Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ֆրանսիացիները մասնագետներ կպատրաստեն

Հունիս 11,2011 00:00

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հրավերով այս օրերին Հայաստանում է ֆրանսիացի երաժիշտ, Ֆրանսիայի «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի նախագահ Ֆիլիպ Բաքմանը:
Նա Հայաստան է ժամանել լարային գործիքներ պատրաստող վարպետների մրցույթ անցկացնելու համար:
Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ֆրանսիացի երաժիշտը հանդիպեց լրագրողների հետ: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը՝ կարեւորելով ֆրանսիացի հյուրի այցելությունը, ասաց. «Հայաստանը օրհասական վիճակում է՝ լարային գործիքների վարպետների մեծ պակաս ունենք: Ֆիլիպը այստեղ է՝ մեզ օգնելու այդ հարցում: Մենք ունենք հոյակապ ջութակի վարպետ՝ Մարտին Երիցյանը, բայց, ցավոք, նա միակն է: Նրա ետեւից այդ գործը շարունակողներ չկան: Ֆիլիպի այցելության նպատակը Հայաստանում ջութակ նորոգողներ եւ վարպետներ պատրաստելն է: Աշնանը Ֆրանսիայից Հայաստան կժամանեն ջութակի եւս մի քանի մեծանուն վարպետներ եւ Ֆիլիպի նախաձեռնությամբ երիտասարդների միջեւ կանցկացվի լարային գործիքներ պատրաստող վարպետների մրցույթ: Ընտրված երիտասարդները մեկ շաբաթ հնարավորություն կունենան անվանի մասնագետների միջոցով ջութակ պատրաստել սովորել: Լավագույնները հնարավորություն կունենան 6 ամիս վերապատրաստվել Ֆրանսիայում: Կրթություն ստացած երիտասարդները կվերադառնան Հայաստան, «Մշակույթ եւ համագործակցություն» ասոցիացիայի անդամ վարպետները ժամանակ առ ժամանակ կայցելեն Հայաստան եւ կշարունակեն նրանց հետ իրենց դասընթացները»:
Վ. Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Ֆիլիպ Բաքմանը 3 տարի առաջ կրկին մրցույթի արդյունքում մի երիտասարդ է ընտրել եւ իր հետ մեկ տարով տարել Ֆրանսիա՝ ուսանելու: Երիտասարդը վարպետացել է դաշնամուր լարելու գործում եւ այժմ իր սեփական արհեստանոցն ունի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել