Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ. «ԻՄ ԽՈՍՔԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ»

Հունիս 11,2011 00:00

\"\"Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի՝ օրերս հայկական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցը մարզաշխարհում ինչ-ինչ քննարկումների տեղիք է տվել, որի պատճառով ֆեդերացիայի նախագահը երեկ ցանկություն էր հայտնել հանդիպել լրատվամիջոցների հետ՝ մեկնաբանություններ տալու:

«Ես առաջին հերթին ուրախ եմ, որ այս պահին այստեղ են նաեւ այդ հեռուստաընկերության ներկայացուցիչները: Ես կներկայացնեմ իրականությունը եւ եթե նրանք հակադրելու բան կունենան, կփորձենք դրա մասին երես առ երես խոսել: Մի քանի օր առաջ ինձ եղել է հեռախոսազանգ եւ առաջարկվել հարցազրույց վարել ինձ հետ գլոբալ սպորտի եւ դրա ենթատեքստում՝ նաեւ ավանդական ուշուի ֆեդերացիայի վերաբերյալ: Ներկայացվեց, որ իրենք գլոբալ սպորտի վերաբերյալ հաղորդաշարեր են նախապատրաստում: Պայմանավորվեցինք: Այդ օրը մենք մարզումներ չունեինք, սակայն հաղորդման համար նրանց խմբի խնդրանքով ես դահլիճ հրավիրեցի մեր մարզիկներին, որտեղ էլ հանդիպեցինք լրագրողների հետ: Խոսակցությունն սկսվեց ֆեդերացիայից, մի շարք հարցեր եղան ֆեդերացիայի մասին, այդ թվում նաեւ՝ ֆեդերացիա-սպորտնախարարություն հարաբերությունների շուրջ: Օրինակ, թե այս պահին որքա՞ն է տարբերությունը ֆեդերացիայի ներկայիս ֆինանսավորման եւ պահանջարկի միջեւ: Պատասխանել եմ՝ երկու անգամ: Սակայն որպես խոհեմ մարդ, ես հասկանում եմ պետության ֆինանսական դժվարությունները եւ դրա համար պետությունից չեմ նեղանում: Այդ հատվածը հաղորդման մեջ բացակայում է: Հետո, երբ հաղորդումը դիտելուց հետո վերլուծում եմ, չեմ հասկանում: Եթե հաղորդումը նախարարությանը քննադատելու ուղղվածություն պետք է ունենար, այդ հատվածն էլ պիտի լիներ, որովհետեւ հարցն այն է, որ ես այդ քննադատության մասնակիցն եմ դառնում: Մինչդեռ, այդ քննադատական ֆորմատի վերաբերյալ ես տեղեկացված չեմ եղել: Ես սա ասում եմ հիմա՝ այդ հեռուստաընկերության ներկայացուցիչների ներկայությամբ, որոնց ճանաչում եւ հարգում եմ: Եթե գիտենայի, որ դա քննադատական հաղորդում է լինելու, չէի համաձայնի մասնակցել: Ու ասեմ, թե ինչու: Որովհետեւ արծարծված թեմաներն ինձ շատ քիչ են վերաբերվում: Իմ այսօրվա հոգսերը ֆեդերացիայում շատ ավելի մեծ են եւ ուրիշների մասին մտածելու, պարզապես, հոգեբանորեն պատրաստ չեմ: Հետագա հարցերն ավելի շատ ուղղված են եղել տեսակետ արտահայտելուն: Ես արտահայտել եմ իմ տեսակետները, որոնք ամենեւին էլ ամենաճիշտը կարող են չլինել: Խոսել եմ ֆեդերացիայի դժվարությունների, ասենք՝ մեր դահլիճների վարձավճարների եւ այլ խնդիրների մասին, իսկ մենք միշտ էլ այդ մասին խոսել ենք: Սպասում էի հաղորդմանը եւ ընդամենը մտածում, որ կխոսվի ֆեդերացիայի դժվարությունների մասին: Սրանք հարցեր են, որոնք միշտ էլ բարձրացվում են: Բայց խառնվել սպորտի քաղաքականությանը, թե ինչու է այս բանն այսպես, մյուսն՝ այնպես, մտադրություն չեմ ունեցել: Ընդամենը հայտնել եմ իմ բարի ցանկությունները: Ասենք, թե ինչի համար են որոշ մարզաձեւեր գերֆինանսավորվում, իսկ մյուսները՝ քիչ, ասել եմ, որ կցանկանայի, որպեսզի ավանդական համարվեն եւ պատշաճ ֆինանսավորվեն նաեւ այն մարզաձեւերի ֆեդերացիաները, որոնք իսկապես ունեն ավանդույթներ (ջրացատկ, թեթեւ աթլետիկա, սեղանի թենիս եւ այլն), միջազգային ասպարեզներում մշտապես բարձր են պահել կամ պահում Հայաստանի պատիվը, վարկանիշը, Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ օլիմպիական խաղերում հաղթողներ եւ մեդալակիրներ են տվել եւ տալիս: Նկատի ունեմ նաեւ մեր ֆեդերացիան: Սա ընդամենը բարի ցանկություն է, այլ ոչ թե քննադատություն: Ինձ զարմացրին նաեւ այն կադրերը, որ նկարահանել էին մեր դահլիճում, մի քանի վայրկյան, այն էլ՝ վերջում ցուցադրվեցին ու ըստ էության ֆեդերացիայի մասին ոչինչ չասվեց: Փաստորեն, ստացվեց այնպես, որ ես ակամա դարձա նախարարությանը քննադատելու գործիք: Այսքանն էի ուզում ասել»:
«Առավոտի» հարցին, թե լրագրողների հետ այս հանդիպումը սեփակա՞ն նախաձեռնություն է, թե՞ նախարարությունից ճնշում է եղել, պարոն Չոբանյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, հաղորդումից հետո նախարարության մի քանի աշխատակիցներ, որոնց հետ երկար տարիներ շփվում եւ մտերմություն ենք անում, տարակուսած էին, թե ինչո՞ւ ես, եթե ինչ-ինչ խնդիրներ կային, ժամանակին չեմ ասել, կամ ի՞նչ նպատակով եմ դժգոհել հատկապես հեռուստաեթերից: Կրկնում եմ, բոլոր մարզաձեւերի ֆեդերացիաներն էլ իրենց մտահոգող խնդիրների շուրջ միշտ էլ արտահայտվել են: Այդ թվում նաեւ՝ ես: Կրկնում եմ, որ անձամբ ես հասկանում եմ ընդհանուր վիճակը ու ոչ ոքից չեմ բողոքում: Այս հանդիպումը կազմակերպելու համար ինքս եմ դիմել նախարարին՝ ձեզ հետ հանդիպումը կազմակերպելուն աջակցելու համար»:
Մեր առաջարկով խոսվեց նաեւ Հայաստանում որպես սպորտի զարգացման աջակցություն համարվող պետական աջակցության շրջանակներում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձեւերի, ինչպես նաեւ ՄՕԿ-ի ճանաչած, բայց Խաղերի ծրագիր չընդգրկված ու նաեւ ՄՕԿ-ի չճանաչած մարզաձեւերի ֆինանսավորման սկզբունքների շուրջ պարոն Չոբանյանի պատկերացումների մասին: «Իհարկե, օլիմպիական մարզաձեւերը ֆինանսավորվում են առաջնահերթության սկզբունքով, – ասաց ֆեդերացիայի նախագահը: – Ավանդական ուշուն առայժմ օլիմպիական մարզաձեւ չէ, սակայն հավակնում է Խաղերի ծրագիր ընդգրկվել ու դրա բոլոր նախադրյալները կան: Այն, ինչ այսօր մեզ տալիս է պետությունը, իսկապես, քիչ է: Սակայն երբ ուշուն էլ օլիմպիական մարզաձեւ կդառնա, հաստատ ֆինանսավորումն էլ համապատասխան կլինի: Համենայնդեպս, այդ ժամանակ մենք արդեն կպահանջենք: Մանավանդ որ, մեր մարզիկներն արժանապատիվ են հանդես գալիս աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: Անգամ մենք մի մարզիկ ունեինք Պեկինի օլիմպիական խաղերում, որտեղ ուշուն ներկայացվեց որպես օլիմպիական մարզաձեւ դառնալու լիիրավ ու առաջնային հավակնորդ»:
Իսկ լրագրողների հետ հանդիպման ավարտին Տիգրան Չոբանյանը հայտարարեց, որ հաղորդման ժամանակ իր խոսքերի իմաստը ներկայացվել է խեղաթյուրված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել