Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունիս 11,2011 00:00

Իսկ վրացիները ձերբազատվել են թեստային համակարգից

\"\"

«Ահավոր լարված եմ, բայց կարծում եմ՝ կկարողանամ լավ գրել, բարձր միավոր վաստակել եւ ընդունվել Տնտեսագիտական համալսարան»,- երեկ մաթեմատիկայի միասնական քննության ժամանակ դիմորդ Լուսինե Գյոքչյանի պես շատերը հուզված էին եւ խուսափում էին լրագրողների հետ զրույցներից: Մաթեմատիկայից հանրապետության բոլոր քննական կենտրոններում քննություն պետք է հանձներ 544 դիմորդ: ԵՊՀ-ում ձեւավորված քննական կենտրոնում 134 դիմորդից բացակայում էր 18-ը: Զինվորական համազգեստով մի դիմորդ էլ ծնողի հետ քննության ներկայացավ 35 րոպե ուշացումով: Զինծառայողն ասաց, որ չնայած զորամասում տեղյակ էին իր քննություն հանձնելու ժամի մասին, բայց պատասխանատուները ժամանակին բաց չթողեցին: Նրան ԳԹԿ ներկայացուցիչները խորհուրդ տվեցին դիմում գրել երկրորդ փուլով քննությունը հանձնելու համար: ԵՊՀ քննական կենտրոնի ղեկավար, ԳԹԿ կազմակերպական մշակումների բաժնի պետ Կարո Նասիբյանի փոխանցմամբ, այս տարվա քննությունները տարբերվում են նախորդներից, ինչը կազմակերպիչների համար որոշակի բարդություններ է ստեղծում: «Նախկինում շրջանավարտներն էին քննություն հանձնում, դպրոցները կարողանում էին դիմորդներին բացատրել սովորական խաչեր դնելու ձեւը: Այժմ ունենք դիմորդներ, որոնք չեն տեսել պատասխանի ձեւաթուղթ եւ ավելի շատ աշխատանք ենք տանում այս ընթացքում»,- ասաց պարոն Նասիբյանը:
 Նա երեկ է վերադարձել Վրաստանի ԳԹԿ գործուղումից: «Առավոտի» խնդրանքով պարոն Նասիբյանն անդրադարձավ քննությունների անցկացման վրացական փորձին եւ համեմատություններ անցկացրեց հայկականի հետ: «Թեստային մեթոդը վրացիներն ավելի շուտ են սկսել օգտագործել՝ 2005 թվականից, բայց իրենց մոտ միասնական քննություն չկա: Ավարտական եւ բուհական ընդունելության քննությունները միասին չեն: Այս տարվանից մտցրել են ավարտական ստուգարքներ, որոնք հաղթահարելուց հետո միայն շրջանավարտը իրավունք ունի դիմել բուհ: Այսինքն՝ Վրաստանում շրջանավարտներին ավելի խիստ են վերաբերվում, քան Հայաստանում»,- պատասխանեց նա: Կ. Նասիբյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ո՞ր երկրում են քննություններն ավելի թափանցիկ. «Վրացիները ոչ թե մեզ նման թղթային մեթոդներով նման լսարաններում են անցկացնում քննությունները, այլ ամեն շրջանավարտ նստում է իր համակարգչի առջեւ, բացում հերթական առաջադրանքը, պատասխանը լրացնելուց հետո անցնում հաջորդին, եթե ոչ՝ ժամանակը լրանալուց հետո, անցնում հաջորդին: Այսինքն՝ դիմորդին վերահսկում են համակարգիչը, համապատասխան սարքավորումները»:
ԳԹԿ տնօրեն, մասնագիտությամբ մաթեմատիկոս Գուրգեն Խաչատրյանը վստահեցրեց, որ մաթեմատիկայի թեստերի պարագայում էլ նվազագույն շեմը չնայած հեշտ հաղթահարելի էր, բայց էլի որոշ քայլեր արել են, որ գոնե դիմորդը չկտրվի: Զրուցեցինք նաեւ մոնիտորների առջեւ քննությանը հետեւող ծնողների ու դիմորդների հետ պարապող մասնագետների հետ: Դասախոս Արարատ Հակոբյանը գտնում է, որ թեստային համակարգն ավելի շատ թերություններ ունի, քան առավելություններ. «Նույն թեստը տալիս են ե՛ւ մեխմաթ, ե՛ւ տնտեսագիտական, ե՛ւ պոլիտեխնիկ ընդունվողներին: Նույն թեստով ուզում են բոլորին գնահատել: Նոր բան պետք չէր հնարել, ոնց որ նախկինում էին քննությունները, պետք է մնար նույնը՝ տեխնիկական բուհերի համար՝ իրենց ծրագիրը, համալսարանի ֆիզիկայի եւ մաթեմատիկայի համար՝ առանձին»: Դիմորդի հետ պարապող մասնագետի կարծիքով, մաթեմատիկայի թեստերում կան այնպիսի հարցեր, որոնք ճիշտ չեն ձեւակերպված կամ այնպիսին են, որ երեխան չի հասկանում հարցադրումը: Ծնողները դժգոհում էին նաեւ, որ վաղ առավոտյան են եկել եւ շուրջ երկու ժամ սպասել մինչեւ քննության սկսվելը: «Ժամը 7.30-ից էստեղ ենք, ներս ենք մտել 9.30-ին: Առանց այն էլ երեխաները գիշերը չեն կարողանում քնել, ի՞նչ կարիք կա այդքան շուտ կանչել: Ասել են՝ 8-ից էստեղ եղեք, բայց գոնե 15 րոպե բոլորն էլ շուտ են գալիս: Գոնե նստելու տեղ լինի, որ այսքան չհոգնենք»,- ասում էին մոնիտորներից քննությանը հետեւողները: ԳԹԿ տնօրեն Գ. Խաչատրյանը մեզ հետ զրույցում քննության մեկնարկի մասին ասաց, որ այն սկսվում է 9.30-ին, ըստ կարգի՝ դիմորդները պետք է ներկայանան ժամը 8. 00-ին. «Բայց, օրինակ, մարզեր կան, որ 2-3 երեխա է, իմաստ չունի շուտ կանչելը: Մի քանի հեռուստաալիքով դիմորդներին խորհուրդ տվեցինք շուտ չգալ: Երեխաները կարող են քննակենտրոն գալ 9-ից 15 պակաս»: Ինչ վերաբերում է թեստային համակարգով քննություն անցկացնելուն, մեր զրուցակիցը կարծում է. «Թեստային համակարգը ե՛ւ առավելություններ, ե՛ւ թերություններ ունի, բայց թեստը բավականին հզոր միջոց է երեխայի ընդունակությունները հայտնաբերելու համար: Իհարկե, ամենից ճկունն այն կլիներ, որ տարբեր ֆակուլտետների համար տարբեր թեստեր գրվեին, բայց դրա համար մեծ հնարավորություններ են պետք: Մյուս կողմից, տարբերակված թեստեր գրելու պարագայում դեռ հարց է, թե որ մասնագիտության առաջ ինչ պահանջ պետք է դնել: Մեզանում մաթեմատիկայից ուժեղ երեխան նախընտրում է ոչ թե կիրառական մաթեմատիկան՝ որպես իր ապագա, այլ տնտեսագետ կամ իրավաբան, պարադոքսը սրանում է»: Գ. Խաչատրյանը գտնում է, որ եթե հնարավորություն ունենային ընդարձակ պատասխաններ ունեցող թեստերով քննություն անցկացնել, պատկերն այլ կլիներ. «Այս պարագայում անհնար է, որովհետեւ ակնկալում է հանձնաժողովի ներգրավում, քանի որ մեքենայական ստուգում հնարավոր չէ անցկացնել: Գուցե մի օր վերադառնանք դրան, որովհետեւ Ռուսաստանում թեստերի հիմնական մասը ընդարձակ պատասխաններով է»: Դասախոս Ա. Հակոբյանի՝ թեստերում տեղ գտած խրթին ձեւակերպումների մասին էլ ասաց. «Կան թեստեր, որոնք հաջողված են եւ չեն պարունակում խրթին հարցադրումներ, այլ հարց է, որ երեխան կարող է թերացումներ ունենալ հայերենից եւ որոշ խնդիրներ անհասկանալի կարող են թվալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել