Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՄԻՏԱՑԻԱ

Հունիս 14,2011 00:00

\"\"Այս երեւույթի վկան կլինենք նաեւ Կազանում

Հունիսի 25-ին Կազանում կայանալու է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով հանդիպումը։ Ենթադրվում է, որ այդ  հանդիպման շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են հավանություն տալ Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին: Համենայնդեպս, նման հույսեր են փայփայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ու մասնավորապես՝ ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն: Բայց ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում փորձագետները նույնքան լավատես չեն, որքան Բեռնար Ֆասիեն եւ պաշտոնական Բաքուն: Ավելին, ե՛ւ Երեւանում, ե՛ւ Բաքվում կարծիքներ են հնչում, թե՝ Կազանում հերթական ու անպտուղ հանդիպում է լինելու, եւ առավել եւս Հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնություն չի կայացվելու: Հայ եւ ադրբեջանցի առանձին քաղաքագետներ նաեւ չեն բացառում, որ Կազանում որեւէ փաստաթուղթ կարող է եւ չստորագրվել: Այդպիսի կարծիք է հայտնում նաեւ ադրբեջանցի քաղաքագետ, «Ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Զարդուշտ Ալիզադեն, որի հետ զրուցել է «Առավոտը»: Նա նաեւ առավել քան վստահ է, որ Մադրիդյան հիմնարար սկզբունքների շուրջ կողմերը դեռ երկար ժամանակ համաձայնության չեն գա:
«Սկզբունքորեն, ժողովրդին ոչ թե գնդակի անվերջ փոխանցումներ են պետք, այլ՝ հիմնախնդրի լուծում եւ խաղաղ ու անվտանգ կյանք, իսկ դա չի լինի: Հիմնախնդրի կարգավորման ինչ-որ մի մեթոդ կընտրվի, կքննարկվի տարիներով, դա կլինի շարունակությունը այն նախաձեռնությունների շուրջ ընթացող պրոցեսի, որը ձգվում է արդեն 20 տարի: Ահա եւ վերջ: Ոչինչ այս հանդիպումից չի ակնկալվում: Սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք, իբր, գաղտնի են, բայց որի մասին բոլորին ամեն ինչ հայտնի է: Եվ ահավասիկ, ըստ Մադրիդյան սկզբունքների՝ պետք է լինի ԼՂ շրջակա տարածքների դեօկուպացիա, յուրացում, փախստականների վերադարձ, խաղաղապահ ուժերի տեղակայում,  սահմանների բացում, հաղորդակցական ուղիների գործարկում եւ  տնտեսական համագործակցություն: Հայաստանին մնում է այս փուլում որոշակիացնել ԼՂ-ում հանրաքվեի ժամկետը եւ հանրաքվեի դրվելիք հարցի ձեւակերպումը: Ադրբեջանն ասում է՝  Ղարաբաղն անկախ չի լինի, մենք թույլ չենք տա, որ ադրբեջանական տարածքում հայկական պետություն կազմավորվի: Իսկ հայերն ասում են՝ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի տարածք չի լինի: Ահա այսպիսի պայմաններում ի՞նչ կարելի է անել: Կարելի է խնդրի լուծման ուղղությամբ ջանքեր գործադրելու իմիտացիա անել եւ հաճույքով շարունակել բանակցությունները»,- հեգնեց քաղաքագետը:
Երեւանում կարծիք կա, թե Կազանում հնարավոր է ստորագրվի առավելագույնը Մայենդորֆյան, Աստրախանյան կամ Սոչիի  հռչակագրի կարգի փաստաթուղթ: Մինչդեռ Զ. Ալիզադեն դա էլ չի ակնկալում. «Հայաստանն ուզում է, որ Ադրբեջանը պարտավորվի ուժ չգործադրել, իսկ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանը պարտավորվի իր զինուժը դուրս բերել ադրբեջանական տարածքներից: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է հնարավոր այդ երկու պահանջները համադրել: Եթե Հայաստանը համաձայն չէ իր զինուժը այդ տարածքներից դուրս բերել, շարունակում է Ադրբեջանի տարածքը գնդակոծել դե-յուրե ադրբեջանական տարածքներից՝ ի՞նչ կարող է անել Ադրբեջանը. կամ առանց զգուշացման պատերազմ սկսել, կամ իմիտացիա անել, թե պատրաստվում է պատերազմի՝ բնականաբար, չպատերազմելով: Ադրբեջանն ընտրել է երկրորդ տարբերակը՝ իմիտացիա է անում, իբր, պատրաստվում է պատերազմի, բայց չի պատերազմելու: Իսկ չի պատերազմում, որովհետեւ դա իշխանության համար վտանգավոր է, իսկ  իշխանությունը փող է, քաղցր բան է: Հարցրեք դրա մասին Սերժիկ Սարգսյանին: Հանուն իշխանության նա քանի՞ մարդ սպանեց: Նույն բանը մեզ մոտ է»,- նկատեց Զ. Ալիզադեն:
Այդ դեպքում լավատեսության ի՞նչ հիմքեր ունեն ոչ միայն պաշտոնական Բաքուն, այլեւ ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, որը վստահ էր, թե Կազանում կողմերը կարող են կարգավորման սկզբունքներին հավանություն տալ եւ դրա շուրջ վերջնական համաձայնություն կնքել:
«Վերջնական համաձայնությունը բացառվում է: Տեսեք՝ այն խոստումները, որոնք տալիս են երկու երկրների նախագահները, փոխադարձաբար բացառելի են եւ տրամագծորեն իրար հակասող: Սերժն ասում է՝ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի  մաս չի լինի, Իլհամն ասում է՝ Ղարաբաղը կլինի միայն Ադրբեջանի կազմում: Կարելի է համաձայնության հիմք դարձնել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը, քաղաքացիների անվտանգությունն ու ժողովրդավարությունը, բայց դա մեր երկրների ռեժիմներին հակացուցված է»,- կարծիք հայտնեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է միջազգային հանրության եւ ՄԽ համանախագահների համբերությանը, ապա ադրբեջանցի վերլուծաբանի համոզմամբ՝ «միջազգային հանրությանը խորապես չեն հուզում ո՛չ Ղարաբաղի խնդիրը, ո՛չ հայերը, ո՛չ ադրբեջանցիները»: «Միջազգային հանրությունն իր խնդիրներն ու շահերն ունի: Նավթ, գազ, քաղաքական խաղեր. սա է նրանց հետաքրքրում, իսկ թե ինչպես են ապրում հայերն ու ադրբեջանցիները՝ նրանց քիչ է հետաքրքրում»,- հայտարարեց Զ. Ալիզադեն՝ հավելելով, թե ԼՂ հիմնախնդիրը դեռ շատ երկար չկարգավորված էլ կմնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել