Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հունիս 11,2011 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնհինգերորդ

ՏԱՐԵՄՈՒՏԻ ԲՈՐՇՉ

Հիմա «Արարատի» էդ աննախադեպ հաջողությունները հիշելով՝ մտածում եմ, որ, այնուամենայնիվ, Ֆալյանն էդ աննախադեպ հաջողություններից տխրած էլ կլինի, որովհետեւ մարդ արարածը չի կարող խորապես չտխրել՝ տեսնելով ու հասկանալով, որ իր աշխատանքն ու ամագը չեն գնահատվում ու չեն կարեւորվում. ինչ վերաբերում է անձամբ Արտյոմ Գրիգորեւիչ Ֆալյանին, վերջինս ոչ միայն ըստ արժանվույն չգնահատվեց, այլեւ հնարավորինս անտեսվեց ու գեթ մի անգամ չհրավիրվեց «Արարատի» էդ շարան-շարան հաջողությունների առթիվ կազմակերպված հանդիսություններին, եւ ամենացավալին էն է, որ Ֆալյանը դաժանորեն մոռացվեց ոչ միայն մասնագետներից ու բազմահազար ֆուտբոլասերներից, այլեւ՝ իր իսկ սաներից, ու էդ մասին էլ է ինտերնետը քար լռություն պահպանում, եւ չնայած նոր-նոր եմ սկսել ինտերնետին հաղորդակցվել, արդեն հասկացել եմ, որ ինտերնետն ու համակարգիչն իրադարձությունների տարեթվերն ու ամսաթվերը հիշելով ու պահպանելով՝ ի վիճակի չեն արտահայտել էդ իրադարձությունների էությունը, եւ չնայած շատերն են ինձ հորդորում էս թղթերից ու գրիչներից վազն անցնել ու էս վեպը համակարգչով շարունակել, հիմա արդեն վերջնականապես եմ համոզվում, որ ես ոչ միայն պիտի շարունակեմ գրիչով գրել, այլեւ պիտի շարունակեմ հիշելով գրել էն բաները՝ որ համակարգիչն ու ինտերնետը խնամքով թաքցնում են սերունդներից. այսինքն, ես պիտի շարունակեմ հիշել ու գրել էն բաները՝ որ միայն ինձնից կարող եք իմանալ, բայց էդ անելը գնալով դժվարանում է՝ ոչ միայն էն պատճառով, որ հիշելիքս մանրից սպառվում ու հիշողությունս էլ գնալով վատանում է, այլեւ էն պատճառով, որ էս վերջին օրերին աղջիկներիս միջոցով համակարգչին ու ինտերնետին հաղորդակցվելով՝ ինքս էլ որոշակիորեն վարակվեցի համակարգչային ու ինտերնետային հիվանդությամբ, ու մի քանի օր առաջ ինտերնետ սողոսկելով եւ Ֆալյանի ու Ենգիբարյանի կենսագրությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ քաղելով՝ հիմա արդեն չեմ կարողանում պոկ գալ մեր համակարգչից, եւ չնայած մեր համակարգչի ու ինտերնետի մեջ ֆուտբոլային մեկնաբան ու բժիշկ Լեւոն Դանիելյանի մասին որեւէ հիշատակություն չկա, վստահաբար կարող եմ ասել, որ ճակատագիրը Լեւոն Դանիելյանի նկատմամբ ավելի դաժան գտնվեց, քան նույնիսկ Ֆալյանի նկատմամբ՝ ոչ միայն էն առումով, որ, ի տարբերություն Ֆալյանի, Լեւոն Դանիելյանն ընդհանրապես բացակայում է ինտերնետից, այլեւ ու առաջին հերթին էն առումով, որ, ի տարբերություն Ֆալյանի, Դանիելյանն «Արարատի» էդ աննախադեպ հաջողություններից ընդհանրապես անտեղյակ մնաց՝ անժամանակ, ավելի ճիշտ, ահավոր անպատեհ ժամանակ հեռանալով կյանքից ու ֆուտբոլից, եւ չնայած ինտերնետն էդ մասին խորհրդավոր լռում է, ես Շառոյան Ռոլանդի հրատարակած ֆուտբոլային հանրագիտարանն արդեն թերթել ու վերջնականապես ճշտել եմ, որ ճակատագիրն էդաստիճան դաժանությամբ Լեւոն Դանիելյանի հետ վարվեց անցյալ դարի յոթանասուն թվականին՝ հայկական ֆուտբոլի ու անձամբ Հովիվյանի էդ ամենամեծ սիրահարին հեռացնելով Հովիվյանից, ֆուտբոլից ու սիրելի կնոջից, որի երկրորդ ամուսինը՝ Ազգային օպերայի մեներգիչ Գեւորգը մշտապես հպարտ է, որ իր կողակիցը ժամանակին Լեւոն Դանիելյանի կողակիցն է եղել, եւ չնայած Ռոլանդի ֆուտբոլային հանրագիտարանում էս տեսակ մանրամասներ չկան, եղածն էլ վկայում է, որ Լեւոն Դանիելյանն էդքան անժամանակ ու էդքան անպատեհ պահի կյանքից հեռանալով՝ իր ֆուտբոլային երազանքի իրականացումը չտեսավ, չնայած, հիմա որ մտածում եմ, հասկանում եմ, որ յոթանասունին ու դրանից առաջ ոչ միայն Լեւոն Դանիելյանը, այլեւ որեւէ մեկս չէինք կարող էդաստիճան ճոխ ու շքեղ ֆուտբոլային երազանք ունենալ, որովհետեւ յոթանասուն թվականին՝ Պոնոմորյովի օրոք «Արարատն» ընդամենը տասներկուերորդ տեղում էր, իսկ յոթանասունմեկին՝ Գլեբովի օրոք անհավանական թռիչք կատարելով՝ գրավեց երկրորդ տեղն ու արծաթի արժանացավ, եւ, ցավոք սրտի, էդ մեծ թռիչքը ոչ Լեւոն Դանիելյանը տեսավ եւ ոչ էլ Աբրահամյան Ֆուրմանը, եւ չնայած էդ թվականներին այլ դժբախտ մահկանացուներ էլ հեռացան կյանքից ու ֆուտբոլից՝ էդ աներեւակայելի թռիչքը չտեսնելով, այդուհանդերձ, Դանիելյանի ու Ֆուրմանի հեռանալն ու չտեսնելն առանձնակի անարդարություն էր, եւ չնայած Ռոլանդի ֆուտբոլային հանրագիտարանի շնորհիվ ֆուտբոլային ահագին տարեթվեր ու ամսաթվեր ճշտեցի, նույնիսկ Ռոլանդի էդ հանրագիտարանից չէիք կարող իմանալ էն ամենը՝ որ ձեզ համար հիշելով պատմեցի. այսինքն, էս պատմածներս ինտերնետում եւ նույնիսկ Ռոլանդի հանրագիտարանում չկան, եւ եթե մի քիչ ավելի խորանամ ու ընդարձակվեմ, պիտի անհամեստորեն ասեմ, որ ֆուտբոլային էդ հանրագիտարանը միայն Ռոլանդի տքնաջան աշխատանքի արդյունքը չի. էդ հանրագիտարանի գոյության հարցում իմ ամագն էլ էականորեն կա, որովհետեւ յոթանասունականներին Ռոլանդին, Հակոբին, Վանոյին ու մոտիկներիցս շատերին զոռով էի տանում ֆուտբոլ ու «Հրազդան» մարզադաշտ, եւ հատկապես Ռոլանդն ու Հակոբն էին դիմադրում, եւ դա միանգամայն բնական էր, որովհետեւ էդ թվերին երկուսի մտքով էլ չէր կարող անցնել, որ տարիներ անց Հայաստանի մշակույթի ու սպորտի բնագավառն են ղեկավարելու, բայց Հակոբի, Ռոլանդի եւ նույնիսկ Վանոյի հետագա թռիչքներն «Արարատի» յոթանասունմեկի էդ մեծ ու աներեւակայելի թռիչքի հետ չեմ կարող համեմատել, որովհետեւ ես, որպես չափազանց հին ու չափազանց տեղեկացված ֆուտբոլասեր, չեմ կարող հիշել մի այլ դեպք, որ ֆուտբոլի թիմն ընդամենը մի մրցաշրջանի ընթացքում միանգամից տասնմեկ աստիճանով վեր բարձրանա, բայց էս ուղղությամբ հիշողությունս լարելով՝ ճիշտ հակառակ դեպք եմ հիշում. հիշում եմ, որ Բաքվի «Նեւթչին» տասնհինգ թե տասնվեց տեղով նահանջելով՝ բարձրագույն լիգայի երրորդ տեղից թռավ երկրորդ լիգա, եւ, եթե հիշողությունս չի դավաճանում, «Արարատի» ու «Նեւթչիի» էդ աննախադեպ թռիչքները տեղի ունեցան միեւնույն՝ յոթանասունմեկ թվականին, ու էս առթիվ չեմ էլ ուզում Ռոլանդի հանրագիտարանն ու ինտերնետը քչփորել, մանավանդ որ՝ ասելիքիս իմաստով ինձ միանգամայն ձեռնտու է, որ աննախադեպ ու աներեւակայելի էդ երկու թռիչքները միեւնույն՝ յոթանասունմեկ թվականին տեղի ունեցած լինեն, եւ, ըստ ամենայնի, հենց յոթանասունմեկին էլ տեղի են ունեցել, որովհետեւ «Արարատի» էդ կտրուկ առաջընթացն ու «Նեւթչիի» նույնքան կտրուկ հետընթացը տեղի ունեցան էն բանից հետո, երբ Էդուարդ Մարգարովը Բաքվից ու «Նեւթչիից» տեղափոխվեց Երեւան ու «Արարատ». այսինքն, Մարգարովի տեղափոխությունից ինչքան «Արարատը» շահեց, մի էդքան էլ «Նեւթչին» տուժեց, ու մենք շարունակ «Արարատի» յոթանասունականների հաջողությունները հիշելով ու թմբկահարելով՝ առանձնապես չենք հիշում, որ էդ բոլոր հաջողություններն սկսվեցին Մարգարովի Երեւան տեղափոխվելուց անմիջապես հետո. այսինքն, մենք «Արարատի» էդ աննախադեպ հաջողությունները մշտապես հիշելով՝ մշտապես մոռանում ենք, որ էդ հաջողությունները կոնկրետ անձանց հետ են կապված, եւ առաջին հերթին՝ Բաքվից ճիշտ ժամանակին Երեւան ու «Արարատ» տեղափոխված Արտյոմ Ֆալյանի ու Էդուարդ Մարգարովի, եւ չնայած ասացի թե՝ Մարգարովին մոռացել ենք, ինչպես տեսնում եք՝ լավ էլ հիշում եմ, ընդ որում՝ ոչ միայն հիշում, այլեւ ձեզ էլ եմ հիշեցնում, ընդ որում՝ ոչ միայն Մարգարովի մասին եմ հիշեցնում, այլեւ՝ Ֆալյանի ու մյուսների, եւ հիմա հատկապես Մարգարովին հիշելով՝ պատկերացնում եմ, որ Ֆալյանի պես ինքն էլ մեր վերաբերմունքից ու հիշողության կորստից նեղսրտելով ու դժգոհելով՝ իրավունք ունի իրեն չգնահատված համարել, եւ Մարգարովի ու Ֆալյանի պես այլ հայ եկվորներ էլ իրավունք ունեն իրենց չգնահատված համարել, որովհետեւ, չնայած հայերս շատ ենք սիրում ներգաղթի ու հայրենադարձության կոչնակներ հնչեցնել, այդուհանդերձ, ավելի սիրում, հարգում ու գնահատում ենք էն հայորդիներին՝ ովքեր մեր էդ կոչնակներից չեն ոգեւորվում ու չեն հայրենադարձվում, եւ հիմնականում էդ է պատճառը, որ հայրենադարձներից շատերը փոշմանում են, եւ առավել խելամիտները չեն հայրենադարձվում՝ որպեսզի չփոշմանեն, իսկ ամենախելոքները հայրենադարձվում են կտակով՝ հետմահու, որովհետեւ հայերս մահացածներին նույնիսկ չհայրենադարձվածներից ենք գերադասում, բայց հայրենադարձներից շատերը փոշմանելու տարբերակ էլ չեն ունենում, որովհետեւ իրենց չհայրենադարձվելը նույնիսկ մտովի չեն պատկերացնում, ավելի ճիշտ՝ շատ էլ լավ ու շատ էլ առարկայական են պատկերացնում, եւ ինչքան էլ Մարգարովին չհիշենք ու չգնահատենք, ինքը չհայրենադարձվելու դեպքում շատ ավելի էր փոշմանելու, որովհետեւ գաղթականի ճակատագիրն, այնուամենայնիվ, հայրենադարձի ճակատագրից էականորեն է տարբեր, եւ հիմա՝ էս պահին, երբ էս ամենի մասին գրում եմ, երկու հազար իննի դեկտեմբերի տասնչորսն է, եւ Մերուժի ալիքով Տիգրան Լեւոնյանն ու Գոհար Գասպարյանն են խոսում, եւ չնայած տասը տարվա վաղեմության խոսակցություն է, երկուսին էլ մեծ հետաքրքրությամբ եմ լսում, եւ չնայած էս տեսագրությունը դեռեւս ամուսինների կենդանության օրոք եմ տեսել, հիմա ավելի ուշադիր նայելով ու լսելով՝ տեղեկանում եմ, որ երկուսն էլ դեկտեմբերի տասնչորսի ծնունդ են, եւ չնայած երկուսն էլ դառնացած են խոսում, երկուսն էլ չեն փոշմանել, որ ժամանակին հայրենադարձվել են, որովհետեւ երկուսն էլ իրարով բախտավոր ու երջանիկ են, եւ չնայած էդ պահի դրությամբ Տիգրան Լեւոնյանի պաշտոնին արդեն Գեղամ Գրիգորյանին են նշանակել, ամուսինները միանգամայն գոհ են իրենց բախտից ու ճակատագրից, որովհետեւ երկուսն էլ գիտակցում են, որ եթե ժամանակին չհայրենադարձվեին, այր ու կին ու մի մարմին չէին դառնալու, եւ հիմա Տիգրանին ավելի ուշադիր նայելով ու լսելով՝ հասկանում ու զգում եմ, որ միայն երջանիկ մարդն է կարող էսքան սիրուն ու էսքան իմաստուն խոսել, եւ Գոհար Գասպարյանի երգերի տեսագրությունները վերստին տեսնելով ու լսելով՝ առաջին անգամ մտածում եմ, որ միայն երջանիկ մարդը կարող է էդպես երգել, եւ երկուսի դեմքերից էլ երջանկությունն ուղղակի հորդում է, եւ Տիգրանին նայելով ու լսելով՝ հիշում եմ, որ երբ կյանքի վերջին տարիներին իրեն հանդիպում ու հարցնում էի՝ «ո՞նց ես», ինքը հառաչելով պատասխանում ու ասում էր՝ «Գոհարը շատ վատ ա», եւ չնայած ժամանակին իրենց կյանքի ու ամուսնության վերաբերյալ զանազան խոսակցություններ ու բամբասանքներ էի լսել, ամեն անգամ Տիգրանին տեսնելով ու լսելով՝ համոզվում էի, որ Տիգրանն առանց Հայաստանի Սոխակի կյանք չունի, եւ ամեն ինձ տեսնելիս Տիգրանը հառաչելով ասում էր՝ «Գոհարը շա՜տ վատ ա», ու էդ նախադասությունն էնքան անկեղծորեն ու սրտացավությամբ էր ասում՝ ինչպես ուրիշներն անձամբ իրենց մասին են ասում՝ «շա՜տ վատ եմ», եւ չնայած Լեւոնյանի հետ առանձնապես մոտիկ չեմ եղել, իր կյանքի վերջին տարիներին ինձ շատ լավ էր վերաբերվում եւ հետս էլ բացվում ու անկեղծանում էր, որովհետեւ «Անտիպոեզիաս» կարդացել ու շատ էր հավանել, ու «Երեւան հյուրանոց» պոեմս էլ էր շատ հավանել, բայց ամենից շատ «Չապրված» վերնագրով բանաստեղծությունս էր հավանել ու էդ բանաստեղծությունս սրանրա մոտ տեղին ու ու հիմնականում անտեղի արտասանում էր՝

«Էլ էս ընթացքն ինձ չի տանում:
Ժամն է արդեն ռազվառոտի:
Ա՜խ, չըդառա ես Կոմս Մոնթե,
ոչ էլ՝ Լուչո Պավարոտի,
ոչ էլ՝ Գեղամ, ոչ էլ՝ Տիկո,
ոչ էլ՝ Արամ, ոչ էլ՝ Նիկոլ,
ոչ էլ՝ Զիդան, ոչ էլ՝ Ֆիգու…

Հա. չըդառա ես Կոմս Մոնթե.
ոչ կոմս դառա, ոչ էլ՝ Մոնթե,
թեպետ այստեղ շատ զոհվեցի,
թեպետ այստեղ շատ կռվեցի:

Անկապ, անկոչ ու անիմաստ
եկա այստեղ ու լռվեցի:»,- 
եւ, հիշում եմ, վերջին անգամ Տիգրանն էդ բանաստեղծությունս արտասանեց երկու հազար երեք թվականի մարտի քսանութին՝ հիսունամյակիս օրը՝ Մատենադարանի մոտ՝ Դեմիրճյանի որդու հանրահավաքի ժամանակ՝ մի քանի հոգու ներկայությամբ, ու էդ մի քանի հոգին մեծ հետաքրքրությամբ ու հաճույքով էին լսում, որովհետեւ Տիգրանը չտեսնված էր արտասանում, մինչդեռ ձեր խոնարհ ծառան իր գրածներն անգիր չի հիշում, ու էդ բանաստեղծությունս հիմա «Երեւան հյուրանոց» գրքիցս բառ առ բառ արտագրեցի, եւ, հիշում եմ, չնայած էդ օրերին Տիգրանն անտրամադիր էր, էդ բանաստեղծությունս բարձր տրամադրությամբ էր արտասանում՝ ոչ միայն էն պատճառով, որ էդ բանաստեղծությունս իսկապես հավանում էր, այլեւ էն պատճառով, որ շատ լավ հասկանում էր, որ էդ ոտանավորի Տիկոն անձամբ ինքն է, եւ չնայած իր էդ հասկանալը երբեւէ չակնարկեց, ամեն անգամ իր անունն իմ տեքստում հնչեցնելիս նայում էր ինձ եւ գոհունակությամբ ու ներողամտորեն ժպտում էր, եւ ուրիշներն էլ էին գլխի ընկել, որ էդ ոտանավորի Տիկոն անձամբ Տիգրան Լեւոնյանն է, եւ հատկապես Տիգրանի ու Գոհար Գասպարյանի շրջապատի մարդիկ էին էդ բանը գլխի ընկել, որովհետեւ հիմնականում Գոհար Գասպարյանն էր Տիգրան Լեւոնյանին Տիկո ասում, իսկ ավելի ստույգ՝ Գոհար Գասպարյանն իր սիրելի ու անփոխարինելի կողակցին ոչ թե Տիկո էր ասում, այլ՝ Տիգո, եւ տիկին Գոհարի Տիգո ասելն անձամբ եմ լսել, ընդ որում՝ հեռուստատեսությամբ, եւ այլ տեղ չէի էլ կարող լսել, որովհետեւ Տիգրան Լեւոնյանին բազմիցս առնչվելով, երբեւէ բախտ չեմ ունեցել եթերից դուրս՝ կյանքում ու իրականության մեջ տեսնել Հայաստանի Սոխակին, եւ չնայած մի անգամ քիչ էր մնում մոտիկից տեսնեի Գոհար Գասպարյանին, էդ անգամ էլ բախտն ու տիկին Գոհարն ինձ չժպտացին, եւ չնայած «Ար» հեռուստաընկերության էն ժամանակվա սեփականատեր Մերուժան Տեր-Գուլանյանն ինձ նոր տարվա իրենց հեռուստահանդեսին հրավիրելով՝ տեղեկացրեց, որ Տիգրան Լեւոնյանն ու Գոհար Գասպարյանն էլ են ներկա լինելու էդ հեռուստահանդեսին, որն անցկացվելու էր «Արարատ» ռեստորանում, Տիգրան Լեւոնյանը մենմենակ ներկայացավ, եւ երբ իրեն հարցրի՝ «ո՞նց ես», ինքն ամեն անգամվա պես հառաչելով ասաց՝ «Գոհարը շա՜տ վատ ա» եւ մի քիչ մտածեց ու Մերուժին ասաց՝ «շատ լավ ես արել, որ Արմենին էլ ես հրավիրել», եւ ես ասացի՝ «որ իմացա տիկին Գոհարն էլ ա ներկա լինելու, վազելով էկա» եւ ժպտալով ավելացրի՝ «մտածեցի՝ վերջապես Գոհար Գասպարյանին մոտիկից կտեսնեմ», եւ Մերուժը ժպտալով ասաց՝ «Գոհար Գասպարյանին մոտիկից տեսնելու բախտը միայն Տիգրան Լեւոնյանին ա վիճակված», եւ Տիգրանը տխուր ժպտալով ասաց՝ «Աստծուց չափազանց շնորհակալ եմ էդ բախտին արժանացնելու համար», եւ, հիշում եմ, նկարիչ Վարդանյան Վարուժն ու Սոֆի Դեւոյանն էլ կային, Ֆորշն էլ կար, եւ քանի որ Ֆորշն էդ ժամանակ դեռեւս հանրահայտ աստղ չէր, ամբողջ ժամանակ երգում ու ներկաներիս ուրախացնում էր, բայց քանի որ դեռեւս հանրահայտ աստղ չէր, քչերն անունը գիտեին, եւ Մերուժն էդ քչերից էր, եւ երբ Մերուժը տեսավ, որ Ֆորշի երգերից պրծում չկա, հեռվից սաստելով գոռաց՝ «Ֆո՛րշ», եւ քանի որ Ֆորշն էդ պահի դրությամբ դեռեւս աստղ չէր, էդ պահին մեր սեղանին մոտեցավ ռեստորանի մատուցողուհին եւ Մերուժին զարմացած հարցրեց՝ «բո՞րշ» եւ մի քիչ մտածեց ու շիվարած ավելացրեց՝ «բայց դուք բորշ չէիք պատվիրել, պարոն Տեր-Գուլանյան», եւ բոլորս ծիծաղեցինք, եւ մատուցողուհին ապշահար մեզ էր նայում, եւ երբ Մերուժը ժպտալով մատուցողուհուն ասաց՝ «բորշ չենք ուզում, բալես», եւ երբ մատուցողուհին շիվարած հեռացավ, մենք սկսեցինք ավելի ուժեղ ծիծաղել, եւ Ֆորշն, էդ ամենից անտեղյակ, շարունակում էր երգել ու թռչկոտել, եւ չնայած Գոհար Գասպարյանն ինչպես միշտ վատառողջ էր, Տիգրան Լեւոնյանն էլ էր հետներս ուրախ ծիծաղում, բայց Տիգրան Լեւոնյանն ուրախանալու այլ առիթ էլ ուներ, քանի որ նախորդ օրն իշխանությունները Տիգրան Լեւոնյանին Խորենացու մեդալ էին շնորհել, իսկ Գոհար Գասպարյանին՝ Մաշտոցի շքանշան, եւ չնայած տիկին Գոհարը վատառողջության պատճառով չէր կարողացել ներկա գտնվել Մերուժի կազմակերպած ամանորյա էդ հեռուստահանդեսին, Լեւոնյանն իր մեդալն ու կնոջ շքանշանը հետը բերել էր, եւ, հիշում եմ, չափազանց ուրախ ու հպարտ էր իր մեդալի ու հատկապես տիկին Գոհարի շքանշանի համար՝ ոչ թե էն պատճառով, որ Մաշտոցի շքանշանի վրա բավական խոշոր ադամանդ կար, այլ էն պատճառով, որ Հայաստանի իշխանությունները հիշել ու գնահատել էին Հայաստանի Սոխակին, եւ չնայած էդ միջոցառման ու էդ տարեմուտի թվականն էլ ճշգրիտ չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ էդ ամանորը Հայաստանի առաջին մասնավոր հեռուստատեսության՝ «Ար»-ի առաջին ամանորն էր, եւ, հիշում եմ, ռեստորանային էդ տեսարանները հիմնականում ուղիղ եթեր էին գնում՝ կախված, իհարկե, ռեժիսորի ու օպերատորի հայեցողությունից. այսինքն, լիքը սեղաններ ու լիքը սեղանակիցներ կային, եւ երեկոն վարողները մոտենում ու խոսեցնում էին ուտողներիս ու խմողներիս, իսկ մինչ այդ ժամանակ առ ժամանակ ընդհանուր պլանով էինք եթերում հայտնվում, եւ քանի որ մեր սեղանը հիմնական ու գլխավոր սեղանն էր, մենք մյուսներից ավելի հաճախ էինք ուղիղ եթերում ընդհանուր պլանով հայտնվում, եւ մեր սեղանը գլխավորն ու կենտրոնականն էր, որովհետեւ մեր սեղանի շուրջ ամենանշանավորներն ու ամենաճանաչվածներն էին՝ Տիգրան Լեւոնյանը, Սոֆի Դեւոյանը, Վարուժան Վարդանյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, ինչպես նաեւ՝ ձեր խոնարհ ծառան, որն անձամբ Մերուժի կամքով ու հայեցողությամբ էր ճանաչվածների էդ գլխավոր սեղանին հայտնվել, եւ, ըստ պայմանավորվածության, երեկոն վարողներն ամենավերջում էին մեր սեղանին մոտենալու, որպեսզի անձամբ մեր խոսքով տարին ավարտվեր, եւ Տիգրան Լեւոնյանն ասեր՝ «շնորհավոր ամանոր եւ Սուրբ ծնունդ», եւ երբ տասներկուսը խփեց, Տիգրան Լեւոնյանն էդ նախադասությունը հանդիսավոր ու հոտնկայս բացականչեց, իսկ մինչ այդ Սոֆին, Վարուժը, Մերուժն ու ես մեր խոսքն արդեն ասել էինք, եւ չնայած իրենց ու իմ ասածները չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ ներկաներիս ու ողջ հայ ժողովրդի նոր տարին ու Սուրբ ծնունդը շնորհավորելուց հետո Տիգրան Լեւոնյանն ուղիղ եթերով հեռուստադիտողներին ցույց տվեց իր մեդալն ու Գոհար Գասպարյանի ադամանդակուռ շքանշանը՝ չնշելով իհարկե, որ էդ շքանշանի վրա պսպղացողն իսկական ադամանդ է, բայց սեղանակիցներս էդ մասին գիտեինք, որովհետեւ Տիգրանը մեզ իրազեկել էր, եւ տարիներ անց՝ երբ Սիլվա Կապուտիկյանը Քոչարյանին վերադարձրեց իր «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը, ես էն քչերից էի՝ ովքեր գիտեին, որ Տիկին Սիլվայի վերադարձրած էդ շքանշանին առընթեր բավական խոշոր ադամանդ կա, եւ հենց տեղեկացա, որ Տիկին Սիլվան իր էդ շքանշանը վերադարձրել է Քոչարյանին, անմիջապես ադամանդը միտս եկավ, ու էդ օրերին Տիկին Սիլվային աջուձախ մեծարող ընդդիմադիր լրատվամիջոցներն ու լրագրողները երեւի չէին էլ ենթադրում, որ Տիկին Սիլվայի վերադարձրած էդ շքանշանին կից չափազանց խոշոր ու չափազանց շողշողուն ադամանդ կա, եւ, չիմանալով հանդերձ, աջուձախ Տիկին Սիլվային գովաբանում ու մեծարում էին էդ, ուրեմն, արարքի համար, եւ եթե էդ ադամանդի գոյության մասին չիմանալով էին էդքան մեծարում, պատկերացնում եմ՝ ինչքան կմեծարեին, եթե էդ խոշոր ու շողշողուն ադամանդի մասին տեղեկացված լինեին, եւ չնայած ես, ի տարբերություն շատերի, էդ ադամանդի գոյության մասին գիտեի, այդուհանդերձ, Տիկին Սիլվայի հասցեին հնչող էդ գովեստներից ու փառաբանությունից լավ էլ սրտնեղում էի, որովհետեւ էդ առթիվ Տիկին Սիլվային փառաբանողներն էդ առթիվ Տիկին Սիլվային փառաբանելով՝ մյուս բանաստեղծներիս ու գրողներիս էին ամոթանք տալիս՝ բավական թափանցիկ ակնարկելով, որ մյուսներս էլ մեր մեդալներն ու շքանշաններն իշխանություններին վերադարձնենք, եւ քանի որ էդ մասին ոչ թե ուղղակիորեն, այլ ընդամենը թափանցիկորեն էին ակնարկում, ես չէի կարող արդարանալ ու ասել, որ իշխանություններին մեդալ կամ շքանշան վերադարձնելուց առաջ՝ նախ պիտի իշխանություններից մեդալ կամ շքանշան ստացած լինես, բայց քանի որ ինձ բացահայտ չէին մեղադրում, ես էլ չէի կարողանում էդպես հասկանալիորեն արդարանալ ու արդարացումներս հայտնել. ավելին. ես շիվարում ու կարկամում էի, որովհետեւ երբ որեւէ մեկին մյուսների ջգրու են գովաբանում ու փառաբանում, էդպիսի դեպքերում միշտ էլ շիվարում, սրտնեղում ու կարկամում եմ, եւ նույնիսկ էն դեպքերում եմ սրտնեղում, երբ ինձ են որեւէ մեկի ջգրու գովաբանում ու փառաբանում, եւ չնայած ես էլ եմ բոլորի պես ուրախանում՝ երբ ինձ փառաբանելով բարձրացնում են, էդ ուրախությունս առանձնապես երկար չի տեւում, որովհետեւ մի քիչ մտածելուց հետո սկսում եմ հասկանալ, որ ինձ էլ են կոնկրետ մեկի ջգրու գովաբանում ու փառաբանում:
Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել