Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԻՑ ՀԵՏՈ

Հունիս 14,2011 00:00

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է ԱՄՆ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Թոմաս Մելիայը խնդրել է տեղեկացնել 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի՝ մասնավորապես 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Աղվան Հովսեփյանն ի պատասխան՝ մասնավորապես շեշտել է, որ այս պահին եւս պատրաստ են ընդունել միջազգային փորձագետի, մասնագետի, ով կարող է օգնել, օժանդակել նախաքննական մարմնին: «Քրեական գործով կազմվել է ավելի քան 300 հատոր, ուսումնասիրվել են բազում տեսաձայնագրություններ, վերարտադրվել է զանգվածային անկարգությունների ընդգրկման գրեթե ողջ տարածքը,- նշել է Ա. Հովսեփյանը,- հստակեցվել են մահացած անձանց դեպքերի վայրերը, փորձաքննության են ուղարկվել բոլոր այն հատուկ միջոցները, զենքերը, որոնք այդ օրը եղել են իրավապահ մարմինների աշխատակիցների, զինծառայողների մոտ, առգրավվել են զորամասերի մատյանները, որտեղ գրանցվել է, թե ովքեր են զենք ստացել, ով քանի փամփուշտ է ստացել, ով քանիսն է վերադարձրել»:
Թ. Մելիայը հետաքրքրվել է նաեւ, թե մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո ի՞նչ արդյունքներ կան, նախաքննական մարմնին հաջողվե՞լ է արդյոք անհատականացնել մեղավոր անձանց շրջանակը: Քննչական խմբի ղեկավար Վ. Հարությունյանը տեղեկացրել է, որ քննչական գործողությունները երբեւէ չեն կասեցվել, նախաքննական մարմինը մշտապես աշխատանքներ է տարել կատարված հանցագործությունների բոլոր դեպքերի, դրվագների եւ հատկապես մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ. «ՀՀ նախագահի հանձնարարականից հետո լրացուցիչ համալրվել է քննչական խումբը, կատարվել են մի շարք քննչական գործողություններ, հարցաքննվել են ավելի քան 70 վկաներ, տրվել են մեկ տասնյակից ավելի օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ, մեկ անգամ եւս վերանայվել են հնարավոր բոլոր վարկածները, ապացուցողական բազան, ակնկալվում է հարցաքննել մոտ 500 անձի, ովքեր եղել են դեպքի վայրում»: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կատարված աշխատանքով հանդերձ՝ դեռ չի հաջողվել ամբողջությամբ բացահայտել 10 անձանց մահվան հանգամանքները. «Այդ առումով օբյեկտիվ են հասարակական, քաղաքական շրջանակների, տուժողների իրավահաջորդների կողմից հնչող հարցադրումները, սակայն օբյեկտիվ են նաեւ այն խոչընդոտները, այն հանգամանքները, որոնք դժվարություններ են ստեղծում նախաքննական մարմնին. իրադարձությունները տեղի են ունեցել գիշերով, բազմահազար անձանց մասնակցությամբ, մի քանի հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող բնակելի հատվածում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել