Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈ՞Վ

Հունիս 11,2011 00:00

\"\"Էպիլեպսիայով տառապող 17-ամյա պատանին օգնության կարիք ունի, պաշտոնյաները լռում են:

Տավուշի մարզկենտրոն Իջեւանի Թուխիկյան փողոցի 25 շենքում բնակվող 17-ամյա Արթուր Արմենի Գրիգորյանը 2009 թվականից հիվանդ է: Իջեւանի առողջության պահպանման կենտրոնում կատարված ախտորոշմամբ պարզվել է, որ նա տառապում է «պարցիալ էպիլեպսիա երկրորդային գեներալիզացված նոպաներով հիվանդությամբ եւ կարիք ունի MPT հետազոտության»:
Արթուրի հարազատների վկայությամբ՝ 2 տարի առաջ իրենց շենքում գողություն է կատարվել, ոստիկանները դրա մեջ կասկածել են Արթուրին: Արթուր Գրիգորյանը ոստիկանների հետ հանդիպման, նրանց կողմից բիրտ վերաբերմունքի հետեւանքով ձեռք է բերել էպիլեպսիա հիվանդությունը:
Հարազատների պնդմամբ, Արթուրն արդեն 2 տարի դեղորայք է ընդունում, սակայն արդյունք դեռ չկա, ամիսը 5-6 անգամ նա ուշագնաց է լինում, իսկ ուշաթափությունից հետո չի հիշում, թե իր հետ ինչ է կատարվել: Չորս հոգանոց ընտանիքը խիստ կարիքավոր է եւ նրանցից միայն Արթուրի մայրը՝ Մանուշակ Աղաբեկյանն է պատահական վաստակ ունենում: Անապահով այս ընտանիքը ընտանեկան նպաստ չի ստանում, հաշվառված է Այգեստան 68 հասցեում, փաստացի՝ վարձով բնակվում է Թուխիկյան 25 հասցեում:
Երեւանում Արթուրի համալիր բժշկական հետազոտության համար 80 հազար դրամ է պահանջվում, որն ընտանիքը չունի: Մանուշակ Աղաբեկյանը մայիսի 18-ին գրավոր դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, որպեսզի վերջինս միջնորդի՝ Արթուրի հետազոտությունը պետպատվերի շրջանակներում իրականացնելու համար: Մարզպետարանը նախկինում կարիքավոր այս ընտանիքին օգնել է 10 հազար դրամով: Տավուշի մարզպետարանը նամակին չի պատասխանել, մարզպետարանի սոցապ եւ առողջապահության վարչությունից բանավոր պատասխանել են, թե պետպատվերի շրջանակներում բուժվողների հերթեր կան, որ Արթուրի խնդիրը կարող է լուծվել աշնանը: Մինչդեռ տղայի առողջությունը այս ընթացքում կարող է վատանալ: Ընտանիքն այս հարցով, աջակցության խնդրանքով, նամակ է ուղարկել նաեւ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել