Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը թանկ քաղաքների ցուցակում չկա

Հունիս 14,2011 00:00

\"\"Tert.am-ը, հիմնվելով միջազգային ընկերությունների տվյալների հիման վրա, ներկայացրել է զբոսաշրջիկների համար ամենաթանկ քաղաքների ցուցակը: Employment Conditions Abroad ընկերությունը տարեկան երկու անգամ համեմատում է օտարերկրացիների համար ծառայությունների եւ պարենային զամբյուղի արժեքն աշխարհի 400 քաղաքներում: ECA–ի հերթական ուսումնասիրության համաձայն՝ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն պահպանել է աշխարհի ամենաթանկ քաղաքի տիտղոսը: Տոկիոյից բացի, աշխարհի ամենաթանկ քաղաքների տասնյակում հայտնվել են Ճապոնիայի այլ քաղաքներ եւս՝ Նագոյան (3), Յոկոհաման (5) եւ Կոբեն (9): Գլխավոր գործոնը, որը ճապոնական քաղաքներն այդքան «թանկ» է դարձնում, ուժեղ իենն է: Ուժեղ արժույթ ունեն նաեւ ասիական այլ երկրներ. Սինգապուրն, օրինակ, իր դոլարի շնորհիվ մեկ տարվա ընթացքում բավական «տպավորիչ» թռիչք է կատարել՝ 68–ից 36–րդ հորիզոնականում հայտնվելով: Նման պատկեր նկատվում է ասիական այլ քաղաքներում եւս, օրիակ՝ Ուլան Բատորում, Բանգոկում եւ Կուալա Լումպուրում, որոնք հայտնվել են համապատասխանաբար 23–րդ, 20–րդ եւ 16–րդ հորիզոնականներում:
Կյանքը զգալիորեն թանկացել է նաեւ Սիդնեյում՝ ավստրալական դոլարի ամրապնդման հաշվին (Սիդնեյը 30-ից հայտնվել է 16-րդ հորիզոնականում), ինչպես նաեւ Ցյուրիխում (10-ից 6-րդ հորիզոնականում է հայտնվել)՝ շնորհիվ ուժեղ շվեյցարական ֆրանկի եւ ցածր ինֆլյացիայի:
Հատկանշական է, որ օտարերկրացիների համար շատ թանկ է ապրելը Լուանդեում՝ Անգոլայի մայրաքաղաքում, որը պատվավոր 7–րդ տեղն է զբաղեցնում:
Իսկ եվրոպական շատ երկրներում, եվրոյի անկման պատճառով, օտարերկրացիների համար համեմատաբար մատչելի է դարձել ապրելը. եթե մեկ տարի առաջ Սինգապուրում եւ Ֆրանկֆուրտում զամբյուղների արժեքները մոտավորապես նույնն էին, ապա այժմ սինգապուրյանը գերմանականից 9%-ով թանկ է:
Եվրոպայում ամենաթանկ քաղաքները Նորվեգիայում են. Օսլոն (2–րդ հորիզոնական), Ստավանգերը (4-րդ): Առաջին տասնյակում հայտնվել են նաեւ երկու շվեյցարական քաղաքներ՝ Ցյուրիխը եւ Բեռնը: Մոսկվան ցուցակում 14–րդ հորիզոնականն է զբաղեցնում, Սանկտ Պետերբուրգը՝ 36–րդ, Բաքուն՝ 49–րդ հորիզոնականները:
www.eca-international.com կայքում հրապարակված է օտարերկրացիների համար հիսուն ամենաթանկ քաղաքների ցանկը միայն. առաջին հիսնյակում Երեւանը չի հայտնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել