Լրահոս
Օրվա լրահոսը

Ետնապահներն իրենց շտկումներն են մտցնում

Հունիս 14,2011 00:00

\"\"Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրն ավելի քան կանխատեսելի էր թվում: Ընդգծված առաջատարները հանդիպելու էին ընդգծված ետնապահների հետ:
Սակայն հայտնի ճշմարտություն է. ֆուտբոլում գուշակություններ անելն ամենաանշնորհակալ գործերից է: Ու ասվածի ճշմարտացիությունը մեկ անգամ եւս ապացուցեց բարձրագույն խմբի առաջնության հերթական՝ 12-րդ տուրը, այն էլ՝ խաղային երկու օրերի ընթացքում:
Իջեւանի «Արնար» ստադիոնում այս մրցաշրջանում դաշտի տերի կարգավիճակում հանդես եկող Գյումրիի «Շիրակը» 2:0 հաշվով հաղթանակ տոնեց Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ: Գյումրեցիներն այս խաղին ներկայացել էին կորուստներով. Տիագո Լոպեսը վերադարձավ Բրազիլիա, Արտակ Օսեյանն ավարտեց գործող ֆուտբոլիստի կարիերան, թիմից հեռացավ Հովհաննես Գրիգորյանը: Սակայն Սամվել Պետրոսյանի թիմի «կորուստները», փաստորեն, այն չէին հավաքականների հանդիպումներից հոգնած փյունիկցիների հետ մրցակցությունում: Ուստի՝ 2:0, եւ գործող չեմպիոնը ոչ միայն բաց թողեց մրցաշարային աղյուսակը գլխավորելու հնարավորությունը, այլեւ էապես ետ մնաց նոր առաջատար «Գանձասարից», ու արդեն մրցաշարային աղյուսակում նրան հաջորդող «Ուլիսից»:
Նախկին միանձնյա առաջատարը 12-րդ տուրում ուժերը չափեց առաջնության ընդգծված ետնապահ «Արարատի» հետ ու չկարողացավ կոտրել վերջինիս դիմադրությունը: Ու չնայած «Ուլիսն» առաջինը գոլի հեղինակ դարձավ՝ 16-րդ րոպեին Դավիթ Գրիգորյանի կատարած հարվածի շնորհիվ, սակայն 44-րդ րոպեին արարատցի Վաչագան Կարապետյանը հավասարեցրեց խաղի հաշիվը: Առաջին խաղակեսի ավարտին գրանցված 1:1 հաշիվն այդպես էլ փոփոխության չենթարկվեց, ու Արզումանյանի սաները կորցրին այդքան կարեւոր երկու միավոր: Հենց այդ երկու միավորից էլ օգտվեց «Գանձասարը»: Կապանցիները տուրի կենտրոնական խաղում «Միկա» մարզադաշտում հանդիպման վերջին վայրկյաններին խփած միակ գնդակի շնորհիվ հաղթանակ տոնեցին՝ միավորների քանակը հասցնելով 25-ի:
Ի դեպ, ետնապահներից «Բանանցը» 12-րդ տուրում նույնպես հաճելի անակնկալ մատուցեց՝ հաղթանակ տոնելով «Իմպուլսի» նկատմամբ՝ 2:1 հաշվով:
Իհարկե, Ռաֆայել Նազարյանի թիմի համար այս հաղթանակով էապես ոչինչ չփոխվեց: Սակայն խաղի առաջընթացը նկատվում է եւ, ամենակարեւորը, անդրադառնալով նաեւ արդյունավետության վրա: Իսկ դա նշանակում է, որ ոչ միայն առաջնությունն ավելի հետաքրքիր դառնալու միտում կունենա, այլեւ՝ փոխչեմպիոնը քիչ թե շատ ավելի բարվոք վիճակում կմոտենա Եվրոպայի լիգայի որակավորման փուլի հանդիպումներին, որոնք արդեն սարի ետեւում չեն: Ի դեպ, մինչ մրցաշրջանի ավարտը, «Բանանցի» կազմում վարձավճարի հիմունքներով հանդես կգա Հայաստանի հավաքականի ու իրանական «Պասի» ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը: Հավանաբար, Եդիգարյանը «Բանանցի» միակ ու վերջին համալրումը չէ եվրալիգայի խաղարկությունից առաջ: Մեզ էլ մնում է հուսալ, որ այդ մրցաշարում Ռաֆայել Նազարյանի թիմը շատ ավելի որակով ֆուտբոլ կցուցադրի, քան մինչ այսօր ներքին առաջնությունում:
Մրցաշարային աղյուսակ
(12-րդ տուրից հետո)
1. Գանձասար 12 7 4 1 17-6 25
2. Ուլիս 12 7 3 2 17-9 24
3. Փյունիկ 12 6 3 3 20-14 21
4. Իմպուլս 12 5 2 5 16-15 17
5. Միկա 12 4 3 5 13-12 15
6. Շիրակ 12 3 3 6 10-14 12
7. Բանանց 12 2 5 5 14-19 11
8. Արարատ 12 1 3 8 8-26 6

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել