Լրահոս
Օրվա լրահոսը

Կրիմինալից մինչեւ «Քենդլ»

Հունիս 14,2011 00:00

Կամ՝ գիտաավերիչ գործունեության հետեւանքները

Օրերս Հանրային խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել են հանրապետությունում գիտության ներկա ճգնաժամային վիճակի պատճառները: Նիստին մասնակցել է նաեւ ԿԳՆ Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը, ում նկատառումները կներկայացնենք կրճատումներով: «Ակնհայտ է, որ եթե ԳՊԿ-ի չկայացած գիտնական նախագահը կարող է չորս տարիների ընթացքում հանրապետության գիտության բնագավառը ամբողջովին տեղափոխել կրիմինալ դաշտ, ապա դա արդյունք է գործող գիտավարչական համակարգի հետամնացության եւ իշխանությունների կողմից տարվող արատավոր կադրային քաղաքականության: Այլապես ԳՊԿ նախագահը չէր համարձակվի անարգելք, գիտության հետ լուրջ կապ չունեցող իր օգնականի՝ Նաիրա Այվազյանի (տես www edu.am) համար ապահովել ԵՊՀ-ում ANSEF-ի դրամաշնորհ, ՀՀ պետբյուջեի հաշվին նրան թեմայի ղեկավար կարգել ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում, որտեղ նա երբեք չի աշխատել, իսկ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում նրան  վարձատրել որպես իր կողմից հորինված նոր կենտրոնի տնօրեն։ Չբավարարվելով այսքանով, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի ղեկավարը պետբյուջեի հաշվին նրան պարբերաբար տրամադրում է արտասահմանյան գործուղման ծախսեր, իբրեւ ՀՀ կենսաֆիզիկայի ընկերության ներկայացուցիչ… ԳՊԿ նախագահի եւս մեկ ճչացող անօրինականության եւ մաֆիական գործելաոճի բացահայտ օրինակ: Պարոն Սամվել Հարությունյանը իր ինժեներական կրթությամբ ընկերոջը՝ Վասիլի Ցականովին, դարձրել է ԵՊՀ-ի միջուկային ֆիզիկայի ամբիոնի վարիչ (չլսված զավեշտ), եւ ապակողմնորոշելով ՀՀ կառավարությանը, հանրապետությունում գործող վեց ֆիզիկայի ինստիտուտների առկայության պարագայում կազմակերպել է իբր նոր ինստիտուտ՝ «ՔԵՆԴԼ» կեղծ անվան տակ, նրա դատարկ շենքին հատկացնելով հսկայական պետական եւ դրամաշնորհային միջոցներ: Զարմանալի է, որ ՀՀ կառավարությունը կատարում է ԳՊԿ-ի նախագահի այդ կամայականությունները, նույնիսկ անտեսելով ՀՀ ԳԱԱ նախագահության, Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի եւ հանրապետության առաջատար գիտնականների եւ տողերիս հեղինակ կենսաֆիզիկոսի կարծիքները: Ակամայից հարց է առաջանում մեր կառավարությանը՝ թե ո՞ր փորձագետների կարծիքներով է հիմնավորված այդ թանկարժեք նախագիծը, եթե երկրի առաջատար մասնագետները նպատակահարմար չեն գտնում կիսավեր գիտության պայմաններում՝ հանրապետությունում երկրորդ արագացուցչի ստեղծումը: Արդյո՞ք իր գիտնականին հիսուն հազար դրամ վճարող մեր կառավարությանը հայտնի է, թե նման արագացուցիչի միայն սպասարկման համար ինչ ծավալների ծախսեր են պահանջվում, եթե նույնիսկ գտնվի արտերկրի մի խելագար բարերար, որ նման արագացուցիչի կառուցումը ֆինանսավորի Հայաստանում: Արդյո՞ք մեր կառավարությունը հետաքրքրվել է, թե այդ «ՔԵՆԴԼ»-ի անվան տակ ԱՄՆ-ից ստացված $500,000-ը եւ ՀՀ բյուջեից ստացվող ահռելի գումարները ինչ նպատակով են ծախսվել եւ ծախսվում: Արդյո՞ք ուսումնասիրվել է ծրագրվող արագացուցիչի նախատիպ հանդիսացող միջազգային «ՍԵԶԱՄ» նախագծի փորձը։ Նշեմ, որ Ճապոնիայում գործող Spring-8 ժամանակակից արագացուցիչի միայն սպասարկման համար 2009 թ. ծախսվել է 8,664 միլիարդ ճապոնական իեն: Արդյո՞ք ՀՀ կառավարությունը կարող է այդ նպատակով տարեկան նման գումար տրամադրել, երբ ի վիճակի չէ ապահովելու իր գիտնականի համար նվազագույն զամբյուղի աշխատավարձ: Իսկ եթե նույնիսկ կարողանա, ապա ինչպիսի շահույթ է սպասում ստանալ, այն դեպքում, որ հարեւան երկրները արդեն պայմանագրեր են կնքել Հորդանանի «ՍԵԶԱՄ» նախագծով կառուցվող արագացուցիչի հետ եւ oգտագործման համար տարեկան կմուծեն $50.000 անդամավճար»,- գրում է Ս. Հայրապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել