Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԲՈՒԺԵԼԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ»

Հունիս 14,2011 00:00

\"\"Այսօր լրանում է 1949 թվականին ստալինյան ռեժիմի կողմից բռնադատված հազարավոր հայ ընտանիքներին Ալթայի երկրամաս աքսորելու 62-րդ տարելիցը: Այսօրը Հայաստանում պաշտոնապես ընդունված է որպես Բռնադատվածների հիշատակի օր:

75-ամյա Արտույտ Մուքոյանի ականջներում չի լռում Լենինականից ուղեւորվող գնացքի ականջ մաշող ու հոգի ցավեցնող ձանը: Հեռավոր 1949-ի հունիսի 13-ից թեեւ 62 տարի է բաժանում, բայց տարեց կինն այդպես էլ չի համակերպվում կորստի հետ, չի մոռանում այն, ինչից ինքն ու իր ընտանիքը զրկվեցին սիբիրյան աքսորի տարիներին:
Ախուրյանցի աղջիկն ընդամենը 14 տարեկան էր, դպրոցի գերազանցիկը: Երազում էր ուսուցչուհի դառնալ, չմտածելով անգամ, որ լուսավոր այդ երազը 1949-ի մի գիշեր փշուր-փշուր էր լինելու ավտոմատավոր մարդկանց կոշտ կրունկների տակ: Այդ գիշերվանից «ժառանգած» նրա վախեցած աչքերում մինչ օրս էլ կենդանի են զինված մարդկանց ու խեղճացած հոր կցկտուր խոսակցությունից որոշ դրվագներ, որոնցում, մի ակնթարթում ծերացած հայրը ավելի շատ լսողի, քան խոսողի դերում էր: «Երբ պատուհանը թակեցին ու ներս մտան, կարգադրեցին արագ վեր կենալ ու հագնվել: Հայրս, մայրս ու չորս երեխաներով վախից կպել էինք պատին: Չսպասեցին էլ, որ մեր իրերը մենք հավաքենք, իրենք արեցին ու կարգադրեցին շտապ դուրս գալ տնից: Սկզբում խաբեցին, թե ինչ-որ գետի հուն է քանդվել եւ պետք է պատնեշ կառուցվի: Իսկ երբ հայրս հարցրեց, թե այդ դեպքում իր ընտանիքն ու երեխանե՞րը ինչ պետք է անեն, որ նրանց էլ են տեղահան անում, պատասխանեցին՝ ոչ մի գետ էլ չկա, պարզապես տեղափոխում ենք այլ վայր»,- հիշում է Արտույտ Մուքոյանը:
Ընտանիքը Լենինականի կայարանում է միայն նկատել, որ իրենք մենակ չեն. «Տեղ ու դադար չկար: Մի կողմից վախը, մյուս կողմից անորոշությունը՝ սպանում էին մեզ: Մեզ բարձեցին կենդանիներ տեղափոխող գնացքի մեջ ու շարժվեցինք: Ո՞ւր, ինչի՞ համար՝ ոչ մեկը չգիտեր: Էդ վագոններն էլ պատուհաններ չունեին, որ շնչեինք: Թթվածնի պակասից, ծարավից ու սովից ուշաթափվում էինք: Հիվանդները չէին դիմանում՝ մեռնում էին: Դիակներն այնքան էին մնում մեր կողքին, մինչեւ որ հարմար տեղ էին գտնում դրանք նետելու համար»:
Իրենց նեղլիկ վագոնում չորս ընտանիք է եղել: Տիկին Արտույտը չի մոռանում այդ ընտանիքներից մեկի նորահարսի տառապանքները, որը ծննդաբերել է հենց գնացքի մեջ, բայց մայրանալ այդպես էլ չի կարողացել. «Նրա երեխան մահացավ եւ պատկերացրեք՝ այնքան մնաց մոր մոտ, մինչեւ որ զինվորները նրա դիակը դուրս նետեցին գնացքի պատուհանից»:
Արտույտ տատը ցածրաձայն է անդրադառնում մարդկային արժանապատվությունը ոտնահարող, ստորացուցիչ այն տեսարաններին, որ հրամանատարների որոշմամբ ու զինվորների ձեռամբ էին ուրվագծվում: Օրինակ՝ աքսորյալների բնական կարիքները հոգալու ժամանակ: «Բոլորիս իջեցնում էին գնացքից, իրենք կլոր շրջան էին կազմում, մեզ պարտադրում հենց շրջանի մեջ հոգալ մեր պետքերը: Էն ցինիկ ծիծաղն ու արհամարհական պահվածքը որ հիշում եմ, վիրավորանքից տեղս չեմ գտնում»,- պատմում է Արտույտ տատը, հավելելով, որ դրանք այն եզակի պահերն էին, որն իրենց հնարավորություն էին տալիս գնացքից դուրս գալ եւ թթվածին շնչել:
Հենց այսպես է 14-ամյա Արտույտի ընտանիքը իր բախտակից հազարավորների հետ, իրար վրա լցված՝ մի մասը բեռնատար, մյուսները՝ անասուն տեղափոխող գնացքներով, 18 օրում հասել Ալթայի երկրամաս, որը ժողովուրդների հոր ընտրությամբ տաժանավայր էր դարձել «սովետական մարդու պատիվն ու անունն արատավորող» քաղաքացիների համար:
Ալթայում գտնվելու չորրորդ տարում Արտույտի հայրը խիզախել է նամակ ուղարկել Մոսկվա՝ հասկանալու համար իրենց աքսորի պատճառը: Մոսկվայից պատասխանել են՝ վտանգավոր եք շրջապատի համար: Այլ նամակներ Արտույտի հայրը չի գրել:
Աքսորավայրում էլ 18 տարեկանում իր բախտակիցներից մեկի հետ ամուսնացել, ընտանիք է կազմել Արտույտը եւ լույս աշխարհ բերել երկու դուստրերին: Աքսորյալի կապանքներից ազատագրվելու նրանց բաղձանքն իրականացել է միայն Ստալինի մահից հետո, այն էլ չորս տարի անց: 1957 թվականի դեկտեմբերի 27-ին Մուքոյանները վերադարձել են հայրենիք:
Արդեն ազատ քաղաքացի՝ եւս երկու զավակ է ունեցել Արտույտ Մուքոյանը եւ մանկավարժ դառնալու իր չիրականացած երազանքին թեւեր տվել սեփական ընտանիքում. բոլոր երեխաներին բարձրագույն կրթության է տվել եւ ապրում է նրանց համար ու նրանց հաջողություններով:
Լիարժեք երջանիկ լինելու համար հիշողությունները խանգարում են: Թեեւ դրանք երբեմն՝ կարճ ժամանակով նահանջում են թոռների ու ծոռների աղմուկի ֆոնին, բայց, այնուամենայնիվ՝ չեն մոռացվում: Արտույտ տատը երբեմն իրեն ստիպում է տխրությունը սքողել ժպիտի տակ, բայց քիչ անց առանձնանում ու թաշկինակը մոտեցնում է աչքերին: «Անբուժելի հիվանդություն է հիշողությունը»,- ասաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել