Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի երկու գործ է փակվել

Հունիս 14,2011 00:00

Սակայն Եվրոպական դատարանում Հայաստանի զինդատախազ ներկայացուցիչը նախընտրել է խոսել միայն «Ա1+»-ի գործով վճռի կատարման քննությունը փակելու մասին:

Եվրոպայի խորհրդի կայքէջում միայն երեկ վերջապես հրապարակվեցին այն որոշումները, որոնք ԵԽ նախարարների կոմիտեն կայացրել էր հունիսի 7-8-ի հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը:
«Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի կատարման քննությունը, ըստ ընդունված բանաձեւի, փակված համարելու համար հիմք է ծառայել մասնավորապես այն, որ 2010 թվականի դեկտեմբերին դիմումատու ընկերությունը մասնակցել է մրցույթի եւ ՀՌԱՀ-ից ստացել չպատճառաբանված որոշում եւ «հնարավորություն ունի վիճարկել մրցույթի արդյունքները Հայաստանի Հանրապետության դատարաններում»: Նախարարների կոմիտեն ի գիտություն է ընդունել իշխանության պարտավորվածությունը, որ ՀՌԱՀ-ը լիարժեք ու պատշաճորեն է հիմնավորելու իր որոշումները՝ ինչպես հաղթողների, այնպես էլ մրցույթի բոլոր մասնակիցների վերաբերյալ: Հիշեցնենք, որ արտոնագիր տրամադրելու կամ չտրամադրելու որոշումը պատճառաբանելու մասին պնդում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նոր խմբագրության տարբերակում 2010-ի հունիսին տեղ գտավ միայն վերջին պահին՝ լրագրողական կազմակերպությունների բազմաթիվ բողոքներից հետո: Օրենքը լրամշակողները մինչ այդ մերժում էին տվյալ պահանջը՝ պատճառաբանելով, թե արտոնագրման մրցույթները նման են «գեղեցկության մրցույթների», եւ հնարավոր չէ հիմնավորել մերժման որոշումը:
ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած բանաձեւում հիշեցված է նաեւ, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքն այժմ էլ է փոփոխվում, եւ սա դիտված է իբրեւ հնարավորություն՝ ՀՌԱՀ-ին պարտավորեցնելու ներկայացնել հեռարձակման արտոնագրման վերաբերյալ բոլոր որոշումների ամբողջական հիմնավորումները:
ԵԽ նախարարների կոմիտեն փակել է նաեւ «Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման քննությունը: Այս գործով ճանաչվել էր արդար դատավարության իրավունքի խախտումը: Սակայն ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը, որն այժմ նաեւ զինվորական դատախազ է՝ միայն «Ա1+»-ի գործը փակելու մասին էր ազդարարել էլեկտրոնային գրեթե բոլոր լրատվամիջոցներով: Լռության պատճառները թերեւս հասկանալի են, եթե հաշվի առնենք այս համակարգի համար թերեւս բնութագրական գործի մանրամասները:
Հիշեցնենք, որ Հարությունյանը 1999-ին լինելով զինծառայող՝ 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել կանխամտածված սպանության համար: Սակայն եվրոպական դատարանը հաստատված համարեց, որ նրա ինքնախոստովանությունը եւ երկու վկաների ցուցմունքները խոշտանգումների հետեւանք էին: Մինչդեռ Հայաստանի իշխանությունը ՄԻԵԴ-ում խայտառակ պատճառաբանություն էր ներկայացրել, թե խոշտանգումներն արվել են հանուն ճշմարտության բացահայտման: Իսկ դատարանը եզրակացրեց, որ անկախ ամեն ինչից՝ «նման ապացույցներ օգտագործող դատավարությունն ամբողջությամբ անարդար է»: 4 հազար եվրո՝ նյութական վնասի համար, այս գործով վճարվել էր դեռ 2007-ի հոկտեմբերին: 4 տարի կալանքի տակ գտնված Հարությունյանը 2003-ին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել: Սակայն արդեն ՄԻԵԴ վճռից հետո՝ 2010 թվականի մարտի 22-ին, Սյունիքի մարզի դատարանն այս գործով նոր վճիռ էր կայացրել եւ Հարությունյանին էլի մեղավոր ճանաչել կանխամտածված սպանության մեջ ու դատապարտել 10 տարվա ազատազրկման: Բայց հաշվի առնելով, որ նա արդեն կրել է ազատազրկում՝ ազատ են արձակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել