Լրահոս
Օրվա լրահոսը

Ստիպելով գրանցո՞ւմ են

Հունիս 14,2011 00:00

Ուսանողները միայն ծածուկ են բողոքում, իսկ դասախոս-բժիշկներն էլ ստիպելու իրենց ձեւերն ունեն

Վերջին շրջանում առօրյա խոսակցությունների մեջ հաճախ ենք լսում, թե Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողներին պարտադրում են գրանցվել բժշկական կրթական այս հաստատության համաբուժարանում: 2004 թվականից պետական գրանցում ստացած համաբուժարանը հագեցած է լավագույն սարքավորումներով: «Մենք 6-րդն ենք քաղաքում, հավասար իրավունքներ ունենք՝ ինչ քաղաքի մյուս 5 համաբուժարանները, եւ բնակչի համար ամենեւին տարբերություն չկա, թե որտեղ կսպասարկվի»,- ասում է քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Ռիմա Թումանյանը:
Համաբուժարանի վարիչ Հռիփսիմե Շարբաթյանը պարզաբանում է. քանի որ երեխաները առավոտյան ժամը 9-ից մինչեւ երեկոյան 4-5-ը պետական բժշկական քոլեջի պատերի ներսում են, ավելի հարմար է, որ հենց այս համաբուժարանի ծառայությունից օգտվեն: Համաբուժարանի վարիչը պատմում է, որ չգրանցված ուսանողներին էլ են սպասարկում, իսկ այցերը համաբուժարան՝ շատ են լինում: Պարզվում է, հաստատությունում սովորելն այնքան ծանր է, որ հուզումնալից պահերն անպակաս են, ուսանողները համաբուժարան են դիմում նույնիսկ ցածր գնահատական ստանալիս: Հռիփսիմե Շարբաթյանի խոսքով, Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալ ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանն էլ համակարծիք է իրենց հետ. երեխան ամբողջ օրը գտնվում է այստեղ, բոլոր բժշկական հետազոտությունները պետք է կատարվեն այս պոլիկլինիկայում, ուսանողները տուն են գնում այն ժամին, երբ պոլիկլինիկաներն արդեն փակ են, ու չեն գտնում իրենց բժշկին:
Տիկին Շարբաթյանն ասաց, որ թեեւ բացակայությունները շատ չեն, սակայն բացակայության դեպքում այլ համաբուժարաններից կամ բժշկական հաստատություններից քոլեջ ներկայացված տեղեկանքներն ու հիվանդության թերթիկը չեն ընդունում. «Մեզ այդպես են ասել վերեւից, ես էլ էդպես շարժվում եմ, դա տնօրենի որոշումն է, ես էդպես հարցեր չեմ կարող լուծել: Տեղեկանքներն ընդունվում են ուսուցչանոցում, դա ուսումնական մասի խնդիրն է: Ես զբաղվում եմ միայն երեխաների բուժման հարցերով»:
Լինում է նաեւ հակառակ երեւույթը, երբ երեխաները ցանկանում են գրանցվել համաբուժարանում, բայց իրենց պոլիկլինիկայի բժիշկները չեն ցանկանում դուրս գրել հիվանդին: Քոլեջի համաբուժարանի ղեկավարը օրինակ է բերում Արեւաշող գյուղը, որտեղից հաստատությունում սովորող երեխաները ամեն օր գնում-գալիս են ու չեն կարողանում ձեռք բերել եռակողմ համաձայնությունը՝ համայնք-համաբուժարան- հաճախորդ: «Ես էդ երեխային ամբողջ օրը պիտի սպասարկեմ, պետությունը, ամեն մի բնակչի համար որոշակի գումար է տրամադրում, ինչի՞ պիտի էդ գումարն ստանան նրանք, իսկ գործը ես անեմ»,- նկատեց տիկին Շարբաթյան եւ հավելեց, որ տարիներ առաջ քոլեջում սովորած ուսանողները դեռ իրենց համաբուժարանում են սպասարկվում. 780 ուսանող ունեցող քոլեջի համաբուժարանում 1185 սպասարկվող է գրանցված:
Քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Ռիմա Թումանյանը հավաստիացրեց, որ համաբուժարանում գրանցվելը պարտադրանք չէ: Ի սզբանե ուսումնական հաստատությունում համաբուժարանը ստեղծելով մի նպատակ են ունեցել՝ սպասարկել քոլեջի ուսանողներին. «Չէ՞ որ մենք համաբուժարան ենք, պետք է սպասարկվող բնակչություն ունենանք: Ումի՞ց պետք է վերցնենք էդ բնակչությունը, ում հետ մենք շփվում ենք՝ աշխատակիցներ, նրանց ընտանիքի անդամներ, ուսանողներ ու բոլոր ցանկացողները»,- ասում է Ռիմա Թումանյանը:
Վանաձորի պետական բժշկական քոլեջի ուսանողները, որ բողոքում էին պարտադիր գրանցման դեմ, վախենալով հնարավոր հաշվեհարդարից՝ չհամարձակվեցին ներկայանալ անունով: Համաբուժարանի բժիշկները նաեւ քոլեջի դասախոսներ են: Սա նշանակում է, որ համաբուժարանի բժշկի հնարավոր պարտադրանքին դեմ գնալը եւ նրա կամքը չկատարելը նշանակում է դեմ գնալ քոլեջում քո դասախոսին, ինչը, հաստատ, եթե ոչ առողջական, ապա կրթադաստիարակչական խնդիրներ կհարուցի: Այս պնդման հետ քոլեջ-համաբուժարանում համաձայն չեն: «Եթե ինչ -որ մեկն ասում է՝ ես վախեցրել եմ, դրա համար է մեր քոլեջի համաբուժարանում գրանցվել, ճիշտ չի ասում: Մենք ունենք թե սպասարկվողներ, որ մեր ուսանողները չեն, թե ուսանողներ, որ, օրինակ, Վրաստանից են եւ մեր համաբուժարանում չեն սպասարկվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել