Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ»՝ ԸՍՏ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ

Հունիս 11,2011 00:00

Կամ՝ անտեղյակության վնասները

ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանը օրերս «Մեդիամաքսին» ասել էր, թե «Թուրքիան միջազգային հանրության աչքերին փոշի է փչում՝ հայտարարելով Անիի մայր տաճարի եւ Սուրբ Փրկիչ եկեղեցու վերականգնման մասին»: Ըստ նույն աղբյուրի, փոխնախարարը հավելել էր, թե հայկական պատվիրակության անդամները մտադիր են Անիի վերականգնման հարցը բարձրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության հանձնաժողովի հունիսյան նիստի շրջանակներում. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային եւ բնական ժառանգության պահպանման մասին» կոնվենցիայի դրույթի համաձայն, այն դեպքում, երբ պետության սահմանները չեն համապատասխանում իր պատմական սահմաններին՝ մշակութային արձանի վերականգնումը նախատեսող կողմը պարտավոր է հրավիրել տվյալ պետության մասնագետներին»: Համաձայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի 8-րդ հոդվածի, Համաշխարհային ժառանգության կոմիտեն ստեղծվում է ի պաշտպանություն միայն որպես համաշխարհային ժառանգություն գրանցած վայրերի ու հուշարձանների: Իսկ այնպիսի հոդված, որը նախատեսում է պատմական սահմանների կորստյան դեպքում պարտադիր տվյալ ազգի մասնագետների մասնակցություն, կոնվենցիայում ընդհանրապես չկա: Փոխնախարարը, հավանաբար, ինչպես միշտ՝ շփոթել է, թե ինչը որտեղ է լսել: Լավ կլիներ, որ հարցազրույցներ տալիս ցանկացած չինովնիկ ավելի տեղեկացված լիներ: Ցանկալի չէ, որ տվյալ պարագայում թուրքերը ծիծաղեն ՀՀ մշակույթի փոխնախարարի, մեղմ ասած, անտեղյակության վրա:  Զարմանալի  է նաեւ, որ լինելով  հուշարձանների ոլորտը համակարգող փոխնախարար, Արեւ Սամուելյանը «հուշարձան» եզրույթի փոխարեն «արձանն» է օգտագործում:
Ի դեպ, ինչպես տեղեկացնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքը, այս հունիսի 19-29-ը  Փարիզում իր 35-րդ նստաշրջանը կգումարի Համաշխարհային ժառանգության կոմիտեն՝ Բահրեյնի նախագահությամբ: Նստաշրջանի գումարման հիմնական խնդիրներն են. քննության առնել անդամ-երկրների նոր առաջարկությունները՝ Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցման համար, Համաշխարհային ժառանգության ցուցակում արդեն գրանցված մշակութային եւ բնության արժեքների պահպանության վիճակը եւ այլն: Կայքը հրապարակել է նաեւ գրանցման ենթակա նոր վայրերի ու հուշարձանների ցանկը, որում Հայաստանը ներկայացված չէ: Ինչեւէ. 10-օրյա նստաշրջանի օրերին կքննարկվեն 40 երկրներից ներկայացված 42 բնության եւ մշակութային արժեքներ, որոնք հավակնում են դառնալ Համաշխարհային ժառանգություն: Ընդ որում, 40-ից  6 երկիր այդ ցուցակում հավակնում է տեղ գտնել առաջին անգամ՝ Կոնգո, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ջամայկա, Միկրոնեզիա, Պալաոս եւ Բարբադե: Չնայած Համաշխարհային ժառանգության ցուցակում բավականին թվով հուշարձաններ ունենալուն, կրկին նոր թեկնածություններով են հանդես  եկել Ֆրանսիան, Չինաստանը, Իտալիան, Գերմանիան, Հնդկաստանը, Իսպանիան, Շվեյցարիան: Մեր հարեւաններից 2 նոր թեկնածություն է ներկայացրել Թուրքիան՝ Ալանիա հին քաղաքը եւ սելջուկյան նավագործարանը, Սելիմիե մզկիթն ու նրա հասարակական համակառույցը:  Իսկ ԻԻՀ-ի հայտը վերաբերում է պարսկական այգիներին: Կոմիտեն քննության կառնի Համաշխարհային ժառանգության շուրջ 169 օբյեկտների պահպանվածության վիճակը, մասնավորապես դրանցից 34-ը գտնվում է խիստ վտանգված վիճակում եւ արդեն իսկ վիճելի է համարվում դրանց՝ որպես  Համաշխարհային ժառանգության  ճանաչման խնդիրը:
Նշենք, որ ներկայումս Համաշխարհային ժառանգության ցուցակում գրանցված է 911 արժեք՝ աշխարհի 151 երկրից. դրանից 704-ը՝ մշակութային, 180-ը՝ բնության եւ 27-ը՝ խառը անվանակարգերում են: Հայաստանն այդ ցուցակում ներկայացված է 3 հուշարձանախմբերով (Գեղարդը՝ Ազատ գետի հովտով, Էջմիածնի եկեղեցիները՝ Զվարթնոցով եւ Հաղպատ-Սանահինը): Վերջին գրանցումից էլ անցել է 11 տարի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել