստանի զարգացմանը, դա մեծամասամբ տեղի է ունենում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների եւ արդյունավետ համագործակցության շնորհիվ: Այդ երկրներն օգտվում են Վրաստանի՝ «կապող օղակ» լինելու հանգամանքից, ինչի արդյունքում բարելավվում է եւ այդ երկրների տնտեսական վիճակը, եւ հասարակությունն է զարգացում ապրում»: Իբրեւ օրինակ նա բերեց նաեւ Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ գործող ազատ առեւտրի մասին համաձայնությունները եւ ասաց, որ խնդիր չի տեսնում, որ հարավկովկասյան մյուս երկրներն էլ իրենց համար նման հնարավորություններ ստեղծեն: ՀՀ-ի զարգացման համատեքստում դեսպանը նկատեց, որ մի առիթով վերջերս Գերմանիայում ինքը ելույթ է ունեցել եւ ասել է, որ Հայաստանում հստակ վիճակագրություն չկա, ինչը, ըստ նրա, հետագա զարգացման համար չափազանց կարեւոր խոչընդոտ է: Հայաստանցի պաշտոնյաների ականջից այս հայտարարությունը չի վրիպել, եւ դեսպան Շմիդտն արժանացել է վերջիններիս սուր քննադատությանը: Հենվելով մամուլի հրապարակումների վրա՝ դեսպանն ասել է, թե Հայաստանի բնակչությունը 2.800 հազար է կազմում, մինչդեռ տեղացի պաշտոնյաները պնդում են, որ այդ թիվը 3.200 հազար է: Նա իր զարմանքը արտահայտեց, թե ինչպե՞ս է ֆինանսների նախարարը կարողանում բյուջե կազմել՝ առանց հստակ վիճակագրության, եւ նկատեց, որ իրենց համար արդեն հասկանալի են «հայկական չարաճճիությունները»՝ վիճակագրական մանիպուլյացիաները քաղաքական դաշտում օգտագործելու մասով, մասնավորաբար, առաջիկա ընտրությունների եւ դրանցում «մեռած հոգիների» դերակատարության առումով: Ու խորհուրդ տվեց իրական կամք ցուցաբերել՝ շրջափակումից դուրս գալու եւ զարգացում ապրելու, քանի որ դա նախեւառաջ մեզ է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել