Աղանդավորները սպառնում են հայր Ղեւոնդին Youtube-ում տեղադրված տեսանյութի համար՝ տեղեկացնում է emedia.am-ը: Պատճառն էլ այն է, որ հայր Ղեւոնդ վարդապետը վերջերս Youtube- ում տեսանյութեր է տեղադրել, որոնք պատմում են «Կյանքի խոսք» աղանդի գործունեության մասին:
Հոգեւորականը մարդկանց իրազեկելու նպատակով տեղադրել էր 6 մասից բաղկացած տեսանյութ, ինչն էլ, տեր Ղեւոնդի խոսքով՝ առաջացրել է «Կյանքի խոսքի» ներկայացուցչի զայրույթը:
Հայր Ղեւոնդի բլոգում (https://fr-ghevond.livejournal.com/78342.html) KARTAL AMPAYMAN ծածկանունով այցելուն սպառնում է. «Լսի, այ տեր հայրիկ, դու քո կյանքը վտանգի տակ ես գցում, ավելի լավ ա ջնջի էտ վիդեոները, որ գցել ես, թե չէ ես կջնջեմ: Ես հակեր եմ ու նորմալ ասում եմ, որ անես: Աստծո դեմ ես հելել, քո իմանալով դու Աստծո համար ես անում: Եթե Աստված ուզենար, ինքը հենց կաներ, Աստծուն մարդկային օգնություն պետք չի: Տակ շտո թարգ տուր էս ամեն ինչին ու հանի էս վիդեոները: 2 օր հետո մտնելու եմ ու եթե տեսնեմ մեջն են վիդեոները, ես ինքս կջնջեմ ու կփակեմ էս սայթը: Տակ շտո դու ինքդ արա ավելի լավ ա»:
Հայ բլոգոսֆերան զայրացած է. հայ բլոգերներն իրենց դժգոհություններն են հայտնել խնդրի վերաբերյալ՝ որոշելով ամեն ինչում աջակցել հայր Ղեւոնդին: Հոգեւորականն արդեն նշել է, որ ինքը շարունակելու է տեղադրել տեղեկատվություն «Կյանքի խոսքի» եւ այլ աղանդների մասին, քանի որ իր առաքելություններից մեկն էլ հոգեորսության դեմ պայքարելն է: