Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԻ ՕԳՆԱԿԱՆԻՆ՝ 9 ՏԱՐԻ

Հունիս 14,2011 00:00

Աթոռների վրա ձեռնաշղթայի ազդեցության առաջացրած հետքեր չեն հայտնաբերվել

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Ա. Սիսակյան) ապրիլի 8-ին հրապարակեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բարդասարյանի եւ որեւէ տեղ չաշխատող Եղյաննա Ավանեսովայի դատավճիռը:
Մ. Բաղդասարյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման եւ 100.000 ՀՀ դրամ տուգանքի՝ առանց գույքի բռնագրավման, իսկ Եղյաննան՝ 3 տարվա ազատազրկման: Վերջինիս խափանման միջոցը դեռ ստորագրությունն է՝ քաղաքից չհեռանալու մասին: Ի դեպ, դատավճռի 1-ին էջի «Մասնակցություն» հատվածում «ամբաստանյալը» «Հ. Խաչատրյանն» է եւ ոչ թե Մ. Բաղդասարյանը կամ Ե. Ավանեսովան…
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին բողոք է բերել Մ. Բաղդասարյանի պաշտպան Հովհաննես Հարությունյանը: Նա պահանջում է ամբողջությամբ բեկանել մարզի դատարանի կայացրած դատավճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան այլ կազմով նոր քննության:
Հիշեցնենք, որ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի կողմից 2008թ. հուլիսի 17-ին հարուցվել էր քրեական գործ: 1 տարի 5 օր հետո Մ. Բաղդասարյանը ներգրավվում է որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում: Սակայն 2009թ. մարտի 17-ին քրեական գործով վարույթը կասեցվում է: Ապա օգոստոսի 4-ին Մհեր Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվում:
Ըստ 2009թ. դեկտեմբերի 29-ի մեղադրական եզրակացության, Մ. Բաղդասարյանի հայրական բնակարանը նախկինում վաճառվել է Վազգեն Ղարիբյանին: Վերջինիս որդուց՝ տուժող Շավարշ Ղարիբյանից բնակարանը հետ ստանալու նպատակով Մհերն ընկերուհու՝ Եղյաննայի հետ հանդիպում են Շավարշին: Առաջին հանդիպումը լինում է ԴԱՀԿ ծառայության Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն բաժնի հարկադիր կատարող Հայկ Հովհաննիսյանի աշխատասենյակում, ապա… Արզնի գյուղի 2-րդ առողջարանի տարածքում գտնվող Էդուարդ Թումանյանին պատկանող առանձնատանը: Ըստ քրգործի նյութերի, Մ. Բաղդասարյանը «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրման սպառնալիքով Շավարշի աջ ոտքը ձեռնաշղթայով կապում է աթոռից, ապա հարվածում գլխին, առողջությանը պատճառելով ծանր վնաս, նրանից պահանջում եւ ստանում են 135. 000 ԱՄՆ դոլար գումարի ստացական՝ «Շ. Ղարիբյանը Մ. Բաղդասարյանից ստացել է 135. 000 ԱՄՆ դոլար գումար» բովանդակությամբ: Մեկ այլ դրվագով էլ Մհերը Երեւան-Սեւան ճանապարհին գտնվող «Թեյարան» ռեստորանի մոտակայքում ստիպել է Շավարշին, որ մեքենան «կանգառ» դիրքից «ընթացք» դիրքով ընթանա դեպի ձորը…
Ըստ գործի նյութերի, Շավարշը ձեռքի պահեստային արգելակի միջոցով կանգնեցրել է ավտոմեքենան, փախչել ավտոմեքենայից, սակայն նրան հետապնդել եւ ծեծի են ենթարկել Մհերն ու նրա ընկերը՝ Գրիգորի Ստեփանյանը: Մ. Բաղդասարյանն իրեն մեղավոր չի ճանաչել:
Ըստ պաշտպան Հ. Հարությունյանի վերաքննիչ բողոքի, Մ. Բաղդասարյանը 2008թ. հուլիսին պատահաբար է տեսել Ավանեսովային՝ Շավարշի հետ սրճարանում զրուցելիս: Ավանեսովան եւ Շավարշը պետք է միասին գնային Սեւան, սակայն այդ մտադրությունը փոխվել է Շավարշի առաջարկով. «Մհերը Ավանեսովայից իմացել է, որ նա եւ Շավարշը նույն օրը երեկոյան գնալու են ժամանակ անցկացնելու Արզնիի կիրճում գտնվող ամառանոցներից մեկում: Վերջինիս հայտնել է, որ եթե Մհերը ցանկանում է, կարող է գալ այնտեղ»: Փաստաբան Հ. Հարությունյանի բողոքի համաձայն, Մհերի մոտ եղել է 135.000 ԱՄՆ դոլար. նա պետք է Շավարշից իրենց տունը հետ ստանար: «Թեյարանի» դրվագը», ըստ պաշտպանական կողմի, այսպիսին է. ամառանոցում 4-ով են եղել: Առավոտյան դուրս են եկել՝ իրենց հետ վերցնելով կերակրի մնացորդներն ու աղբը: Ճանապարհի վերոհիշյալ տարածքում Ավանեսովան եւ Ստեփանյանը մեքենայից դուրս են եկել, իսկ Մհերն ու Շավարշը ոչ միայն վիճել են, այլեւ ստացել մարմնական վնասվածքներ: Շավարշը դիմել է 8-րդ հիվանդանոց, ապա հայտարարություն տվել իրեն ազատ տեղաշարժվելու հնարավորությունից զրկելու մասին:
Փաստաբանը տեղեկացնում է, որ դեպքից 2 օր հետո հայտնաբերված Շավարշի «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի զննմամբ հիմնավորվել է, որ «վարորդի կողմի դռան եւ ավտոմեքենայի այլ մասերի վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել»:
Ավելին, դատաքիմիական եւ դատակենսաբանական փորձաքննությամբ էլ պարզվում է, որ Մհերի «Մակարով» ատրճանակի վրա «արյան, մաշկի, մազերի հետքեր եւ այլ միկրոմասնիկներ չեն հայտնաբերվել»: Իսկ «ամառանոցից առգրավված եւ իրեղեն ապացույց ճանաչված երեք աթոռների վրա ձեռնաշղթայի ազդեցությամբ առաջացած հետքեր չեն հայտնաբերվել»:
Ըստ պաշտպանական կողմի, ամառանոցում Մ. Բաղդասարյանի մոտ ընդհանրապես զենք չի եղել, այդ թվում՝ իրեն ամրակցված «Մակարովը»: Դատախազի տեղակալի օգնականն ասել է, որ բռնություն, հարկադրանք եւ սպառնալիք չի եղել, ավելին, իր մոտ գտնվող 135.000 դոլարը տեսնելով, Շավարշը համոզվել է, որ ինքը պատրաստ է գումարը վճարելու, իսկ իրենց խոսակցությունը եղել է լրացուցիչ 50 000 դոլար հավելավճարի շուրջ:
Փաստաբանը միջնորդել է, որ դատակոչվի Մհերի մայրը, որը կվկայեր ինչպես Մհերի մոտ առկա գումարի, այնպես էլ զենքի մասին: Սակայն դատարանը մերժել է, թե՝ հարազատների ցուցմունքները կլինեն կողմնակալ: Նույնպիսի «կողմնակալ» ցուցմունք չի դիտվել, մասնավորապես, Շավարշի հոր ցուցմունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել