Վանաձորի երիտասարդները կարողացել են կանխել «Եհովայի վկաների» հավաքը
Վաղ առավոտից Վանաձորի Հրանտ Մաթեւոսյանի անվան զբոսայգու մարդաշատությունը աչք էր ծակում: «Եհովայի վկաներ» աղանդի անդամները որոշել էին մարզային եռօրյա համաժողով անցկացնել Երկաթուղայինների ակումբում, սակայն հանդիպել էին փակ դռների եւ ոստիկանների:
Ոստիկանության փոխգնդապետ Հայկ Էվինյանը պարզաբանեց, որ միայն հասարակական կարգը պահպանելու համար են եկել. «Սեփականատերը դեմ էր իրենց ներս թողնելուն, մեր կողմից որեւէ խոչընդոտ չկա: Նրանք պահանջում են, որ ոստիկանությունը պարտադրի սեփականատիրոջը, սակայն դա ոստիկանության իրավասությունը չէ»,- ասաց Հայկ Էվինյանը եւ հավելեց, որ խախտված պայմանագրի հարցը այստեղ չէ, որ պետք է վիճարկվի:
Նախօրեին Վանաձորի բոլոր երիտասարդական կազմակերպությունները նամակներ են հղել Երկաթուղայինների ակումբի տնօրինությանը, որպեսի հավաքը չկայանա:
Մինչ վկաների բազմությունը սպասում էր բանակցությունների ավարտին, փորձեցինք հանդիպել կազմակերպչին: Անվստահություն ցուցաբերելով լրատվամիջոցների նկատմամբ, հավաքվածների մեջ շրջող մի քանի կոստյումավոր տղամարդիկ սկսեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքը, նախօրոք զգուշացնելով «հավատացյալ հոտին»՝ ոչ մի հարցի չպատասխանել: Նկատենք, որ սա օրենքի խախտում է, ինչպես օրենքի խախտում է ՀՀ զինված ուժերում ծառայելուց հրաժարվել քարոզելը: Մի բան, որ լրագրողներին խոչընդոտելուց ավելի լավ են անում «Եհովայի վկաները»:
Երբ հարցերով սկսեցինք դիմել կոստյումավորներին, նրանք, իրենց կարծիքով, աննկատ նկարում էին լրագրողներին: Հարցերին պատասխանելուց հրաժարվող եհովականները տեղի-անտեղի կրկնում էին՝ «մենք «Եհովայի վկաներ» ենք»: Ի վերջո, լրագրողների հետ խոսեց Տիգրան Վեզիրյանը: Նա ներկայացավ «Եհովայի վկա», առանց որեւէ պաշտոնի եւ մեր հարցերին պատասխանելուն զուգահեռ, սկսեց Աստվածաշնչից մեջբերումներ անել: Թեեւ բոլորը գիտեն, թե ովքեր են «Եհովայի վկաները», սակայն եւս մեկ անգամ հարցերին ի պատասխան ու մեծ դժվարությամբ Տիգրան Վեզիրյանը խոստովանեց, որ իրենց հավատքը թույլ չի տալիս զենք բռնել եւ անհրաժեշտության դեպքում արյուն փոխներարկել:
Այս ոչ այնքան տրամաբանական պահվածքը Վանաձորում հավաքված «Եհովայի վկաները» փորձում էին արդարացնել ուշադրություն շեղելով. «էսքան մարդ առավոտվա ժամը 8-ից կանգնած է, ոչ ծխում են ու թափում, ոչ արեւածաղիկ են չրթում: Ինչի՞ դրանք չեք նկատում, մենակ վատ բաներից եք խոսում»: Այսինքն՝ «Եհովայի վկաները» գիտեն, որ վատ բաներ են անում:
«Եհովայի վկաների» երեկվա «տոնը» չստացվեց: Ակումբի դռները չբացվեցին ու նրանք սուսփուս հեռացան: