Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԱՅՆԻ ՁԱՅՆԸ

Հունիս 14,2011 00:00

Լռության լռության միջից

Մարդը ապրել է ու գրել: Իր
դեպքում մարդը գրել է ու՝ ապրել:
Հետո հեռացել է: Դեռ չի վերադարձել:
Որովհետեւ չգիտեր, որ իրեն սպասում են:
Որովհետեւ այլեւս հետաքրքիր չէր վերադառնալ ելման կետ:
Որովհետեւ երբեմն վերադառնալն անհնար է:
Վերադարձի տասնյակ տարբերակներ կան: Եվ որովհետեւ կյանքում ոչինչ պատահաբար չի լինում, ուրեմն՝ մարդը վերադարձել է: Բանաստեղծություններով: Բառերով, որ մասն են իր էության: Իսկ գուցե էությունը:
Ժամանակը: Ամենաբարդը միշտ ժամանակն է: Բանաստեղծությունները գրվել են անցյալ դարի ու նույնիսկ անցյալ հազարամյակի 60-ական թվականներին, հրապարակվում են 21-րդ դարի 10-ական թվականներին: Կես դար հետո տպագրությունը մեծագույն փորձություն է բանաստեղծության ու բանաստեղծի համար: Սովորաբար: Դիմանում են քչերը: Սերունդ է փոխվում եւ յուրաքանչյուր հաջորդ սերունդ նախ միամտաբար կարծում է, որ նախորդներին հերքելով պիտի հարթի սեփական ճանապարհը, հետո տարիքի հետ գիտակցում է արժեքի արժեքը, ի վերջո՝ հաշտվում: Սովորաբար: Լինում են բացառություններ: Լինում են հերքումներ: Լինում են անակնկալներ: Բայց ոչ պատահաբար: Օրինաչափորեն: Անհրաժեշտորեն: Հենց նրանք են առաջ տանում ժամանակը, նրանք են շարունակում ավանդույթը՝ չափանիշի նոր չափանիշ հաստատելով ու պարզապես բառը ԲԱՌ դարձնելով:
Ռաֆայել Բազիկյանի անունը հայտնի է շատ քչերին: Հիմնականում նրանց, ովքեր 60-ականներին ճանաչել են նրան: «Տիեզերական» գրքի 178 էջերով Ռաֆայել Բազիկյանի անունը հետայսու զուգորդվելու է բարձրագույն պոեզիայի հետ, որի չափանիշի չափանիշը երբեք չի փոխվում՝ պոեզիա կամ կա, կամ չկա: Ժամանակը այս պարագայում ոչինչ չի նշանակում: Ժամանակը այս պարագայում սկսում է ընդամենը անվանվել այդ պոեզիան բառավորողների անունով: Բաց նյարդ, որ երբեք չգիտես՝ իրեն ինչպես կպահի: Դու երբեք չգիտես՝ որն է լինելու հաջորդ բառը, բայց միեւնույն ժամանակ դու զգում ես, որ այդ ձայնը գալիս է քո ներսից: Իսկ ձայնի ձայնը բացվում է լռության լռության մեջ: Լռության մեջ, որ ընդհանուր ոչինչ չունի աղմուկի բացակայության հետ: Ժամանակն ու մարդը միշտ են գրականության հիմնաթեմա եղել: Բոլոր գրականությունների համար: Այսպես.
Ոչ երկրագունդն էր ցրվել
օդի մեջ,
Եվ ոչ էլ կյանքը մոխրացել,
չկար.
Կյանքի աղմուկը լսվում էր
անվերջ,
Եվ միայն չկար, չկար
ապագան:
Ապրում էր երկրագունդը
հարյուր դար հետո,
Ինչպես ապրել էր հարյուր դար
առաջ,
Եվ վազքը նրա ամուլ ու անթով
Չէր ծնել գալիքը մեր այն
երազած:
Եվ սուտ էր արդեն երազը
գալիքի,
Եվ ոչ ոք, ոչ ոք չէր մղվում
առաջ,
Ու նայում էին անցյալի խորքից
Ոգիներ – դարերի հեգնանքը
չըմբռնած…
Տեսա՞ք ձեզ:
Անհավասար են, շատ անհավասար են տարիների միջից հնչող այս բանաստեղծությունները: Բառերը պայթում են, բառերը շոյում են, բառերը մնում են բառեր: Երբեմն թվում է բանալին ձեռքիդ՝ կոտրում ես բաց դուռը, երբեմն դուռ ես հնարում, երբեմն պարսպապատում ես դուռը, բայց միշտ՝ դուռը բացվում է եւ ներսում պոեզիան է:
Բնականորեն՝ գիրքը չունի սկիզբ ու չունի ավարտ: Ընթացք է: Պատրաստ ես, թե անպատրաստ՝ դու հայտնվում ես մի ընթացքի մեջ, որ ինքն անվերջությունն է՝ բառի, հույզի, մտքի: Հախուռն ու պրագմատիկ: Ներհակություն, որ գրավում է, որ քիմքիդ թողնում է մինչեւ վերջ անբացատրելիի համը, դու փորձում ես հասկանալ, իսկ պատկերը տիեզերական է՝ ի դեմս քո եզերք ունեցող մտածողության կամ հիշողության: Եթե հնարավոր է ապագայի հիշողությունն ապրել, այս գիրքը անցյալի մոռացությունն է բառերով: Տիեզերական անցյալի, երբ մարդը նոր էր Երկիր մոլորակը գտել ու փորձում էր բնակվել: Յուրաքանչյուր երկրորդ բառը արեւ է, լուսին ու աստղ… Հրաշալի գտնված անվանում՝ Տիեզերական: Ածական: Գոյականն այս պարագայում իրեն չէր գտնելու, որովհետեւ այն, ինչ Տիեզերք է, հեղինակը իր հետ է տարել եւ թողել է այն, ինչ Տիեզերական է, բայց դեռ Տիեզերքը չէ:
Ապրել է մարդը, որ գրել է բանաստեղծություններ, հետո անհետացել է:
Անցյալ դարի 60-ական թվականներին: Նույնիսկ անցյալ հազարամյակի:
Ի՞նչ իմաստ ունի տպագրել այն, ինչ գրվել է անցյալ դարում:
Չունի, իհարկե, իմաստ չունի, եթե հարցին պատասխանում ենք օրվա միագիծ, միտակ ու սրտխառնոցի չափ ցինիկ պրագմատիզմի տեսակետից: Չունի, եթե մեզ ընտելացնում են ապրել սոսկ ոտքի տակ նայելով, որտեղ երկինքը կարող ես տեսնել հազվադեպ՝ միայն ջրափոսի մեջ՝ աղճատված ու ցեխոտ: Չունի, եթե որոշել ենք այդպես էլ շարունակել, որովհետեւ երկնքից ու տիեզերքից, պոեզիայից ու հրաշքից ի՞նչ օգուտ, գները չեն իջնում, արտագաղթը չի կանխվում, ընտրությունները, մեկ է, կեղծվում են, ու ընդհանրապես՝ երկիրը երկիր չէ: Իսկ գուցե մե՞նք մենք չենք: Եվ՝ մենք մենք չենք, որովհետեւ դադարել ենք տիեզերական լինել, որովհետեւ դադարել ենք պոեզիայի կենսական անհրաժեշտությունն զգալ, որովհետեւ ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ վտարել ենք մեր միջից…

Հ.Գ. Ռաֆայել Բազիկյանին կյանք է վերադարձրել նրա զարմուհին՝ լրագրող Մարգարիտ Եսայանը, եւ այս դեպքում հիմնականը եղել են ոչ ազգակցական զգացումները, այլ՝ բառերից հետո շարունակվող բանաստեղծության ընկալումը եւ այդ ընկալումը բոլորին փոխանցելու մարդկային ցանկությունը:
Հետո՞: Կգտնվեն ու կտպագրվեն Ռաֆայել Բազիկյանի այլ ստեղծագործություններ: Կամ՝ չեն գտնվի: Դա չէ կարեւորը, այլ այն, որ Լռության լռության միջից արդեն հնչել է Ձայնի ձայնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել