Երեկ, ժամը 14:00-ի մատույցներում փլվել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի երկհարկանի կենտրոնական մասնաշենքը: Այստեղ շենքի նկուղային հարկում մայիս ամսից շինարարություն էր: Տեղը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայրական գյուղն է:
Գյուղի միջնակարգ դպրոցի շենքի փլուզումից հետո աշակերտների համար քննությունները կկազմակերպվեն գյուղի մշակույթի տանը: Այժմ դպրոցի տնօրինությունն աշխատանքներ է տանում մշակույթի տանը հարմարավետ դասասենյակներ ստեղծելու համար, փլված դպրոցի երկհարկանի մասնաշենքի առաջին հարկի պատուհանից դուրս են հանում նստարաններն ու դասասեղանները եւ տեղափոխում մշակույթի կենտրոն, որտեղ եւ հետագա դասապրոցեսները կկազմակերպվեն՝ մինչեւ գյուղի դպրոցի մասնաշենքի հիմնախնդրի վերջնական լուծումը:
Շենքի փլուզման ժամանակ դպրոցում քննություն էր մաթեմատիկա առարկայից, բարեբախտաբար դեպքի պահին մասնաշենքում մարդ չի եղել եւ տուժածներ չկան: «Քննությունն ավարտվեց ժամը 13-ին, մասնակից 15 աշակերտները գնացին տուն, կես ժամ հետո մանկավարժական կադրերին ազատեցի՝ գնացին տուն, չգիտես ինչու ենթագիտակցորեն 10 րոպե հետո էլ ես դուրս եկա դպրոցից: Գնալուցս 10 րոպե հետո շենքը փլվեց միջնամասի հատվածից` 26 մ երկարությամբ եւ 16 մ լայնությամբ: Շենքի ներսում դասասենյակներն էին, նիստերի դահլիճը, համակարգչային դասասենյակը, նկուղային հարկում՝ սպորտդահլիճը: Գույքի, համակարգիչների մի մասը վնասվել է: Ենթադրում եմ, որ հնարավոր է նախօրեին մարզում գրանցված երկրաշարժի հետեւանք լինի: Շենքը վթարային չէր, միայն արցախյան պատերազմի տարիներին հրետակոծությունից էր տուժել, մինչեւ օրս հետքերը մնացել էին շենքի պատերին: Դեպքի մասին տեղյակ ենք պահել բոլոր համապատասխան կառույցներին, քաղաքաշինության նախարարությունից հանձնաժողով պետք է գա՝ տեղում վնասի չափերը հաշվարկելու համար, որից հետո պարզ կլինի դպրոցի հետագա ճակատագիրը»,- մեզ հետ զրույցում նշեց Տեղի դպրոցի տնօրեն Սլավիկ Գրիգորյանը:
Ըստ տնօրենի, ամենահարմար տարբերակը նոր շենք կառուցելն է, իսկ մինչ այդ իրենք կփորձեն մշակույթի կենտրոնում 2 հերթափոխով դասապրոցեսներ իրականացնել: Տեղ գյուղի դպրոցում սովորում է 240 աշակերտ: 1959 թվականից շահագործման հանձնվելուց հետո շենքում միայն 2 անգամ կոսմետիկ նորոգումներ են եղել, իսկ 2009թ.-ից մաս-մաս այստեղ հիմնանորոգման աշխատանքներ են տարվել՝ պետբյուջեի միջոցներով. հիմնանորոգվել էր տանիքը, փոխվել էին դռներն ու լուսամուտները, այս տարվա համար նախատեսված էլեկտրամոտնաժման եւ այլ աշխատանքներ կիսատ կմնան շենքի փլման պատճառով: Տնօրենի փոխանցմամբ, շենքում այլեւս աշխատել հնարավոր չէ, սակայն ամեն ինչ արվում է, որպեսզի բնականոն հունով քննություններն անցկացվեն գյուղի մշակույթի կենտրոնում, եւ կրթությունն էլ դրանից չտուժի: