Լրահոս
Օրվա լրահոսը

ԷՐԴՈՂԱՆԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵՑ ԵՐԵՔ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ

Հունիս 14,2011 00:00

\"\"Կիրակի լույս երկուշաբթի գիշերը, երրորդ անգամ վերջին 9 տարիների ընթացքում, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դուրս եկավ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության Անկարայում գտնվող կենտրոնակայանի պատշգամբ՝ շնորհակալություն հայտնելու իր եւ իր կուսակցության օգտին քվեարկած թուրք ընտրողներին:
Իր կուսակցության երրորդ անընդմեջ հաղթանակը Թուրքիայի վարչապետը համարել է ողջ երկրինը: «Սիրելի ժողովուրդ, սիրելի եղբայրներ ու բարեկամներ: Այս հաղթանակը միայն մեր կուսակցության հաղթանակը չէ, սա ժողովրդի հաղթանակն է։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ ավազակախմբերի Թուրքիան անցյալում է: Մենք պատրաստ ենք երկխոսության մեջ մտնել քաղաքական բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ՝ նոր, ազատական սահմանադրություն ընդունելու նպատակով»,- հայտարարել է Էրդողանը:
Ու թեեւ իսլամիստները համոզիչ հաղթանակ են տոնում՝ ստանալով քվեների 49 տոկոսը, այնուհանդերձ, Ազգային մեծ ժողովում նրանց մանդատները բավարար չեն առանց հանրաքվեի նոր սահմանադրություն ընդունելու համար:
«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից հետո ամենամեծ խմբակցությունն է ունենալու ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը: Եթե Աթաթուրքի կողմից հիմնադրված կուսակցությունը 2007 թվականին մոտ 19 տոկոս ձայն էր ստացել, ապա այս ընտրություններին աշխարհիկ ընդդիմության օգտին ձայն է տվել ընտրազանգվածի ավելի քան մեկ քառորդը:
«Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ստացել է մոտ երեքուկես միլիոն քվե: 1980 թվականի հեղաշրջումից ի վեր մեր կուսակցությունը նման բարձր ցուցանիշ չէր արձանագրել», – հայտարարել է կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն՝ նշելով, որ «այժմ Էրդողանի կուսակցությանը դիմակայում է անհամեմատ ավելի ուժեղ ընդդիմություն՝ ի դեմս Ժողովրդա-հանրապետականի»:
Խորհրդարան են անցել նաեւ ազգայնականները՝ ձայների մոտ 13 տոկոս ցուցանիշով: «Ազգայնական շարժում» կուսակցության ցուցակով Կայսերիից պատգամավոր է ընտրվել պատմաբան, Հայոց ցեղասպանության ժխտման գաղափարախոսը համարվող Յուսուֆ Հալաչօղլուն:
Ազգային մեծ ժողովում ներկայացված է լինելու նաեւ քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը։ Քրդերը կարողացան ոչ միայն հասնել իրենց նվազագույն ծրագրին՝ 30 պատգամավոր ունենալուն, այլեւ գերակատարեցին այն. հաջորդ գումարման խորհրդարանում քրդական խմբակցության կազմում 35 պատգամավոր է լինելու:
Ստամբուլահայերի մեծամասնությունը հունիսի 12-ի ընտրություններում գերադասում էր քվեարկել իշխող իսլամիստների՝ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օգտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել