2010 թվականը մեր ֆուտբոլի համար ամենատպավորիչներից էր: Ու խորհրդանշական է, որ «Totalfootball.am»-ի նախաձեռնությամբ եւ ՀՖՖ նախագահի աջակցությամբ լույս տեսած «Հայկական ֆուտբոլի տարեգիրքը» անդրադարձ էր հենց 2010 թվականին:
Երեկ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը, որին ներկա էին թե ազգային ու երիտասարդական հավաքականների ֆուտբոլիստները, թե ՀՖՖ նախագահը, թե ակումբների ներկայացուցիչները:
«Տարեգրքում» լուսանկարներով ներկայացված են 2010-ի կարեւորագույն ու ամենագեղեցիկ դրվագները, ինչպես նաեւ՝ վիճակագրական տվյալներ: «Միայն դրական բաներ կարող եմ ասել: Եթե չեմ սխալվում, մենք մինչ օրս որեւէ նման գիրք չենք ունեցել ու սա հիանալի մտահղացում է: Շատ լավ կլինի, եթե այն կրի շարունակական բնույթ»,- ասաց Ազգային հավաքականի ու «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Ի դեպ, ոչ միայն Մինասյանը, այլեւ բոլոր ներկաները միաբերան ընդգծեցին նախաձեռնության կարեւորությունն ու շարունակականության անհրաժեշտությունը: