Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆայտոնն էլ չկա

Հունիս 14,2011 00:00

Կարոտ՝ Գյումրիի նախկին նկարագրի հանդեպ

\"\"

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում օրերս կայացավ «Ֆայտոն Ալեքը» լիրիկական կատակերգության պրեմիերան՝ ըստ Խաչիկ Դաշտենցի համանուն պոեմի: Բեմադրությունը եւ նկարչական ձեւավորումը  Հակոբ Ղազանչյանինն են, պիեսի հեղինակն է դրամատուրգ Ռոբերտ Քոչարյանը: Դաշտենցյան այս ներկայացումը նվիրվում է ականավոր բանաստեղծ, վիպասան եւ թարգմանիչ Խաչիկ Դաշտենցի ծննդյան 100-ամյակին: «Ֆայտոն Ալեքը» ներկայացման մեջ հին ու նոր, վերափոխված Գյումրին է: Քաղաքում հայտնի Ֆայտոն Ալեքին մարմնավորում է Գյումրիի թատրոնի դերասան Սամվել Գրիգորյանը: Նա այս ներկայացմամբ մեկ տասնամյակից ավելի դադարից հետո կրկին բեմ է վերադառնում: Դերակատարների մեծ մասը հրավիրված է Գյումրիից: Բեմադրությունը կենդանի նվագակցությամբ էր, բեմի վրա նվագում էր թատրոնի նվագախումբը: «Ներկայացումն այն մասին է, թե ինչպես Գյումրին կորցրեց ֆայտոնը, իսկ դա այն ոգեղեն կառուցվածքն է, որը Շիրակ աշխարհի ուղնուծուծն է: Շատ կուզենայի, որ ֆայտոնի զանգուլակների զնգոցը Գյումրիում վերականգնվեր: Թե՛ Կնութ Վարդանը, թե՛ Ֆայտոն Ալեքը, թե՛ մյուսները, որ Գյումրիում հարգված, պատվավոր մարդիկ են եղել, հետո կամաց-կամաց անցան 2-րդ, 3-րդ պլան: Ավելի ուշ նրանց մոռացան ու աննկատ թաղեցին: Սա  Գյումրիի համար կարեւորագույն խնդիր է: Իհարկե, շենքեր կառուցվում են, բայց պայմանականորեն, առանց ֆայտոնի՝ Գյումրին Գյումրի չի լինի»,- ներկայացման մասին ասում է Հ. Ղազանչյանը: Նա տեղեկացրեց, որ այս բեմադրությունը շուտով կներկայացվի նաեւ գյումրեցի հանդիսատեսին: Ֆայտոն Ալեքի դերակատար Սամվել Գրիգորյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ երկար դադարից հետո բեմում երեխայի նման հուզվել էր: Նրա մեկնաբանմամբ՝ «Ներկայացումը մարդասիրության, օջախասիրության, ադաթի մասին է, մարդիկ, որոնք տեսակ են ներկայացրել եւ քաղաքի գույնն են եղել: Այս ներկայացումը թանկ է՝ գյումրվա հոտի համար: Գյումրին հիմա մի քիչ մռայլված է, գլուխներս կախել ենք: Կուզենայի, որ գյումրեցիների մեջքն ուղղվեր, բայց այդ փլված շենքերը, 4000 ընտանիքները, որ դեռ տնակներում են, կուզեի, որ այդ մարդկանց հոգու շինությունը շուտափույթ վերականգնվի»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել