Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ՏԻՐԱՊԵՏԵԼ ԳՐԱԿԱՆ ՀԱՅԵՐԵՆԻՆ

Հունիս 15,2011 00:00

\"\"«Լեզվի մասին» օրենքում արվել են դրական փոփոխություններ: Մնում է, որ հետեւեն դրանց կատարմանը:

Հունիսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Ազգային ժողովի մայիսի 23-ին ընդունած «Լեզվի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքները: Այս փաթեթը ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի, Արծվիկ Մինասյանի, Արմեն Ռուստամյանի, Հրայր Կարապետյանի, Բագրատ Սարգսյանի եւ Արտյուշ Շահբազյանի օրենսդրական նախաձեռնությունն է, որով մասնավորապես «Լեզվի մասին» օրենքում արվել է հետեւյալ լրացումը. «Հայաստանի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության եւ կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը»: Եթե «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածը սահմանում էր, որ «Պաշտոնատար անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել հայերենին»՝ այժմ արված փոփոխությամբ նրանք պարտավոր են տիրապետել «գրական հայերենին»: Նույն կերպ՝ փոխվել են օրենքի նաեւ այլ դրույթներ եւ այժմ ունեն հետեւյալ տեսքը. «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է: Պաշտոնական խոսքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են ապահովել գրական հայոց լեզվի անաղարտությունը»: Օրենքի 4-րդ հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ՝ ՀՀ պետական մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են «գործավարությունը կատարել գրական հայերենով՝ ապահովելով հայոց լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները»: Սահմանվել է նաեւ, որ հեռուստահաղորդումների ժամանակ պիտի ապահովվի ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը, իսկ գովազդի բոլոր միջոցները պիտի ձեւավորվեն հայերեն:

Գովազդի ընդհանուր պահանջները խախտելու համար սահմանվել է պատասխանատվություն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով: Նաեւ կրկնապատկվել կամ եռապատկվել են այդ օրենսգրքով նախատեսված տուգանքները հետեւյալի համար՝ Հայաստանի ուսումնական հաստատություններում առարկաների հայերեն դասավանդումը կամ հայոց լեզվի ընդունելության քննությունը չապահովելը, «ՀՀ պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, ձեւաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները եւ գովազդները ոչ հայերեն ձեւավորելը», «Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելը եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող ՀՀ քաղաքացիների հայերենին չտիրապետելը»: Սահմանված տուգանքներն այժմ 100 հազարից մինչեւ 350 հազար են:

Նախաձեռնության համահեղինակներից մեկը՝ Լիլիթ Գալստյանը մեր զրույցի ընթացքում հիշեցրեց. «Մենք «Գովազդի մասին» օրենքում ունեինք ամրագրում, որ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Բայց աջուձախ խեղումները սարսափելի էին՝ միայն Երեւանի Կենտրոն համայնքում ունենք 500 օրինակներ ցուցադրական վահանակների, որտեղ միայն օտար լեզվով գովազդ է: Հանրային եւ այլ հեռուստաընկերություններով հաղորդվում է նաեւ օտարալեզու գովազդ, ինչն օրենքի խախտում է»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե օրենքով տուգանքներ նախատեսվել են նաեւ նախկինում, սակայն չենք հիշում, թե ինչ-որ պաշտոնյայի թեկուզ փոքր չափով տուգանած լինեն հայերենին չտիրապետելու համար՝ Լիլիթ Գալստյանը հիշեցրեց, թե այս ամենի իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեզվի պետական տեսչությունը. «Ես կարծում եմ՝ շատ լուրջ օրենսդրական փոփոխություն է մեր նախաձեռնությունը՝ հայերենի պաշտպանության իմաստով: Բայց իրոք շատ լուրջ հարց է, որ եթե օրենքը կա ու չի գործում՝ ուրեմն, ոչ մի արժեք չունի: «Ֆեյսբուքում» երբ տեղեկացել էին այս նախաձեռնության մասին՝ մեկը գրել էր, թե իզուր ես պայքարում՝ սրանք անհայրենիք մարդիկ են: Ես չեմ ցանկանում նման բան բարձրաձայնել: Բայց հիշեցնում եմ՝ լեզուն մեր սկիզբն է, մեր Հայրենիքը, մեր ինքնությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել