Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմն իր վերջին նիստում համայն հայության համար մարզական այս խոշորագույն իրադարձության ղեկավարի պաշտոնում ցանկացել է տեսնել ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին: Սա այն դեպքն է, երբ ասում են՝ ընտրությունը ճիշտ է կատարվել: Իշխան Զաքարյանը, որ 1997 թվականից եղել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը, Համահայկական խաղերի անցկացման գաղափարի հեղինակ Աշոտ Մելիք-Շահնազարյանի հետ միասին անձնական մեծ ներդրում ունի Խաղերի հիմնադրման եւ կայացման գործում՝ անձամբ կազմակերպելով Համահայկական երեք առաջին խաղերը:
Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը նախարարությունում նոր պաշտոնում մարզաշխարհին ներկայացրեց ոլորտի վաղեմի ու մշտական բարեկամին: Իշխան Զաքարյանը գոհունակություն հայտնեց կրկին հարազատ օջախ վերադառնալու առիթով: «Շնորհակալ եմ վստահության համար: Չնայած իմ հիմնական աշխատանքում չափազանց ծանրաբեռնված եմ, սակայն հիմա աշխատանքային օրս պիտի բաժանեմ երկու մասի եւ օրվա մի զգալի ժամանակահատված անցկացնեմ նախարարությունում, որպեսզի միասին պատշաճ մակարդակով կազմակերպենք, այս տարի թեկուզ փոքրիկ, բայց արդեն առաջին հոբելյանական՝ Համահայկական 5-րդ մարզական խաղերը», – ասաց Իշխան Զաքարյանը: