Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավախահայության չարաբաստիկ «90 օրերը»

Հունիս 14,2011 00:00

\"\"Երեկ առավոտյան ՀՀ ՊԵԿ-ի Շիրակի տարածաշրջանային «Բավրա» սահմանային անցակետի աշխատակիցները Ջավախքի բնակիչ, Վրաստանի քաղաքացիություն ունեցող Ս. Շահինյանին արգելել են սեփական մեքենայով մտնել ՀՀ տարածք: Պատճառաբանությունը հետեւյալն է. «Ապ ջան, քո սեփական մեքենայով ՀՀ-ում գտնվելու առավելագույն տարեկան ժամկետը՝ 90 օրը, արդեն լրացել է, կամ գնա անձնագիրդ փոխի, կամ գնա ավտոդ մեկ ուրիշին «գենդավերնոստով» տուր, թող նա գա՝ դու էլ կողքը նստած, հիմա հետ դարձիր»:
ՀՀ ՊԵԿ-ի՝ տարեսկզբին ընդունած որոշմանը, որով այլ երկրի քաղաքացիները, այս դեպքում նաեւ՝ Ջավախքի բնակչությունը սեփական մեքենայով ՀՀ տարածքում կարող են գտնվել տարեկան առավելագույնը 90 օր, իսկ յուրաքանչյուր ՀՀ մուտք գործելուց ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 15 օր, բազմիցս անդրադարձել ենք:
Վերջերս Հանրային հեռուստատեսության հաղորդումներից մեկի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի տեղակալ Ա. Ալավերդյանն այս դժգոհությանը արձագանքեց՝ նշելով, որ «կյանքը սառած երեւույթ չէ, մենք եթե տեսանք, որ այդ 90 օրը մարդկանց մեջ դժգոհություններ կառաջացնի, կվերանայենք մեր մոտեցումները»: Նշենք, որ այսօրվա դեպքը նախակարապետն է Ջավախք-ՀՀ անջրպետի հետագա խորացման: Որ այս որոշումը ոչ միայն ջավախահայությանը բարոյազրկելու, ՀՀ-ից մեկուսացնելու անպատասխանատու քայլ էր, այլեւ ՀՀ-ի տնտեսությանը մեծ վնաս՝ նույնպես անդրադարձել ենք: Քանի որ բացատրություն ուղղակի չկա այն հարցին, թե ինչ վնաս պետք է հասցնի ՀՀ տարածքին այն օտարերկրացին (ջավախեցին), որն իր սեփական մեքենայով կուզենար իր մեկանգամյա մուտքով մնար ՀՀ-ում ոչ թե 15, այլ 35 օր կամ տարվա կտրվածքով, օրինակ, 90-ի փոխարեն 100 օր: Իսկ ՀՀ կառավարության ներկայացուցիչներն արդարանում են, թե մենք հարցը լուծել ենք. որոշակի «շերտի» մարդիկ, ովքեր ցույց կտան աշխատանքային պայմանագրեր, ուսանողական տոմսեր եւ այլն, կարող են ավելի երկար մնալ ՀՀ-ում: Արդեն նշեցինք, որ, ենթադրենք, մարդ «ոչ մի բան է», տուրիստ է կամ պարզապես ՀՀ-ում է, հետեւաբար՝ փող է ծախսում, ի՞նչ վնաս: Ինչո՞ւ է հայրենի կառավարությունն ստեղծում սատանա, հետո սկսում պայքարել դրա դեմ, իսկ ջավախահայությանը՝ ՀՀ թույլատրելու համար ստիպված լինում ենթարկել կաստայական շերտավորման: Հարցն առավել մտահոգիչ է դառնում, երբ հաշվի ենք առնում հետեւյալը. ջավախահայությունը ինչպես արցախյան գոյապայքարում եւ հաղթանակում, այնպես էլ հայոց երիտասարդ հանրապետության հիմնադրման ու կայացման գործընթացում իր անփոխարինելի լուման ունի՝ առավել, քան կառավարության մեջ ներկայումս իրերի բերումով գտնվող ներկայացուցիչների ծանրակշիռ մասը: Իսկ այն պարագայում, երբ ՀՀ-ն շրջափակող ջավախյան նորակառույց ճանապարհներին այսօր զրնգում է թուրք-ադրբեջանական դափ ու զուռնան՝ հորթի հրճվանքով ծափ զարկելը, ջավախահայությանը մեկուսացնելը եւ բարոյազրկելը, նշանակում է, նժդեհյան բառերով ասված, լինել «իգացեալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել