Մտավախություն կա, որ որքան էլ հակաքարոզչություն տարվի Անթալիայում հանգստանալու համար, այս տարի այնտեղ հանգստացող հայերի թիվն ավելի մեծ է լինելու:
Արդեն սկսվել է ամառային հանգստի սեզոնը, եւ բոլորին տանջում է այն միտքը, թե ուր գնալ հանգստանալու: Ինչպես գիտենք, հայերն արդեն քանի տարի է՝ հանգստանալու են մեկնում հիմնականում Վրաստան եւ Անթալիա, նախորդ տարի նաեւ մեծ պահանջարկ էր վայելում Թունիսը, սակայն այս տարի տուրգործակալություններն այլ սպասելիքներ ունեն. տարեսկզբի թունիսյան իրադարձությունները «խրտնեցրեցին» պոտենցիալ տուրիստներին, ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այդ երկիրը տուրգործակալություններին դեռ իր գնացուցակը չի տվել, բայց կասկածներ կան, որ այս տարի Վրաստանում հանգիստը բավականին թանկ է լինելու, ուստի տուրիզմի հիմնական ուղղությունը լինելու է Անթալիան:
Անցյալ տարի կառավարական մակարդակով ընդգծված քարոզչություն էր գնում Անթալիայի դեմ. այն հայերին, որոնք նախընտրում էին Թուրքիայի բյուջեն լցնել, ազգի դավաճաններ ու թշնամիներ էին կոչում, սակայն կյանքը ցույց տվեց, որ 50 հազար հայ զբոսաշրջիկ էլի նախապատվությունը տվեց Անթալիային: Իսկ այս տարի, եթե Վրաստանը գները նորից թանկացնի, իսկ Եգիպտոսի, Բուլղարիայի, Իսպանիայի ու Արաբական Էմիրությունների առաջարկները մատչելի չլինեն, հայ տուրիստների մեծ մասը հանգստանալու է մեկնելու Թուրքիայի առողջարանային քաղաքներ ու հանգստյան գոտիներ: Մեզ հետ զրույցում «Ճանապարհորդի ակումբ» տուրիստական հ/կ-ի նախագահ Արմեն Երանոսյանը նույնպես կարծիք հայտնեց, որ այս տարի Անթալիա մեկնողների թիվը չի պակասի. «Տուրգործակալություններն արդեն սկսել են իրենց գրավիչ գովազդները, իսկ դա մեծ ուժ է եւ խթանում է, որ հայերը հանգստանալու գնան Թուրքիա»: Նշենք, որ Անթալիայից բացի, մեծ պահանջարկ կա նաեւ Թուրքիայի Բոդրում հանգստավայրի նկատմամբ, ուստի որքան էլ ջանան մեր պետական այրերը, այս շրջանում հայերը բավականին խոշոր մուտք են կատարելու Թուրքիայի բյուջե:
Որպես էկզոտիկ եւ մատչելի հանգստավայր՝ հայերի շրջանում պահանջարկ կա նաեւ Իտալիայի նկատմամբ, թեեւ այդ երկիր մեկնողներին հիմնականում տանջում է դեսպանատան հարցը: Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի դեսպանատները համարվում են մեծ խոչընդոտներ, եւ հենց միայն դեսպանատան խնդիրների պատճառով շատերը հրաժարվում են այդ երկրներում հանգիստն անցկացնելուց:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներգնա տուրիզմին, ինչպես ամեն տարի, այս տարի էլ Ազգային վիճծառայությունը ճոխ-ճոխ թվեր է ներկայացրել, թե գնալով աճում ու աճում են Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը, թե միայն այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության ներսում զբոսաշրջիկների թիվը իբր թե կազմել է 37,5 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 13,9%-ով ավելի է: Այս թվերին նայելով՝ կարելի է միանշանակ պնդել, թե Հայաստանը դառնում է է՛լ ավելի գրավիչ՝ տուրիզմի համար: Մինչդեռ վիճծառայության թվերը մի բան է, իրական պատկերը՝ այլ բան: Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հրապարակված «Զբոսաշրջության ու ճամփորդության ոլորտում մրցունակության ինդեքս (Travel & Tourism Competitiveness IndexI) 2011» վարկանիշային աղյուսակը պարզ պատկերացում է տալիս, թե Հայաստանը ինչ տեղ է զբաղեցնում տուրիզմի զարգացման ոլորտում եւ իրականում այդ աճերն ու թռիչքները մեզ ուր են հասցնում: Եվրոպական երկրների տուրիզմի մրցունակության վարկանիշային աղյուսակի համաձայն, 42 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է ամենավերջին հորիզոնականներից մեկը` ապացուցելով, որ այնպիսի երկիր ունենք, որտեղ տուրիզմը առաջընթաց չի ապրում, եւ հույս էլ չկա, որ այդ ոլորտը մեզ համար եկամտաբեր կհամարվի: Մենք այս առումով Սերբիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Մոլդովայի նման երկիր ենք: Թուրքիան 139 երկրների շարքում զբաղեցնում է 50-րդ հորիզոնականը, Ռուսաստանը՝ 59-րդ, Վրաստանը՝ 73-րդ, իսկ առաջատարն այս առումով Շվեյցարիան է:
Մեր կառավարությունը մեծ հույսեր է կապում, որ գոնե ռուս զբոսաշրջիկները կնախընտրեն հանգստանալ Հայաստանում, թեեւ այդ հույսերը ամեն տարի էլ լինում են ու չեն արդարանում: Մարդիկ պահանջարկ ունեն էքսկլյուզիվ, հետաքրքիր հանգստի, իսկ Հայաստանում արդեն տարիներ շարունակ տուրիստներին փորձում են գրավել միայն Սեւանով, Գառնիով ու նույն շաբլոն առաջարկներով: Հավանաբար այդ է պատճառը, որ Հայաստանում հանգստանալ ցանկացողների 90 տոկոսին «խլում» է Ղարաբաղը: