Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՆՏՐՎՈՒՄ Է ՃԻՃՎԻՆ ՀԱՄՈԶՈՂ

Հունիս 14,2011 00:00

\"\"Նոյեմբերյանի տարածաշրջանի որոշ մանկապարտեզներում ճիճվակրությունը մինչեւ 70 տոկոս է, մասնագետն առաջարկում է պատժել համայնքապետարաններին:

ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) Տավուշի մարզային մասնաճյուղի պետի տեղակալ Մարտին Մկրտչյանի վկայությամբ՝ 2009-2010 թթ. իրենց կատարած լաբորատոր հետազոտություններով պարզվել է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի մանկապարտեզների երեխաների 45%-ը ճիճվակիր է, որոշ տեղերում ճիճվակրությունը հասնում է մինչեւ 70%-ի: Առկա են նաեւ ճիճվակրության հարուցած բարդություններ, հատկապես՝ աղջիկների մոտ: Համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ բարձր հիվանդացության պատճառը մանկապարտեզներում տիրող հակասանիտարական վիճակն է: ՊՀՀՏ-ն խնդիրը ներկայացրել է մանկապարտեզների տնօրեններին, համայնքների ղեկավարներին, ծնողների հետ անցկացվել են սանիտարական-իրազեկման աշխատանքներ, հարցը քննարկվել է մի շարք համայնքների ավագանիների նիստերում, կայացվել են որոշումներ, որոշ մանկապարտեզներում իրականացվել են բուժական միջոցառումներ, ապա՝ կրկնակի հետազոտություններ:
Սակայն նմանատիպ համալիր միջոցառումները քիչ արդյունավետ են, քանի դեռ համայնքային մանկապարտեզները իրենց հնարավորություններով ոչ թե մանկապարտեզ են, այլ՝ երեխաների հավաքատեղի: Մարտին Մկրտչյանին առկա վիճակը խիստ մտահոգում է: «Ո՞վ է ասել, որ մանկապարտեզում երեխաները միայն պետք է երգել ու պարել սովորեն: Չէ՞ որ այս տարիքում ձեւավորվում են նաեւ առողջ ապրելակերպի մի շարք սովորույթներ, որոնք կազմում են նախադպրոցական հաստատությունների դաստիարակչական առաքելության մասը: Իսկ այս պայմաններում ի՞նչ են սերմանում երեխաներին, եթե ոչ՝ հիվանդանալու համար սովորույթներ»,- նկատում է մեր զրուցակիցը:
Օրեր առաջ Նոյեմբերյանի քաղաքապետարանում, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի, Նոյեմբերյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների եւ մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ քննարկման ժամանակ կարծիք էր հնչել, որ ստուգող կազմակերպությունները հաճախ են ստուգումներ կատարում մանկապարտեզներում եւ տուգանում նախադպրոցական հաստատություններին: Առաջարկ էր եղել. եթե մանկապարտեզների մեծ մասը չի բավարարում ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները՝ միգուցե կարիք կա այդ նորմատիվները մեղմելու: Մարտին Մկրտչյանը գտնում է, որ այդ քննարկմանը պետք էր հրավիրել նաեւ իրենց մասնագետներին եւ դեմ է նորմատիվների մեղմացմանը. «Լավ, ենթադրենք նորմատիվը փոխեցինք եւ հարմարեցրինք ներկա վատթար պայմաններին, բա ճիճվին ո՞նց համոզենք չանհանգստացնել երեխաներին: Գործող սանիտարական կանոններն ու նորմերը մտացածին ճոխություններ չեն: Յուրաքանչյուր նորմ ունի լուրջ գիտական հիմնավորում, եւ դրա կիրառումը կանխարգելում է այս կամ այն հիվանդությունը: Նշանակում է՝ նորմատիվը ստեղծված չէ այս կամ այն կամայական շահին հարմարեցնելու համար եւ դրա նպատակահարմարությունը կարող է քննարկվել միայն եւ միայն գիտական շրջանակներում»:
Դառնալով ստուգումներին, հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային մասնաճյուղի պետի տեղակալը ասաց, որ վերջին հինգ տարում յուրաքանչյուր մանկապարտեզում միայն մեկ ստուգում է եղել: Արդյունքում որոշ տնօրեններ ենթարկվել են վարչական տույժի՝ տարիներ շարունակ տարրական սանիտարական պայմանները չապահովելու համար: Մարտին Մկրտչյանը կարծում է, որ սանիտարական պահանջների խախտումների համար ոչ թե մանկապարտեզի տնօրենը պետք է ենթարկվի վարչական տույժի, այլ հաստատության հիմնադիրը՝ համայնքապետարանը, այն էլ ավելի մեծ չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել