Երիտասարդ դաշնակահարներին խորհուրդ են տալիս Խաչատրյանական մրցույթի ժյուրիի անդամները
Խաչատրյանական դաշնակահարների
մրցույթի ժյուրին:
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան միջազգային 7-րդ մրցույթը (դաշնակահարներ եւ կոմպոզիտորներ), որ մեկնարկել է հունիսի 6-ին, հատելով առաջին փուլի եզրագիծը, հնարավորություն տվեց մասնակիցներին սկսելու երկրորդը: Խոսքը վերաբերում է դաշնամուր մասնագիտությանը: Շուրջ 10 երկրից մրցելույթների ելած մոտ 30 երիտասարդ երաժիշտներից երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում մրցութային ծրագրերով ելույթ ունեցավ 9 մասնակից՝ Հայաստանից, Չինաստանից, Գերմանիայից, Ռուսաստանից, Կանադայից, որոնք, բնականաբար, կատարողական իրենց վարպետությամբ եւ ստեղծագործությունների մատուցման թարմությամբ արժանացել են ժյուրիի ուշադրությանը:
Երրորդ փուլը տեղի կունենա նույն համերգասրահում, հունիսի 12-ին, իսկ գալա համերգն ու պարգեւատրման արարողությունը՝ 13-ին:
Ինչպես տեղեկացրել էինք, հեղինակավոր ժյուրին՝ բաղկացած 6 անվանի երաժիշտներից, ղեկավարում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը:
Նախօրեին մրցույթի մասնակիցների ունկնդրման կարճատեւ դադարին «Առավոտին» հնարավորություն ընձեռվեց մեկ ընդհանուր հարց ուղղել ժյուրիի որոշ անդամների: Ժամանակակից երաժշտական արվեստը, ուզենք թե չուզենք, այնուամենայնիվ, հենվում է դասական արժեքների վրա: Հետեւաբար, դասական ստեղծագործություններն էլ դառնում են փորձաքար, մանավանդ՝ երիտասարդ արվեստագետների համար: Ընդհանուր առմամբ ի՞նչը հետաքրքրեց կատարումներում եւ ի՞նչն էր անցանկալի:
Ժանիա Սուբակիրովա՝ Ղազախստանի ազգային կոնսերվատորիայի ռեկտոր. «ԱՊՀ երկրներում անցկացվող մրցույթները, այդ թվում՝ նաեւ Խաչատրյանի անվան, նոր քայլ են՝ ուղղված խորհրդային երկրների միասնական մշակութային տարածքի պահպանմանը, ինչպես նաեւ մեր պետությունների կապերի հետագա ամրապնդմանը: Կոնկրետ այս մրցույթը հնարավորություն տվեց ԱՊՀ, նաեւ այլ երկրներից ժամանած երաժիշտներին ոչ միայն մրցելու, այլեւ ինֆորմացիա փոխանակելու համար: Դա կարեւոր է ցանկացած արվեստագետի համար՝ անկախ նույնիսկ նրա փորձառությունից: Կուզեի, որ ավելի բազմազան լիներ մասնակիցների ծրագիրը, որովհետեւ դժվար է նույն գործը մի քանի անգամ լսելը»:
Յուրի Հայրապետյան՝ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր. «Միջազգային մրցույթների ժյուրիի աշխատանքներում ունենալով տասնամյակների փորձ, առաջինն ուզում եմ նշել այս մրցույթի կազմակերպչական բարձր մակարդակը, ինչը կարեւոր նախապայման է միջոցառման համար: Խաչատրյանական մրցույթի մասնակից դաշնակահարները ներկայացնում են հետաքրքիր ծրագիր, սակայն, չգիտես ինչու, նույնիսկ որոշ շնորհալի մասնակիցների մոտ նկատեցի ստեղծագործության մատուցման միապաղաղություն: Օրինակ, Շումանը մեկնաբանվում է այնպես, ինչպես, ասենք, Ռախմանինովը: Լսեցինք նաեւ շնորհալի դաշնակահարների, որոնք չանցան երկրորդ փուլ: Կարծում եմ, նրանք, հետեւելով մրցույթի ընթացքին, իրենց համար հետեւություններ կանեն»:
Ռուստեմ Հայրուդինոֆ՝ Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր. «Ինձ համար պատիվ է մասնակցել սիրելի ու նախընտրելի կոմպոզիտորներիցս մեկի՝ Խաչատրյանի անվան մրցույթին: Մրցույթը այդ անունով կոչելու ու կազմակերպիչների աշխատանքի շնորհիվ, վստահ եմ, որ այն առաջիկա տարիներին կդառնա պարզապես երեւույթ: Մասնակիցներին եւ ընդհանրապես երաժիշտներին խորհուրդ կտայի հարգանքով վերաբերվել տեքստերին, ունկնդրին հասցնել ոչ թե սեփական, այլ տվալ կոմպոզիտորի զգացմունքը»:
Հ. Գ. Խաչատրյանական մրցույթի ժյուրիների նախագահների խոսքը կներկայացնենք ավարտից հետո: Տեղեկացնենք, որ կոմպոզիտորների ժյուրին այս օրերին զբաղված է շուրջ 5 երկրից ներկայացված ավելի քան 11 երիտասարդ ստեղծագործողների երկերի նոտաների «ուսումնասիրություններով»: