Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք «ԱՊՊԱքաղաքականացված ենք»

Հունիս 14,2011 00:00

Շաբաթ օրը կայացած ասուլիսում «Ռոսգոսստրախ Արմենիայի» գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը տեղեկացրեց, որ ԱՊՊԱ-ի ներդրման վեց ամիսների ընթացքում իրենք ընդհանուր առմամբ գոհ են արդյունքներից: Պարոն Գրիգորյանը փաստեց, որ ԱՊՊԱ-ն ԱՊՀ տարածքում ամենաարագը Հայաստանում է ներդրվել: Պարոն Գրիգորյանը կարծում էր, որ նախընտրական այս շրջանում ապահովագրական ընկերությունների հետ կապված շահարկումներ կլինեն, թե դրանք գերշահույթներ են ստանում եւ այլն, սակայն նա վստահեցրեց, որ նման շահարկումները անհիմն են, քանի որ իրականում ոչ մի գերշահույթ էլ չկա: «15% միջնորդավճար տալիս ենք ԱՊՊԱ վաճառող գործակալներին, բազմաթիվ նոր տարածքներ ենք վարձակալել, սեփական գործակալական ցանց ենք ստեղծել՝ նոր աշխատակիցների մեծ թիվ ներգրավելով՝ նախկին 100 աշխատակիցներից բացի՝ ընդունելով եւս 700-750 գործակալի»: «Մենք ԱՊՊԱքաղաքականացված ենք»,- հայտարարեց պարոն Գրիգորյանը:
Այսօրվա դրությամբ «Ռոսգոսստրախը» գրավել է ԱՊՊԱ-ի շուկայի մոտ 36%-ը: Համաձայն Հայտերի կարգավորման կենտրոնի կողմից տրամադրված տվյալների՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի գործողության սկզբից ՃՏՊ-ներում տուժած քաղաքացիներին «Ռոսգոսստրախ Արմենիան» արդեն վճարել է 620 միլիոն դրամ:
Անցած 5 ամիսների ընթացքում այս ընկերությունը գրանցել է 5000 ապահովագրական պատահար, ընդ որում՝ Երեւանում տեղի ունեցած ՃՏՊ-ների թիվը 2,6 անգամ գերազանցում է մարզերի համանման գումարային ցուցանիշը: Ընկերությանը ներկայացված ԱՊՊԱ-ի գծով հայտային դիմումների ընդհանուր քանակը կազմել է 3040, որոնցից 2670-ն արդեն կարգավորված է, 351-ը գտնվում է դիտարկման փուլում, եւ մերժվել է ընդամենը 19-ը, որը կազմում է հայտային դիմումների ընդհանուր քանակի 0,7%-ից պակաս: Մերժման հիմնական պատճառները հանդիսացել են՝ միեւնույն սեփականատիրոջը պատկանող ավտոմեքենաների բախումը, միեւնույն ընտանիքի անդամներին պատկանող ավտոմեքենաների բախումը, օբյեկտին բախումը (օրինակ՝ բախումը հողաթմբին), այսինքն՝ երրորդ անձի բացակայությունը:
Միջին վճարված հատուցումը կազմել է 200 հազար դրամ, գույքային վնասի գծով վճարված առավելագույն ապահովագրական հատուցման գումարը կազմել է 1,5 միլիոն դրամ: 58 դեպքերում հատուցումը գերազանցել է 1 միլիոն դրամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել