Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐՆ ԱՂՔԱՏ ԵՆ, ԲԱՅՑ՝ ԼԱՎԱՏԵՍ

Հունիս 14,2011 00:00

Հայաստանում աղքատների թիվը կրկնապատկվել է, սակայն շատերն իրենց աղքատ չեն համարում: Երեկ նման տվյալներ բերեց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավարը: Նա ներկայացրեց երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ սոցհարցման տվյալները: Ըստ այդմ՝ աղքատ ապրող ընտանիքների թիվը 39 %-ից հասել է 70-ի: Հայաստանում աղքատ է բնակչության 40%-ը, սակայն նրանց մոտ կեսն է իրեն աղքատ համարում: 1650 հարցվածներից 20,5%-ի եկամուտը կամ ավելացել է, կամ նույնն է մնացել, իսկ 78.2 %-ինը՝ նվազել: Բարելավ ընտանիքների քանակը նախաճգնաժամային շրջանի համեմատությամբ նվազել է երկու անգամ՝ 54 %-ից հասնելով 25-ի:
Ա. Ադիբեկյանի ներկայացմամբ, այն, որ շատերը չեն ընդունում, որ իրենք աղքատ են, դա հոգեբանական ինքնապաշտպանություն է. «Այդ պատճառով ըմբոստ սոցիալական խմբեր չեն ձեւավորվում եւ այդ ալիքի վրա քաղաքական ալիքի ձեւավորումը դառնում է անիմաստ»: Սոցհարցումից պարզվել է, որ լավատեսները հոռետեսներից շատ են: Սոցիոլոգի խոսքերով՝ պետք է, որ հակառակը լիներ: Սոցիալական տարբեր խմբեր տարբեր կերպ են ընկալում իրավիճակը, ուստի քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ ո՛ր խմբերի հետ ինչպես աշխատել: Ադիբեկյանը նշեց, որ, ըստ հարցման արդյունքի, առավել լավատեսների մեջ են կանայք, երիտասարդները, ուսանողները, ամուրիները, բարձրագույն կրթությամբ մարդիկ, պետական ծառայողներն ու ունեւորները: Հոռետեսների խմբում են տղամարդիկ, միջնակարգ կրթությամբ, տարիքով, գործազուրկ եւ աղքատ մարդիկ:
Սոցիոլոգի խոսքերով՝ ոչ այնքան մեր մթնոլորտն է ճգնաժամային, որքան տնտեսական իրավիճակը. «Մենք հոգեբանորեն ավելի կայուն ժողովուրդ ենք, մենք տեսել ենք 93- 95 թվականների մութ օրերը, բարեգործական բրնձից եփած փլավը՝ առանց յուղի եւ աղի, այնպես որ, մեզ նման ճգնաժամով չես վախեցնի»:
Ադիբեկյանի խոսքերով՝ հարցումներից պարզ է դառնում, թե ինչու ՀԱԿ-ը արմատական դաշտից տեղափոխվում է կենտրոնամետ դաշտ. Կոնգրեսը չի կարող հենվել սոցիալական բողոքի վրա, քանի որ հասկացել է, որ բողոքի ալիք չկա: Կենտրոնամետ դաշտ տեղափոխվելով, Ադիբեկյանի կարծիքով, ՀԱԿ-ը կորցնում է իր ընտրազանգվածի 2/3-ը, որը կազմում է 4%, սակայն հնարավորություն է ստանում պայքարել 20% ընտրազանգվածի համար:
Լրագրողներին բաժանած հարցման արդյունքները ներկայացնող թերթիկը բազմաթիվ տառասխալներով եւ անհասկանալի ձեւակերպումներով է գրված եղել եւ երբ այս մասին լրագրողներից մեկը բարձրաձայնել է, պարոն Ադիբեկյանն ասել է. «Գիշերը ժամը 3-ին եմ արել, մի քիչ էլ խմած, ներողամիտ եղեք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել