Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Հունիս 14,2011 00:00

\"\"Պաշտպանության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ Կեդրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը ԼՂՀ հարցի հանգուցալուծման նախադրյալներ չի տեսնում:

Հունիսի 25-ին Կազանում կայանալու է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Տարբեր տրամաչափի միջազգային գործիչներ այդ առիթով այս օրերին հայտարարություններ են անում, որ ԼՂՀ հարցի վերաբերյալ մեծ համաձայնագրի հիմնական սկզբունքները այդ հանդիպման ժամանակ ստորագրվելիք փաստաթղթով պետք է համաձայնեցվեն, իսկ համաձայնեցումը նշանակում է առնվազն երկու ազատագրված շրջանի վերադարձ: Հնարավոր համարո՞ւմ եք նման լուծումը, «Առավոտի» հարցին  պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Մեծ համաձայնագրեր» մենք տեսել ենք առնվազն երկու անգամ՝ 1997-ին եւ 2007-ին: Տեսել ենք նաեւ 2008-ի հայ-թուրքականը: Դրանք բոլորը եղել են դրսից պարտադրվող եւ չեն իրականացվել»: Ակնհայտ համարելով բանակցությունների զգալի ակտիվացումը՝ մեր զրուցակիցը գտնում է, որ ԼՂՀ հարցի իրական լուծումը կարող է լինել միայն երկու դեպքում. երբ առկա կլինի մեծ համաձայնություն գերտերությունների միջեւ եւ, իհարկե, ոչ միայն ԼՂՀ հարցով, եւ երբ երկու ազգերը հաշտվելու պատրաստ կլինեն: «Այսօր ոչ միայն չկան այս կարեւորագույն նախադրյալներից եւ ոչ մեկը, այլեւ խորանում են հակասությունները գերտերությունների միջեւ եւ ատելությունը երկու ազգերի միջեւ: Այս պայմաններում ցանկացած պարտադրված լուծում տանելու է դեպի պատերազմ»,- վստահ է պարոն Շիրխանյանը: Նրա տպավորությամբ, կարծես թե Ադրբեջանում իշխող կլանը ըմբռնել է այն պարզ ճշմարտությունը, որ նոր պատերազմի արդյունքում Ադրբեջանը վերջնականապես կքայքայվի, եւ ամենակարեւորը՝ իրենք կզրկվեն իրենց շքեղ գոյակերպից. «Չեմ զարմանա, եթե առաջիկայում բանակցություններ սկսվեն տարածքների փոխանակման եւ Արցախի անկախության ճանաչման շուրջ: Ստատուս-քվոյի պահպանումը այսօր Ադրբեջանի ղեկավարության համար իշխանությունը պահելու միակ ճանապարհն է»:
Կիսո՞ւմ է Վահան Շիրխանյանը հատկապես ընդդիմության շրջանում արմատավորված այն կարծիքը, որ ԼՂՀ հարցում միջազգային ճնշումների հետեւանք էին հայաստանյան վերջին ներքաղաքական զարգացումները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, երկխոսության պատրաստակամության մասին հայտարարությունները: «Ուղիղ հակառակը: Արտաքին ուժերի ճնշումները նպատակ ունեն Հայաստանին Արցախի հարցում պարտադրել զիջումներ: Ուրեմն ինչո՞ւ պետք է նրանք շահագրգռված լինեին բանտերից հանել ազատամարտի հերոսներին՝ Սասունին, Սմբատին, Հակոբին, Մուշեղին, Հովիկին եւ մյուսներին, որոնց ներկայությունը հասարակության մեջ արդեն իսկ ոգեշնչող է: Իսկ երկխոսության միջոցով ներքաղաքական կայունություն ապահովելը օրակարգային հարց է ցանկացած իշխանության համար, առավել եւս Հայստանի համար, որը ունի հասարակության համախմբման գերկարեւոր խնդիր: Իրական ժողովրդավարության հիմքը երկխոսությունն է: Բայց այն պետք է լինի բոլոր ուժերի հետ՝ ծայրահեղականից մինչեւ կառուցողական, այլապես դա չի լինի երկխոսություն իշխանության եւ քաղաքական դաշտի միջեւ»,- ասաց մեր զրուցակիցը: Ի դեպ, տարիներ շարունակ խոսվում էր «թեժ աշնան» մասին, բայց ապարդյուն: Այս աշունը «սպառնո՞ւմ» թեժ լինել՝ հարցին էլ մեր զրուցակիցն արձագանքեց. «Եթե «թեժ» ասելով հասկանում ենք հեղափոխական, ապա այդպիսին դժվար թե լինի: Ամեն ինչ կախված է իշխանության քայլերից: Եթե նա ընդունի հայեցակարգային փոփոխություններ կառավարման համակարգում, հեռացնի անսրտացավ, անտարբեր, անգրագետ եւ պարզապես գող ու կաշառակեր չինովնիկներին, ապա քաղաքական մթնոլորտը զգալիորեն կառողջանա, իսկ եթե շարունակի իրավիճակը մի կերպ պահելու գործելակերպը, ապա սոցիալական ծայր աստիճան լարվածությունը կապահովի «թեժ» աշունը: Այսօր արդեն երիտասարդներն են մուրացկանությամբ զբաղվում»: Իսկ թե ի՞նչ հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը, Վահան Շիրխանյանը մանրամասնեց. «Դրանց հիմքում պետք է լինի սոցիալական արդարության հաստատումը լիբերալից սոցիալ-դեմոկրատական համակարգի անցման միջոցով: Այս ուղուն այլընտրանք չկա: Պետք է ուշադիր ուսումնասիրել ԱՄՀ-ի (Արժույթի միջազգային հիմնադրամ) գործադիր տնօրեն Դոմինիկ Ստրոս-Կանի ինքնախոստովանում-զեկույցը (այն հրապարակվել էր վերջինիս անվան շուրջ սկանդալային պատմություններից առաջ- Ն. Գ.) առ այն, որ «համաշխարհային ճգնաժամի հասունացման մեջ ԱՄՀ-ի դերը մեծ է», որ «արեւմտյան տնտեսական համակարգի հիմնարար սկզբունքները կենսունակ չեն, նույնիսկ վտանգավոր են», որ «անվերահսկելի ֆինանսական շուկան, լիբերալ հարկերը համաշխարհային տնտեսական ճգնաժամը դարձրին անխուսափելի», որ համաշխարհային ճգնաժամը ապացուցեց վաշինգտոնյան կոնսենսուսի «վնասարարությունը», որ «վաշինգտոնյան կոնսենսուսը» իր պարզունակ տնտեսական պատկերացումներով եւ դեղատոմսերով փլվեց միջազգային տնտեսության ճգնաժամի ժամանակ եւ մնաց հետեւում, որ այլեւս պետք է ստեղծել նոր տնտեսական համակարգ, որտեղ «ֆինանսական ոլորտը վերահսկվի պետության կողմից», որ եկամուտները եւ բարիքները այսուհետ պետք է «բաշխվեն արդարության սկզբունքով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել