Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՈՉ ԹԵ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ, ԱՅԼ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱԿ-Ի ԻՆՏԵԳՐՎԵԼՈՒ ՍԿԻԶԲ Է

Հունիս 14,2011 00:00

\"\"Վստահ է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը

– ՀՀԿ-ի գործիչները միայն երկխոսության ձախողումից հետո սկսեցին խոսել այն մասին, որ դրանով փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե պետության ներսում կա միայն երկու քաղաքական ուժ՝ իշխանությունը եւ ՀԱԿ-ը, որոնք պիտի բանակցեն միմյանց հետ: Մինչդեռ, ըստ նրանց՝ երկխոսությանը պետք է մասնակցեն նաեւ խորհրդարանական ընդդիմադիրները՝ «Ժառանգությունը» եւ ՀՅԴ-ն: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը, որ այժմ «Ժառանգության» մասին էլ հիշեցին:
– Ընդհանրապես չեմ ուզում անդրադառնալ, թե կողմերից ով ինչ է ասում: Պետք է արձանագրել, որ այս կարճ ընթացքում՝ մարտի կեսից սկսած, Լեւոն Տեր-Պետրոսյանին հաջողվեց ՀԱԿ-ին հակադրել հիմնական ընդդիմադիր ուժերին: Նրա վերջին ելույթներում քննադատությունը հնչում է գերազանցապես ընդդիմության հասցեին:
Երկխոսության առաջին փուլն է ավարտվել, եւ կողմերից յուրաքանչյուրը ստացել է այն, ինչ ակնկալում էր: ՀԱԿ-ը ստացավ քաղբանտարկյալների ազատ արձակում, իսկ իշխանությունն էլ՝ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից որոշակի մեղմացում: Ողջույնի խոսքերն ու հաճոյախոսությունները, որոնք ասվեցին համաներումից հետո՝ վկայում են, թե որոշակիորեն նահանջել են արտաքին ճնշումները: Սակայն մեղմացում եղավ ոչ թե հայ հանրության լայն շերտերի եւ իշխանության միջեւ, այլ ՀԱԿ-ի եւ իշխանության, որից չեմ կարծում, թե հասարակությունը շոշափելի արդյունք ստացավ։
– Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններից ու Սերժ Սարգսյանի՝ դրանց հետեւած գործողություններից տպավորություն էր առաջացել, թե նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների հրապարակային իրականացման ականատեսն ենք: Սակայն այժմ, երբ ՀԱԿ-ի պատվիրակության ձեւավորումից հետո ակնհայտ դարձավ, որ ո՛չ այդ ձեւաչափը, ո՛չ էլ օրակարգն ընդունելի չեն իշխանության համար՝ արդյոք հարցական չէ՞, թե իրոք եղել են նախնական պայմանավորվածություններ:
– Այդ տպավորությունը, թե նախապես ծրագրված էր այս ամենը՝ իրոք կա եւ ունի իրական հիմքեր: Հասկանալի էր, որ սա աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից որոշակիորեն ուղղորդված ու երաշխավորված երկխոսություն էր: Բայց հարցն այն է, թե մինչեւ ո՞ւր է համաձայնեցված այս սցենարը: Կարծում եմ՝ եթե շարունակվի երկխոսությունը, այն արդեն ոչ թե իրավիճակի, պահի արձագանքը կլինի, այլ կվերածվի գաղափարական համագործակցության: Եվ եթե միջնորդների կողմից ուրվագծված սցենարն ընդգրկում է նաեւ այդ համագործակցությունը՝ շատ պարզ է նաեւ, որ այն ընթանալու է Ղարաբաղի եւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջ: Եթե իշխանությունը ոչ թե դիվանագիտական խաղ է խաղում՝ ժամանակ ձգձգելու համար, ասելով, թե կողմ է Մադրիդյան սկզբունքներին կամ արձանագրությունների վավերացմանը, այլ դա իրոք իր դիրքորոշումն է՝ իսկապես ունի ՀԱԿ-ի հետ քաղաքական համագործակցության կարիքը: Միջազգային կառույցներն էլ են հասկանում, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական այլ ուժ, որը կարող է սատարել իշխանության այս դիրքորոշմանը: Միակ ուժը, որն ինչ-որ առումով պետք է լեգիտիմացնի իշխանությանը եւ կարող է «ուժեղացնել»՝ օգնելու լուծել այս հարցերը, ՀԱԿ-ն է: Սրա դիմաց իշխանությունը, բնականաբար, պետք է որոշակի զիջումներ անի: Բայց չեմ կարծում, թե քաղաքականության հետ փոքրիշատե կապ ունեցող որեւէ մեկն իրոք հավատում է, թե զիջումը կարող են լինել արտահերթ նախագահական ընտրությունները: Չեմ կարծում, թե դա հնարավոր է՝ ուզում ես՝ կիսաբաց դռնից ներս մտիր, ուզում ես՝ հրապարակ հավաքիր՝ առավել եւս, այս գործընթացներից հետո: Բայց զիջում կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Եվ այժմ հնարավոր գործարքը կարծես ընթանում է այն ուղղությամբ, թե իշխանությունը կհամաձայնի՞ այդ ընտրություններին, թե՞ ոչ: Բնականաբար՝ այդ ընտրությունները ոչ թե իշխանափոխություն են, այլ իշխանության մեջ ՀԱԿ-ի ինտեգրվելու գործընթացի սկիզբ: Եթե լինի գաղափարական-քաղաքական համագործակցություն՝ հենց դա՛ կլինի իրական կոալիցիան: Եվ այս առումով՝ ակնհայտ է, որ հնարավոր է իրականացվի գործարք՝ առաջիկայում պետական կառույցներում եւ մասնավորապես օրենսդիր մարմնում ՀԱԿ ներկայությունն ունենալու համար:
– Այն, որ իշխանությունն առայժմ չի անում ՀԱԿ-ին ընդառաջ հաջորդ քայլը՝ նշանակում է, թե բավարա՞ր են համարում արտաքին որոշ մեղմացումը եւ այլեւս չունե՞ն առավել ուժեղանալու կարիք: Գուցե սա նաեւ ցուցիչ է, որ ԼՂ հարցում բեկում չի՞ սպասվում, որ առաջանար թիկունքն ապահովելու խնդիր:
– Այժմ իրոք սպասողական վիճակ է՝ չեմ կարծում, թե իշխանությունը միանշանակ «այո» կամ «ոչ» է ասել: Եվ ճիշտ է, որ ի վերջո՝ պետք է իր խոսքն ասի Սերժ Սարգսյանը: Սպասողական վիճակը կարող է ձգվել մինչեւ Կազանի հանդիպումը: Եվ եթե իրոք այնտեղ որոշիչ քայլեր չեն սպասվում՝ ուրեմն, իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ կզգա, ներքին մանեւրումների եւ ՀԱԿ-ի կարիքը, կարծում եմ, չի ունենա: Ինչեւէ, ՀԱԿ ը փորձում է կարեւորել առաջիկա հանդիպման նշանակությունը եւ այդ համատեքստում պարտադրել երկխոսություն-համագործակցության անհրաժեշտությունը։
– Եթե իշխանությունն այդպես էլ հրաժարվի բանակցություններից՝ ի՞նչ քայլեր ունի ՀԱԿ-ը: Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում արաբական հեղափոխությունների հետ զուգահեռներ էր տանում ու խոստանում, թե երկխոսության ձգձգման կամ սաբոտաժի դեպքում կարող են «կիրառել .ժողովրդի համախմբման միջոցով իշխանության վրա ճնշում բանեցնելու փորձված եւ արդեն իսկ հաջողություններ արձանագրած մեթոդը»:
– Ինքն իրեն արդեն փակուղու առջեւ է կանգնեցրել, շարունակ հայտարարելով, թե մեր պետությունն ունի լուրջ խնդիրներ, ազգային հարցեր, որոնք պահանջում են ներքաղաքական կայունություն: Ու չեմ պատկերացնում, թե սահմանված այս նշաձողից հետո ինչպե՞ս կարելի է կրկին որդեգրել «մոնղոլ-թաթարական ռեժիմը տապալելու» հեղափոխական գործընթացը: Չնայած ՀԱԿ-ի քաղաքական վարքագիծը նման ենթադրության հիմք տալիս է, բայց քաղաքական զարգացումներն ունեն իրենց տրամաբանությունը։
Ինչեւէ, այսօր չկա այն իրավիճակը, որ կարող է հանգեցնել իշխանափոխության։ 2011 թվականի մարտի 17-ից հետո ՀԱԿ-ի որդեգրած հրապարակային քաղաքական կեցվածքի հետեւանքով կարելի է արձանագրել, որ «իշխանափոխության գնացքն արդեն գնացել է»:
– Եվ անգամ այն պայմաններում, երբ սկսված գործընթացը կանգ է առել՝ «Սոցիոմետր» կենտրոնի տնօրենը, որի հարցումների տվյալները համընկնում են ընտրությունների արդյունքներին՝ հայտարարում է. «ՀԱԿ-ը կարող է լինել երկրորդ կամ երրորդ խմբակցությունը ԱԺ-ում»: Սա օրենսդիր մարմնին ինտեգրվելու Ձեր նշած սցենարի շրջանակո՞ւմ է:
– Ամեն պահ փոխվում է իրավիճակը ու հետեւաբար՝ վերլուծություններն ու գնահատականները: Մենք դեռ շուրջ 1 տարի ունենք, եւ դեռ պարզ չէ՝ մինչեւ հերթական ընտրություններ ՀԱԿ-ից ի՞նչ կմնա: Իսկ այսօր քանի որ ստվերում է ամեն ինչ կատարվում՝ ցանկացա՛ծ զարգացում հնարավոր է:
Եթե իրոք սկսվի գաղափարական ու քաղաքական համագործակցություն իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ՝ պետք է մի կողմ թողնել բոլոր գնահատականները, եւ այն ուժերը, որոնք գտնում են, թե այս համագործակցությունն ազգային շահերի տեսակետից կարող է վնասել մեզ (իսկ դա իսկապես այդպես էլ կլինի)՝ պետք է կոնկրետ գործողությունների անցնեն ու կարողանան ձեւավորել համարժեք հակակշիռ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել