Նախաձեռնության հեղինակները ցանկանում են իրականություն դարձնել աստվածաշնչյան հայտնի դրվագի նկարագրությունը
Շուրջ մի քանի ամիս է՝ Հաղթանակ զբոսայգու բարձունքը հայ մտավորականներից բաղկացած մի նախաձեռնող խմբի ուշադրության կենտրոնում է: Նրանք արդեն երեք ամիս մտորում են Հաղթանակ զբոսայգու բարձունքում բնական չափերով աստվածաշնչյան Նոյի տապան կառուցելու մասին: Մտահղացման հեղինակը մասնագիտությամբ ճարտարապետ, ՀՀ նկարիչների միության քանդակագործական կոմբինատի նախկին տնօրեն, այժմ «Արմարե» ընկերության տնօրեն Մարտուն Հարությունյանն է: Իսկ նախաձեռնող խմբի անդամներն են՝ անվանի դերասան Սոս Սարգսյանը, բանաստեղծ Արամայիս Սահակյանը, ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, կոմպոզիտորներ՝ Էդվարդ Միրզոյանը, Մարտին Վարդազարյանը, քանդակագործներ Ֆրանց Սիմոնյանը, Գագիկ Ստեփանյանը, Սերժ Մեհրաբյանը, ճարտարապետ Լեւոն Իգիթյանը եւ այլք:
«Առավոտը» հանդիպեց մտահղացման հեղինակ Մարտուն Հարությունյանի հետ: Նա այնքան ոգեւորված էր նախագծով, որ, ինչպես ինքն է նշում, չի համբերում, երբ պետք է կառուցված տեսնի ահռելի մեծության տապանը:
Նրա փոխանցմամբ, «Նոյյան տապանը» պատմամշակութային թանգարանային համալիր է լինելու. «Տապանի կառուցման նպատակն է աշխարհին ցույց տալ, որ համաշխարհային ջրհեղեղից հետո Հայոց աշխարհի սրտից՝ Արարատից է սկսվել մարդկության երկրորդ կյանքը: Հայերը պետք է առաջինն ունենային Նոյյան տապանը: Սա աշխարհին կպատմի մեր մասին, թե ով ենք եւ որտեղից ենք գալիս»:
Մ. Հարությունյանը նշեց, որ Նոյյան տապանը կառուցվելու է այն չափերով, ինչպես նշված է Աստվածաշնչում. «132 մետր երկարությամբ, 22 մետր լայնությամբ եւ 13,5 մետր բարձրությամբ ահռելի մեծության կառույց է խոյանալու այդ տարածքում, որն անմիջապես նայելու է Արարատ լեռանը: Նման բնօրինակ տապան աշխարհում ոչ մի տեղ չի կառուցվել: Ճիշտ է՝ փորձեր եղել են, ինչպես, օրինակ՝ Ճապոնիայում, Հոլանդիայում կան, եւս մի քանի երկրում, բայց դրանք բնականից երեք անգամ փոքր են»:
Մեր զրուցակցի խոսքով, հայկական Նոյյան տապանն իր լուծումներով եւ մոտեցումներով միանգամայն տարբեր է լինելու աշխարհում առկա կրկնօրինակներից. «Ներսում ինքնատիպ քանդակներով թանգարան կլինի՝ Նոյի ընտանիքով եւ կենդանական աշխարհով: Շուրջ 400 նմուշ կենդանիների քանդակները նույնպես համապատասխանելու են իրական կենդանիների չափերին: Պատկերվելու է տեսարան, թե ինչպես են կենդանիները շարժվում դեպի տապանը: Ամեն ինչ պատկերվելու է այնպես, ինչպես Աստվածաշնչում է: Սա ինձ համար սուրբ գործ է, եւ նպատակս է՝ ամեն գնով հասնել դրա իրականացմանը»:
Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ տապանի ներսում, բացի թանգարանից, լինելու են ցուցասրահներ, կինոդահլիճ, հյուրասիրությունների սրահ, կոնֆերանս դահլիճ, մի քանի սենյակ էլ զբոսաշրջիկների գիշերելու համար: Մուտքն անվճար է լինելու:
Մ. Հարությունյանը նշեց, որ տապանը տեղադրելու հետ կապված տարածքի խնդիր կա. «Բոլոր հնարավոր տեղերը ուսումնասիրել ենք: Տեղն ամենակարեւորն է, որովհետեւ հեռվից պետք է թվա, որ Արարատ լեռան վրա է, որտեղ էլ եղել է իրականում: Միակ հնարավոր տեղը Հաղթանակ զբոսայգու բարձունքն է՝ Մայր Հայաստան արձանի հարեւանությամբ: Այդ տարածքն այժմ չի օգտագործվում եւ չի էլ օգտագործվել: Միայն կանաչապատ տարածություն է, ոչ ծառ են տնկում, ոչ շինություն կառուցում: Այդտեղից ամբողջ քաղաքն է երեւում, իսկ անմիջապես դեմ առ դեմ՝ Մասիսն ու Սիսն են խոյանում: Նոյյան տապանի վրա՝ Արարատ լեռան կողմից տեսանելի չափերով՝ մոտ 6 մետր բարձրությամբ պատուհաններով հայերեն եւ անգլերեն գրվելու է՝ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»՝ «NOAH՝S ARK»: Իսկ գիշերները տապանի վրայից լազերային ճառագայթներով լուսարձակներով ուրվագծվելու են մեծ եւ փոքր Մասիսները»:
«Արմարե» ընկերության տնօրենը հավաստիացրեց, որ տապանի կառուցմամբ 350-400 նոր աշխատատեղ է բացվելու: «Զբոսաշրջությամբ զբաղվող մի ընկերություն ուսումնասիրել է, ըստ որի՝ զբոսաշրջությունը Հայաստանում 20 տոկոսով կաճի Նոյյան տապանի կառուցման շնորհիվ»,- հավելեց նա:
Տապանի կառուցման ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ $15 մլն: Մ. Հարությունյանը հայտնեց, որ այն կառուցվելու է բնական փայտից, որը բերվելու է Ռուսաստանից. «Չգիտեմ՝ որտեղից եւ ինչպես, ռուսաստանյան փայտանյութի վերամշակման եւ փայտե կոնստրուկցիաների մի ընկերություն տեղեկացել է մեր նախաձեռնության մասին եւ մեզ առաջարկել փայտի տրամադրումը իրենց գործարանից: Այսինքն՝ ամենակարեւորը՝ փայտի հարցը լուծված է: Միայն թե տեղի հարցով դեռ սպասողական վիճակում ենք»:
Ինչպես նշեց Մ. Հարությունյանը, մտահղացման համախոհներ ու աջակիցներ շատ կան, միայն թե քաղաքապետարանի կողմից աշխատանքների մեկնարկը խոչընդոտվում է:
«Պարզվում է, առանձին շահագրգիռ անձինք եւ անընկալելի կազմակերպություններ պատմական այս նշանակալի քայլը իրականացնելուն դեմ՝ հեռահար եւ անբացատրելի խոչընդոտներ են ստեղծում: Քաղաքապետարան ինչ-որ ծրագիր է ներկայացվել, որ իբր Հաղթանակ զբոսայգու այդ հատվածում ինչ-որ արտասահմանյան կազմակերպություն մեծ ներդրումներ է ցանկանում անել եւ էլիտար համալիր կառուցել: Այս մասին մենք իմացել ենք բոլորովին վերջերս, ավելի ճիշտ՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Տապանի նախագծային տարբերակը փաթեթով ուղարկել էինք քաղաքապետարան եւ սպասում էինք պատասխանին: Նույն հարցով դիմեցինք ՀՀ նախագահին, ԱԺ նախագահին, մշակույթի նախարարությանը. բոլորն իրենց հավանությանն են արժանացրել ծրագիրը, միայն թե քաղաքապետարանը լռում է: Մենք չէինք էլ պատկերացնում, որ տեղի խնդիր ենք ունենալու, տարածք տրամադրելն այսքան դժվար է լինելու… ի՞նչ է մտածում քաղաքապետը, չեմ հասկանում: Սա նախագիծ է, որը թե՛ գործազրկության խնդիր կլուծի որոշ չափով, թե՛ զբոսաշրջությանը կնպաստի: Եթե քաղաքից դուրս տեղադրվի Նոյյան տապանը՝ չի աշխատի: Նախկինում փորձել են Խորվիրապում կառուցել, բայց նպատակահարմար չի եղել վայրը: Մենք պետությունից գումար չենք պահանջում, բոլոր ծախսերը հովանավորների միջոցով կլուծենք, միայն այդ վայրը մեզ տրամադրեն: Դա միակ հարմար եւ գեղատեսիլ վայրն է Նոյյան տապանի համար: Հույս ունեմ, որ քաղաքապետարանը նախընտրությունը կտա այս սուրբ գործին, ոչ թե՝ մեծ ներդրումներ խոստացող արտասահմանյան ընկերության էլիտար կառույցի շինությանը, որը ոչնչի չի ծառայի»,- ասաց. Մ. Հարությունյանը:
Հ. Գ. Երեկ Նոյյան տապանի կառուցման նախաձեռնող խումբը քաղաքապետարանից վերջապես արձագանք է ստացել. այս պահին Հաղթանակ զբոսայգու բարեկարգման հետ կապված խոշոր ներդրումային նախագիծ է քննարկվում, որի ավարտից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, քաղաքապետարանը կքննարկի նաեւ Նոյյան տապանի հարցը: