Նախորդ ուրբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԵՊՀ պրոֆեսոր, հոգեբան Էլդա Գրինն ասել է, թե համոզված է, որ 2010 թ. հուլիսի 27-ին Տավուշի զորամասում մահացած լեյտենանտ Արտակ Նազարյանն ինքնասպանություն է գործել։ Ասուլիսի ժամանակ նա հրապարակել է Արտակ Նազարյանի «ձեռքով» գրված նամակը. «Էս քայլին ես դիմում եմ ստիպված։ Հոգնած ամեն, ամեն, ամեն ինչից, իմ ծնողների դաստիարակությունից, կյանքում տեղս չգտնելուց, երազել չկարողանալուց։ Ոչ ոք մեղավոր չէ, ոչ ոք։ Միայն ես ու իմ ծնողները»։ «Լրագրի» հարցին, թե համոզվա՞ծ է, որ հենց Արտակ Նազարյանն է գրել այս նամակը, հոգեբանը պատասխանել է. «Ոչ մի կասկած չկա, թեեւ ծնողները չեն հավատում եւ ուզում են արտասահման ուղարկել այս գրությունը, տեսնելու՝ արդյոք ի՞նքն է գրել, թե՝ ոչ։ Թեեւ եթե ստիպում են, որ ինքնասպանություն կատարի, երբեմն ստիպում են նաեւ, որ ինքն իր ձեռքով գրի։ Բայց այս դեպքում այդպես չէր։ Որովհետեւ ոճը, ամեն ինչը՝ «երազել չկարողանալով», ուրիշի մտքով չէր անցնի դա»։
Էլդա Գրինն ասել է, որ ինքը նաեւ լավ ձեռագրաբան է եւ ուսումնասիրելով գրությունը, համոզվել է, որ այն գրված է Արտակ Նազարյանի ձեռքով։
Նշենք, որ նախաքննությունը դեռ չի ավարտվել եւ փորձագետն իրավունք չուներ այսպիսի «համոզմունքներ» անելու: Ի վերջո, մեր աչքի առաջ բացահայտվել եւ բացահայտվում են բազմաթիվ «ինքնասպանություններ», որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ սպանություններ: ՀՀ քրդատօրի համաձայն, փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում եւ գնահատվում մյուս ապացույցների հետ միասին: Դատարանը զգուշացնում է փորձագետին՝ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Գործը դեռ դատարան չի հասել, չի գնահատվել ապացույցը, իսկ փորձագետը մեջբերումներ է անում, հրապարակելով ապացույցի բովանդակությունը: Նախաքննությունը դեռ չավարտված՝ այսպիսի համոզվածությունը վտանգավոր է այն իմաստով, որ ուղղորդիչ նշանակություն կարող է ունենալ քրեական գործի ելքի եւ հնարավոր բոլոր վարկածները չստուգելու համար:
Հ. Գ. 1in.am լրատվական ծառայության հետ զրույցում Արտակի քույրը՝ մեր գործընկերուհի Ծովինար Նազարյանը ասել է, որ րինն իրեն վերագրում է նաեւ ձեռագրաբանի մասնագիտություն, ինչն աբսուրդ է: Ծովինարի խոսքերով՝ Էլդա րինն անտեսում է, որ այդ նամակը հայտնվել է դեպքից 12 օր հետո. «Այդ ձեռագիրը եղել է մի բլոկնոտում, որի մնացած էջերը պատռված են եղել, ինչը նշանակում է, որ մարդիկ Արտակի բլոկնոտի բոլոր էջերը պատռել են, 12 օր ուսումնասիրել նրա ձեռագիրը եւ փորձել են այն պատճենել, կարդացել են նրա գրածները՝ իմանալու, թե ինչպես է գրում, ինչպես է մտածում եւ վերջում էլ շարադրել են այդ նամակը: Այդ «նամակում» կան նաեւ այնպիսի ուղղագրական սխալներ, որոնք Արտակը երբեք չէր անի: Ես համեմատել եմ իր նախորդ նամակների հետ, գտել եմ այդ նամակներում այն բառերը, որոնք րինի ներկայացրած նամակի մեջ ուղղագրական սխալներով են եւ համոզվել եմ, որ Արտակը երբեք նման սխալներով չի գրել»: