Լրահոս
Օրվա լրահոսը

Մալարիայից ազատվել ենք

Հունիս 14,2011 00:00

\"\"Հիմա տուրիզմը կզարգանա՞

«Մալարիան խոչընդոտում է տուրիզմին: Քանի որ մեր երկրում արդեն մի քանի տարի  չկա այդ հիվանդությունը, մենք դիմել ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ մալարիայից ազատ գոտի ճանաչվելու համար: Պետք է վերջնական որոշում կայացվի՝ Մալարիայից ազատ գոտի ճանաչվելու վկայականի ստացման վերաբերյալ»,- հունիսի 11-12-ը Աղվերանում մալարիա հիվանդության թեմայով անցկացվող 2-օրյա սեմինարի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարարության աշխատակազմի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը: Նրա խոսքերով, այս հիվանդությունից «ազատվելը» հսկայական ծախսեր էր պահանջում. «Այստեղ մալարիայի բռնկումներ եղան 1994-ից Արարատի, Արմավիրի մարզում: Հնարավոր է, որ տեղում այնքան էլ տեղեկացված չեն եղել այս հիվանդության բռնկումների մասին, սակայն արտերկրներում ներկայացվել է եւ իսկապես ազդել է տուրիզմի ոլորտի վրա: Ամեն տարի ԱՀԿ-ն հրապարակում է այն երկրների ցանկը, որտեղ առկա է այդ վարակիչ հիվանդությունը»:
Այն, որ մենք համարվելու ենք մալարիայի հիվանդությունից ազատ գոտի, չի նշանակում, որ մեզ մոտ այլեւս չեն լինելու այդ հիվանդությամբ հիվանդներ, քանի որ մեր երկիր անընդհատ հոսք կա մալարիայից չազատված երկրներից, օրինակ՝ Հնդկաստանից: Բժշկական համալսարանի ուսանողների մի մասը գալիս է հենց այդ երկրից եւ շատ հավանական է, որ եկողների մեջ լինեն մալարիայով վարակվածներ: Չնայած դրան, ջերմություն ունեցողներին սահմանին կանգնեցնում են եւ զննության ենթարկում: Նշենք, որ մալարիայի վարակը տարածվում է հիմնականում մոծակի միջոցով, ուստի մենք նույն տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանից հետաքրքրվեցինք՝՝ հնարավո՞ր է, որ գլոբալ տաքացման, հաճախակի տեղացող անձրեւների հետեւանքով մոծակներն ավելանան եւ դա հանգեցնի մալարիայի նոր բռնկումների: «Մոծակներն առաջանում են ջրականգերի վրա, իսկ գլոբալ տաքացման հետեւանքով ջրականգերը նույնպես կրճատվում են: Այսինքն՝ բալանս է ստեղծվում: Այն վայրերում, որտեղ օդի ջերմաստիճանը 45 օր շարունակ չի իջնում 16 աստիճանից, այնտեղ մալարիայի վտանգ չկա: Մեզ մոտ մալարիա հիվանդության դեմ պայքարը բավականին հետաքրքիր եւ աշխատատար էր: Սկզբում հայտնաբերվում էին ջրականգերը, դրանք անձնագրավորվում էին, 10 օրը մեկ այդտեղի ջրից նմուշ էր վերցվում եւ ուսումնասիրության ենթարկվում եւ եթե հայտնաբերվում էին մալարիա տարածող մոծակների թրթուրներ, գամբուզիա կոչվող ձկներ էին լցվում այդ ջրի մեջ, որոնք էլ ուտում են այս միջատին: Եւս մեկ կարեւոր փաստ. երբ անձրեւ է գալիս, ուրախացե՛ք, քանի որ մոծակների թրթուրները սատկում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել