Հուլիսի 10-17-ին անցկացվող «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը այս տարի կներկայացնի 4 մրցութային ծրագիր՝ միջազգային խաղարկային եւ վավերագրական ֆիլմեր, Հայկական համայնապատկեր, ինչպես նաեւ նոր՝ «Կորիզ» կարճամետրաժների ծրագիրը: Ընդհանուր առմամբ ստացվել է 631 հայտ 81 երկրից, որից ընտրվել է 150-ը՝ 45 երկրից: Երեկ լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, կինոփառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը եւ միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը ներկայացրին ընտրված ֆիլմերի ցանկը:
Փառատոնը կբացի աշխարհահռչակ ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի՝ 2010 թ. Կաննի փառատոնի մրցանակակիր «Վավերացված պատճեն» ֆիլմը:
«Հայացք դրսից» հատուկ ծրագրում ներառվել են վերջերս հայերի մասին եւ Հայաստանում արտասահմանցի ռեժիսորների նկարահանած ֆիլմերը: «Ոսկե ծիրանի» մշտական հետաքրքրությունների տիրույթում են նաեւ ուսումնական ծրագրերը: Այս տարի «Կինոդպրոցներ» ծրագրում կներկայացվեն Անջեյ Վայդայի դպրոցի (Լեհաստան), Սապիր քոլեջի (Իսրայել), Ռուսաստանի կինոյի պետական ինստիտուտի ուսանողական ֆիլմերը:
Նկատի ունենալով մասնագետների եւ հանդիսատեսի մեծ հետաքրքրությունը ԱՊՀ երկրներում արտադրված ֆիլմերի հանդեպ՝ 2011թ. «Ոսկե ծիրանը» կներկայացնի նոր արտամրցութային ծրագիր՝ նվիրված ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին՝ «ԱՊՀ երկրների կինոն» խորագրով: Ծրագիրը կբացի Ալեքսեյ Ուչիտելի «Օսկարի» նոմինանտ «Եզերք» ֆիլմը: Փառատոնը կփակի Վիմ Վենդերսի «Պինա» ֆիլմը, որը կցուցադրվի 3D ձեւաչափով: