Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԵՐՄՈՑԱՅԻՆ» ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՎ «ՓԱՅԼՈՒՆ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Հունիս 14,2011 00:00

\"\"Կամ՝ ինչպես բարձրացնել քննաշրջանի արդյունավետությունը

Փորձը ցույց է տալիս, որ մեր իրականությունում բարձր գնահատական ստանալու մոլուցքով տառապող ուսանողը առավելապես հետաքրքրված է քննաշրջանի արդյունքներով, քան կրթական ծառայությունների որակով: Բազմիցս զրուցել եմ գերազանցիկ ուսանողների հետ, որոնց բախտ է վիճակվել ուսումը շարունակելու արտասահմանում եւ միշտ էլ նրանցից տեղեկացվել եմ, որ արեւմուտքում քննաշրջանին ներակայացվող պահանջները կտրուկ տարբերվում են մեր իրականությունից, քանի որ այնտեղ սովորողի խնդիրը ոչ թե բարձր գնահատականի ձեռքբերումն է, այլ մասնագիտական հմտության եւ ձեռք բերված գիտելիքի նկատմամբ պահանջվող նվազագույնի հաղթահարումը, որն առավել դժվար հասանելի է, սակայն չափազանց արդյունավետ է մասնագետի ձեւավորման առումով: Իսկ արդյո՞ք նման սկզբունքով է կազմակերպվում քննաշրջանը հայրենական բուհերում: Միանգամից կարող եք տարակուսել այդ հարցադրման շուրջ, քանի որ հանրապետությունում դեռեւս արդյունավետ չեն գործում մասնագիտական կրթության պետական չափորոշիչները, որոնք սահմանում են մասնագետի պատրաստման նվազագույն պահանջները: Եվ ստացվում է այնպես, որ գերազանցիկ ուսանողը ամենեւին էլ կարող է գերազանց չտիրապետել իր մասնագիտական կարողություններին, որովհետեւ գնահատվել է զուտ դասախոսի սուբյեկտիվ նկատառումներով: Նման իրավիճակում քննաշրջանի գնահատականները իրենց որակական հատկանիշներով կարող են համարժեք եւ համեմատելի չլինել ոչ միայն տարբեր բուհերում, այլեւ նույնիսկ ներամբիոնական միջավայրում, քանի որ դրանց ձեւավորումը մեծապես կախվածության մեջ է գտնվում դասախոսի «խստապահանջության» աստիճանից եւ ոչ թե մասնագիտական պետական կրթական չափորոշիչներից, որոնք, ի դեպ, դեռեւս իրավական ուժ չեն ստացել մեր հանրապետությունում: Եվ չի բացառվում, որ խստապահանջ դասախոսի կողմից քննական ցածր գնահատականը կարող է իր որակական հատկանիշներով էապես գերազանցել անբարեխիղճ դասախոսի բարձր գնահատականին:  
Բուհերում կազմակերպվող քննաշրջանները ուսումնառության ամենաթեժ հատված են ընդգրկում, որը, մեր կարծիքով, առավելագույնս պետք է բեռնաթափվի: Գործնականում լայն կիրառում են ստացել միջանկյալ քննությունները, որոնք կիսամյակի ընթացքում հանձնելով, ուսանողը կարող էր եւ չմասնակցել վերջնական քննաշրջանին եւ դրանով իսկ մեղմել քննաշրջանային լարվածությունը: Բայց, չգիտես ինչու, շատ դեպքերում դեռեւս իներցիոն ուժով պահպանվում է քննաշրջանի ընթացքում մատուցված ամբողջական նյութի պահանջը, եւ արդյունքում ուսանողը կարծես կրկնում է մեկ կամ երկու ամիս առաջ արդեն իսկ հանձնած քննությունը, որը, համաձայնեք, ավելորդ ծանրաբեռնվածություն է եւ պարզապես գցում է քննաշրջանի արդյունավետությունը:
Քննաշրջանի արդյունավետության բարձրացման առումով եւս մի կարեւոր հանգամանք եմ ուզում նշել, որը կապված է «վոլեյբոլի» սկզբունքով քննությունների կազմակերպման հետ: Հիմնականում դասախոսները բարձր են գնահատում այն ուսանողներին, որոնք մատուցված նյութը քննության ժամանակ ներկայացնում են ճիշտ այնպես, ինչպես որ կիսամյակի ընթացքում ստացել էին դասախոսից: Ցավոք, քննաշրջանի ընթացքում իսպառ վերանում է ուսանողական ստեղծագործական եւ նախաձեռնողական միտքը եւ քննության մասնակից բոլոր կողմերը պարզապես հետամուտ են լինում մատուցված՝ եւ այնուհետեւ վերադարձվող նյութի պատասխանի լիարժեքությանը:
Կարծում ենք, որ ժամանակն է հետզհետե հրաժարվել նման պրակտիկայից, եւ քննաշրջան կազմակերպելիս գիտելիքների ստուգման ծանրության կենտրոնը տեսական ոլորտից տեղափոխել պրակտիկ ոլորտ: Ինքս ականտես եմ եղել ԱՄՆ-ում արվեստի բուհում գիտելիքների ստուգման մի յուրահատուկ մեթոդի, երբ ուսանողը պատասխանում էր ոչ թե քննասենյակում, այլ մի ամբողջ լսարանի առաջ՝ կիսամյակի ընթացքում իր կատարած գործով: «Ամերիկյան Ֆիլմ Ինստիտուտը» կինոնկարահանման ոլորտի  մագիստրոսներ է պատրաստում, եւ ուսանողները պարտավոր են կիսամյակի ընթացքում տասնհինգ րոպեանոց երկու կարճամետրաժ ֆիլմ նկարահանել: Տարբեր ֆակուլտետներից փոխատեղման սկզբունքով կազմվում են նկարահանման խմբեր՝ պրոդյուսերներ, սցենարիստներ, օպերատորներ, դերասաններ, որոնք իրենց աշխատանքը քննաշրջանի ընթացքում ցուցադրում են ոչ միայն պրոֆեսորադսախոսական անձնակազմին, այլեւ կրթական հաստատության ողջ ուսանողությանը: Հնարավորության պարագայում պետք է ձգտել խմբային աշխատանքներով քննություններին, տեսական նյութը համեմելով կիրառական որոշ դրսեւորումներով, որը քննաշրջանը ուսանողության համար կդարձնի առավել հետաքրքիր եւ օգտակար:
Ժամանակն է անցում կատարելու ուսանողակենտրոն ուսուցմանը, թե չէ «ջերմոցային պայմաններում» սովորած բարձր առաջադիմությամբ շրջանավարտներն իրենց քննաշրջանների «փայլուն արդյունքներով» բուհն ավարտելուց հետո շատ դեպքերում անհաջողություն են կրում աշխատավայրերում եւ մրցակցային դիրքեր չեն գրավում աշխատաշուկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել