Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմսոմոլը մեղք չունի

Հունիս 14,2011 00:00

ՈՉ վաղ անցյալում կարդացի մի հոդված արդեն բոլորին հայտնի Վ. Խաչիկյանի մասին, որտեղ մասնավորապես ՀՀԿ-ի երիտասարդ թեւի ներկայիս վարքագիծն էր ներկայացվում: Չեմ ցանկանում պաշտպանել որեւէ մեկին, բայց չեմ ուզում նաեւ ուղղակի ընդհանրացնել: Վստահ եմ, որ բոլորի վարքագիծը, նկատի ունեմ կոմսոմոլականների՝ Խաչիկյանական չէ: Ի վերջո, հենց նույն կոմսոմոլը, սկսած իր գոյության առաջին իսկ օրերից, թե արժանի ու պատկառելի անդամներ է ունեցել եւ թե նաեւ նույն կոմսոմոլին վարկաբեկող անդամակցողներ: Մարդիկ, որոնք եւ այն ժամանակ եւ հիմա միայն կորզելու են սովոր, անկախ նրանից, թե ինչ կուսակցության կամ կազմակերպության են անդամակցում, միեւնույն է՝ դա անելու են: Նրանք միայն մեկ բան են լավ սովորել՝ ճիշտ ժամանակի ու պահի համար ճիշտ մարդկանց քծնել եւ պոկել իրենց համար «մաքսիմումը»՝ ունենալ նոմենկլատուր կարգավիճակ, այսինքն՝ պաշտոն, որպեսզի պետության հաշվին գռփեն, ծաղկեն ու փթթեն:
Դեռ 2010թ.-ից Վերահսկիչ պալատը ստուգումներ էր անցկացնում արտգործնախարարությունում: Սկզբից հենց կենտրոնական ապարատում, հետագայում նաեւ մի քանի ՀՀ դեսպանություններում: Տարբեր ասեկոսեներ շրջանառվեցին, սակայն Խաչիկյանի հայտնի պատմության նման ոչ մեկը այդպիսի համբավի չարժանացավ: Մեզ հասած տվյալներով եւ ուղղակի փաստերով զավեշտալի են եղել Բեռլինում Հայաստանի դեսպանության ստուգման արդյունքները: Ամենազավեշտալին եղել է այն, որ դեսպանության աշխատակազմի աշխատավարձերի ցուցակում հայտնաբերվել է անուն-ազգանուն, որն ամիսներ չի աշխատել դեսպանությունում, սակայն նրա փոխարեն ստորագրել են եւ ստացել մշտապես աշխատավարձ: Իսկ դա ոչ ավել եւ ոչ պակաս՝ ամսական 1000 եվրո գումարի մասին է խոսքը: Եթե վերածենք դրամի՝ կկազմի 500.000 դրամ, այսինքն ամսական 25 թոշակառուի թոշակ, կամ հենց նույն ԱԳՆ կենտրոնական ապարատի 6 դիվանագետի աշխատավարձ: Հիմա ո՞րն է տարբերությունը՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանի եւ Խաչիկյանի միջեւ: Ավելին, կան նմանություններ՝ երկուսն էլ կոմսոմոլից են, առաջինը հին ժամանակների կոմսոմոլի թրծված ծնունդ է, երկրորդը նոր ժամանակների ավելի անփորձ: Առաջինը դրան վաղուց սովոր է եւ փայլուն տիրապետում է այդ տեխնոլոգիային՝ քիչ լինի, դանդաղ եւ երկարատեւ, երկրորդը՝ շատ եւ արագ: Այստեղ միայն քանակի, մեթոդների եւ հմտության հարց է, որակը նույնն է:
Մեղադրել կոմսոմոլին, կարծում եմ՝ սխալ է: Մեղադրել մեր հայկական մենտալիտետին՝ նույնպես սխալ է: Մեղավոր ենք բոլորս, մենք ազգովի, որովհետեւ այսօրինակ երեւույթները չեն պատժվում: Վստահ եմ, որ Խաչիկյանի գործունեության մասին իշխանությունները վաղուց տեղեկացված են եղել, իսկ Մարտիրոսյանի գործարքից էլ ԱԳՆ-ն է քաջատեղյակ: Մեխանիզմը դարձյալ մեկն է՝ մենակ չուտել, մի քիչ փայ տալ: Սրա համար կա մեկ ձեւակերպում՝ կոռուպցիա:
Վերահսկիչ պալատը չէ, որ վերադասի ու մեր աչքերը բացեց: Խաչիկյանի դեպքում աղմուկը շատ բարձրացավ, գուցե եւ անձնական խնդիրներ կային, ստիպված ազատեցին, հետո ինչ՝ հիմա Գերմանիայում բուժվում է, մինչեւ կմոռանանք ու ինչու ոչ, նոր պաշտոնի կարժանացնենք: Ա. Մարտիրոսյանի դեպքում ծածկադմբոց է արվել, ամեն ինչ նորմալ է: Երեւի անձնական խնդիրներ չեն եղել կամ մուծվել է: Ցավալին այն է, որ Խաչիկյանն ու Մարտիրոսյանը մեր հասարակության համար բացառություններ չեն եւ նրանց նմանները զբաղեցնում են կարեւորագույն աթոռներ, սնվելով պետության զարկերակներից՝ թունավորում են մեր արդեն իսկ նսեմացված հասարակության ներաշխարհը եւ կազմաքանդում պետության արդեն իսկ խարխուլ հիմքերը:
Ոչինչ, Երեւանում կշարունակվեն ձերբակալությունները, օրինակ՝ շուկայի բակում կանգնած վարունգ վաճառող մի զառամյալի, որն իսպանական վարունգ է վաճառում՝ թունավորելով մեր ազգաբնակչությանը ու հետն էլ չի վճարում համապատասխան եկամտահարկ: Կցուցադրենք հեռուստատեսությամբ եւ կմատուցենք հասարակությանը իբրեւ կոռուպցիայի դեմ պայքար:
Որքան գունավոր եւ պատկերազարդ կարելի է երեւակայել, եթե այս ամենի մասին տեղյակ լինեն նույն գերմանական իշխանությունները: Ուղղակի անծայրածիր երեւակայություն: Պատկերացնում եք՝ դեսպան Մարտիրոսյանը լինելով նախագահի լիազոր ներկայացուցիչը հյուրընկալ երկրում, ինչ բեղմնավոր գործունեություն է ծավալել, որքան լուրջ կվերաբերվեն նրա սուրհանդակային աշխատանքին, նրա «ազնվությանն ու պարկեշտությանը»:
…Զարթնեք, բավական է, սոսկ պերճախոս ելույթներով եւ փուչ խոստումներով ոչնչի չենք հասնի: Ինչպես ասում էր բրիտանացի գրող Ջոն Գալսվորթը՝ «Սխալ թույլ տվողը եթե երեխա չէ՝ պետք է պատժվի, մտածված սխալի վնասներն անդառնալի են, եթե նույնիսկ ուզում ենք երեխայով խաբվել: Իսկ եթե Դուք Ձեր ապագայի մասին չմտածեք, ապա այն չեք կարող ունենալ»: Ցավոք, այս իրողություններից եւ ցիտատներից մենք դասեր չենք քաղում, ընդհակառակը՝ մեր օրերում կատարվածը նորմալ բան է, մեր երկրում ավելին՝ ընդունելի, գուցե եւ գովեստի արժանի երեւույթ: Հոդվածին կից աշխատավարձերի ցուցակում առկա Գ. Հովհաննիսյանը այլեւս չի աշխատել դեսպանությունում, երբ նրա անվամբ պետական գումարներ են հափշտակվել: Է, հետո ինչ, մենք կարող ենք արհամարհել եւ օրենքին, եւ խղճին, եւ կարգ ու կանոնին, եւ երկրի ծանր ֆինանսական վիճակին, եւ աշխարհում տիրող ֆինանսական ճգնաժամին եւ ի վերջո հենց նույն Հովհաննիսյանին: Կարեւորը մենք ենք ու մեր սարերը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել