Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԶԱՆՔԸ՝ 300 ԴՐԱՄ

Հունիս 14,2011 00:00

Օդի՞, թե՞ գազի փող՝ փուչիկների համար

\"\"Օրերս Հյուսիսային պողոտան վերածվել էր «փուչիկանոցի»: Անցորդներից գրեթե բոլորի ձեռքին փուչիկ կար, առիթը «Բալուն ֆիեստան» էր, այսինքն՝ փուչիկների ֆիեստան:
Այդ օրը երազող եւ երազանքներին հավատացող յուրաքանչյուր երիտասարդ գտնվում էր Հյուսիսային պողոտայում. նրանք գունավոր փուչիկների վրա գրեցին իրենց նվիրական երազանքներն ու դրանք երկինք բաց թողեցին:
\"\"Միջոցառումը համախմբել էր ավելի քան 5000 ուսանողի՝ Հայաստանի պետական եւ ոչ պետական բուհերից:
Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ «Tapelo.com» երիտասարդական կազմակերպությանն էր: Սակայն երբ առանձին-առանձին հետաքրքրվում էինք միջոցառումից, թե՛ Երիտասարդական հիմնադրամը եւ թե՛ «Tapelo.com» կազմակերպությունը նշում էին, որ կազմակերպիչները միայն իրենք են: Այսպես, օրինակ՝ «Tapelo.com»-ի հիմնադիր Էլմիրա Ալեքսանյանն ասաց. «Նախաձեռնությունը մերն է, եւ սա մեր առաջին միջոցառումը չէ: Մենք նախկինում էլ իրականացրել ենք երեք ֆլեշ, այդ թվում եւ փրփուրների ֆիեստան: Ոչնչին չենք նվիրում այս միջոցառումը, ուղղակի որոշել ենք օգնել մեր հասակակիցներին՝ երազանքներն իրականացնելու հարցում. դրանք գրելու ենք փուչիկի վրա եւ երկինք բաց թողնենք՝ հավատալով, որ այնտեղ մի տեղ կհասնի ամեն մեկիս երազանքն ու կիրականանա: Նման միջոցառումները երիտասարդության կողմից մեծ արձագանքի են արժանանում եւ ամեն անգամ միջոցառումների մասնակիցներն ավելանում են»:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն էլ իր հերթին հայտարարեց, որ միջոցառման կազմակերպիչը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն է:
Կ. Ավագյանի խոսքով՝ «Սա աշխարհում ընդունված միջոցառում է, եւ մենք էլ փորձում ենք այնպես անել, որ աշխարհին համահունչ քայլի մեր երիտասարդությունը: Փուչիկային միջոցառումն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում: Գաղափարը՝ երիտասարդությանը համախմբելն է եւ նրանց ելույթ ունենալու հնարավորություն տալը: Երազանքներ երկինք ուղարկելուց բացի, տեղի է ունենալու նաեւ համերգային ծրագիր՝ բուհերի ուսանողների կատարումներով, \"\"ընտրվելու են լավագույն երգիչներ, կատարումներ, վերջում նաեւ մրցանակաբաշխություն է լինելու»:
Ինչ վերաբերում է երազանքներին, պարզվում է՝ մեր երիտասարդները ոչ թե երազում են շքեղ ավտոմեքենաներ կամ թանկարժեք բջջայիններ \"\"ունենալու մասին, ինչպես կարծում են ավագ սերնդի ներկայացուցիչները, այլ ավելի գլոբալ բաների մասին՝ բուհ ընդունվելուց մինչեւ երկրի խաղաղություն:
Օրինակ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանող Միլենա Բաջյանը երազում է, որ երիտասարդությունն ավելի ուրախ եւ պոզիտիվ լինի. «Ուզում եմ, որ բոլորս հանգիստ ապրենք: Անձնական երազանք, բնական է՝ ունեմ, բայց մի փուչիկ եմ երկինք բաց թողնելու միայն մի երազանքով՝ այն է, որ բոլորս երջանիկ ու առողջ լինենք»:
Անահիտ Ռաֆյանն էլ իր երազանքը «նվիրել» է մանուկներին. «Ես արդեն գրել եմ իմ երազանքը, դա՝ բոլոր երեխաներին առողջ տեսնելու իմ ցանկությունն է: Նրանք մեր երկրի ապագան են եւ մեր ուրախությունը»:
ԵՊՀ ուսանող, ապագա լրագրող Յուրան էլ ուզում է, որ աշխարհում խաղաղություն լինի. «Եթե ամեն մեկն իր մեջ երազի խաղաղության մասին, մենք այն կունենանք: Հաստատ վերեւներում մի տեղ կհասնի մեր ցանկությունն ու Աստված մեզ մեր ուզած խաղաղությունը կտա: Դրանից կարեւոր բան չկա»:
Պարզում է, մեր երիտասարդների համար սովորելն էլ է երազանք: «Բալուն ֆիեստայի» մասնակից Նելլին պատմեց, որ իր նվիրական երազանքը, որը գրել է, սովորելն է. «Ժամանակին ընդունվել էի բուհ, բայց կիսատ թողեցի, հիմա ուզում եմ կրկին ընդունվել եւ անպայման կրթություն ստանալ»:
Երիտասարդների երազանքներին ծանոթանալիս զարմանալի փաստ նկատվեց. նրանցից գրեթե ոչ մեկը սիրո հետ կապված երազանք չուներ. մի՞թե նրանք վախենում էին, որ երկնքում ինչ-\"\"որ մեկը կիմանա իրենց սիրո մասին…
Մեզ հետ զրույցում միայն Քրիստինեն խոստովանեց, որ երազում է երջանիկ սիրո մասին. «Ինձ համար կյանքում ամենակարեւորն անձնական երջանկությունն է, մնացածն ամեն ինչ ձեռբքերովի է: Երազանքս իմ սիրած էակի հետ երջանիկ լինելն է: Եկել եմ երազանքս երկինք ուղարկելու, որովհետեւ հավատում եմ երկնքի մոգությանը»:
Մինչ երիտասարդները կպահեին իրենց երազանքները, բեմահարթակի ետնամասից մեկն անընդհատ գազով փչած փուչիկներ էր բերում եւ բաժանում միջոցառման մասնակիցներին: Քիչ անց փուչիկների մոտ հերթ գոյացավ: Պարզվեց, փուչիկները ոչ թե բաժանում էին, այլ վաճառում մասնակիցներին՝ 300 դրամով:
Միջոցառման մասնակիցներից Էդգարը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ նախապես իրենց զգուշացվել է՝ «հանկարծ փուչիկներ չբերել»: «Սրա համա՞ր էին մեզ հայտարարել, որ այստեղ մեր վրա բիզնե՞ս անեին: Ով է տեսել 300 դրամով փուչիկ ծախեն, էլ գիտեն ինչպես փող աշխատեն»,- զայրացած ասաց մեր զրուցակիցը:
«Tapelo.com»-ի ներկայացուցիչները չխոստովանեցին, որ փուչիկներն իրենք են վաճառում, ապա արդարացան, որ դրանք հատուկ գազով փուչիկներ են, դրա համար էլ վաճառվում է:
Կ. Ավագյանն էլ զարմացավ՝ իմանալով փուչիկների վաճառքի մասին. «Փուչիկները չեն վաճառվում, ո՞վ է ասել… մենք ինքներս անսահմանափակ բերել ենք եւ անվճար բաժանում ենք: Եթե այստեղ փուչիկները վաճառում են, ուրեմն դա այլ կազմակերպության է պատկանում»:
Միջոցառումը մի քանի ժամ ձգձգվեց՝ փուչիկների վաճառքի պատճառով. վաճառողը չէր հասցնում վերադարձնել մանրադրամները, ինչի պատճառով մեծ հերթ էր գոյացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել