Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՔ ՏԽՐՈՒՄ ԵՆ, ՔԱՆԻ ՈՐ ՆՐԱՆՑ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՅՑԵԼՈՒՄ

Հունիս 14,2011 00:00

Բայց, միեւնույն է, հույսները չեն կտրում ու սպասում են

Հայաստանում բնակվող մտավոր եւ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաները հատուկ կրթահամալիրներն ավարտելուց հետո կանգնում են լուրջ փաստի առաջ՝ ո՞ւր գնալ: Նրանք ոչ միայն ընտանիք չունեն, այլեւ միայնակ են եւ անօգնական: Նրանք 18 տարին լրանալուց հետո կամ շարունակում են բնակվել այդ հաստատություններում, եթե, իհարկե, տնօրենները մեծահոգաբար թույլ են տալիս, կամ, եթե բախտները բերում է, նրանց մասին հոգում են բարերարները: Իսկ եթե բացակայում է թե՛ մեկը, թե՛ մյուսը, ապա մնում են բախտի քմահաճույքին:
\"\"Ռոմանը մտավոր խնդիրներ ունի: Նրա ծնողները երեխայից հրաժարվել են մանուկ հասակում եւ մինչ օրս Ռոմանով որեւէ մեկը չի հետաքրքրվել: Փաստաթղթերում պահպանվել է նրա մոր անունը՝ Սիրվարդ Խաչատրյան, սակայն հոր մասին որեւէ տվյալներ չկան: Այսօր Ռոմանը Երեւանի Սիլիկյան թաղամասում գտնվող «Ջերմիկ անկյուն» խմբային տանն է, որը հոգում է նրա եւ ծնողազուրկ մնացած շատ երեխաների խնամքի հարցը: Ռոմանը մեզ հետ զրույցում պատմեց, որ այդ տանիքի տակ իրեն շատ լավ է զգում, սակայն ծնողներին գտնելու հույսը չի կորցնում:
«Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանի խոսքերով, այստեղ տեղափոխված երեխաները յուրաքանչյուր այցելուի մեջ իրենց հարազատին են փնտրում: Այստեղ բնակվում են 11 անօթեւան եւ լքված երիտասարդներ:
Նրանք տեղափոխվել են Կապանի թիվ 3 եւ Փարաքարի թիվ 2 կրթահամալիրներից:
\"\"Դավիթ Մանուկյանը «Ջերմիկ անկյուն» է տեղափոխվել 2 տարի առաջ: Մինչ այդ, նա մոր հետ ապաստանել է «Փրկություն» հաշմանդամ երեխաների կենտրոնում: Դավիթին՝ մոր հետ տնից դուրս է արել խորթ հայրը: «Մինչ կենտրոն տեղափոխվելը, Դավիթը զուրկ է եղել մարդուն բնորոշ ամենատարրական սովորություններից. նա չի իմացել ինչ բան է գդալը, պատառաքաղը, ավելին՝ արձակել է վայրի ձայներ, ապրել կենդանական բնազդներով: Կենտրոնում շուրջ 6 տարի բնակվելուց հետո 2009 թվականին նրան ուղարկեցին մեզ մոտ: 2 տարի է, ինչ մեզ մոտ է բնակվում: Այդ տարիների ընթացքում նրա մեջ այնպիսի ահռելի փոփոխություն է տեղի ունեցել, որ խոսքերով չես կարող արտահայտել: Դավիթը բոլորովին ուրիշ մարդ է այժմ, պահեր են լինում, որ նույնիսկ կասկածում եմ՝ իսկապե՞ս դա նույն տղան է»,- պատմեց Ե. Կիրակոսյանը:
\"\"Սասունի կյանքի պատմությունը, մյուս երեխաների համեմատությամբ, ամենասարսափելին էր: Պարզվում է, մանուկ հասակում երեխան մի քանի օր շարունակ անցկացրել է մահացած մոր կողքին, ինչի պատճառով էլ հետագայում նա հոգեկան լուրջ խնդիրների առաջ է կանգնել: Մեզ հետ զրույցում տնօրենը պատմեց, որ նա այժմ հաշվառված է հոգեբուժարանում: 1983 թվականին ծնված Սասուն Աթասյանը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանից՝ 1989 թվականին: Նախ Սասունին տեղավորել են Երեւանի թիվ 11 օժանդակ գիշերօթիկ դպրոց, ապա 2003-ին՝ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, որից հետո էլ նրան տեր է կանգնել «Ջերմիկ անկյուն» խմբային տան տնօրինությունը: Սասունն այժմ 28 տարեկան է:
Ելենա Կիրակոսյանի խոսքերով՝ «Ջերմիկ անկյուն» ծրագիրը ներկայացնում է առաջին երկարաժամկետ խմբային տունը Հայաստանում, որի նպատակն է տան բնակիչներին ապահովել ամբողջական եւ անհատական խնամքով՝ առաջ մղելով հաշմանդամ անհատների իրավունքները. «Յուրաքանչյուր հասարակություն, ով անհանգստանում է իր արատավոր քաղաքացիների համար, պետք է կարեւորի նաեւ հաշմանդամության խնդիրը»: Խմբային տան հոգեբան Անահիտ Իսկանդարյանը պատմեց, որ «նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին աշխատանքներ ենք տանում, նրանք շատ զգայուն են, ավելի շատ խնամքի կարիք ունեցող, նրանց հետ պետք է համբերատար լինել: Նրանցից շատերը շ  ուտ բռնկվող էին,
ըմբոստ, նյարդային: Աստիճանաբար ինձ հաջողվեց նրանց մտերմացնել, մենք ուրիշ ելք չունեինք. այդ երեխաներն ապրում էին մի տան մեջ եւ, բնականաբար, պետք է լինեին համերաշխ, այլապես ոչինչ չէր ստացվի, մեր ջանքերը ցանկալի արդյունք չէին տա»:
Խմբային տան բնակիչները հաճախում են Երեւանի պետական հումանիտար քոլեջ. սովորում ձեռարվեստի մասնագիտություն՝ ասեղնագործություն, գոբելենագործություն, գորգագործություն, նկարչություն, մաքրամե եւ այլն: Նրանց աշխատանքներով կազմակերպվում են ցուցահանդես-վաճառք, իսկ ստացված հասույթով՝ լուծվում տարբեր խնդիրներ:
Նշենք նաեւ, որ խմբային տունը ստեղծվել է 2005 թվականին: Կազմակերպության հիմնադիրն է «Խաղաղության կորպուս» միջազգային կազմակերպության նախկին կամավոր Նաթալի Ռիզիերին: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել