ՀՀ գլխավոր դատախազի մոտ հրավիրվել է օպերատիվ խորհրդակցություն՝ Երեւանի Նուբարաշեն թաղամասի բնակիչների՝ խմելու ջրից թունավորվելու դեպքի հանրային վտանգավորությունը, դեպքի առթիվ հարուցված քրեական գործի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննության ապահովումը, բոլոր հնարավոր վարկածներով քննություն կատարելու, դեպքը ծնող պատճառների եւ դրան նպաստող պայմանների բացահայտման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ մեղավոր անձանց ու կազմակերպությունների շրջանակը պարզելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանը, ՀՀ գլխավոր դատախազության վարչությունների պետեր եւ դատախազներ, ՀՀ ԱՆ «ՀՎԿԿ» ՓԲԸ-ի սանիտարահիգիենիկ ստորաբաժանման վարիչ Ս. Կարապետյանը եւ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի իրավաբանական բաժնի պետ Գ. Մկրտչյանը:
2011թ. հունիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, Նուբարաշենի թիվ 11 փողոցի տարածքում գտնվող շենքերի բնակիչները՝ իրենց բնակարաններում ջրամատակարարումը բացակայելու կամ ջրի ճնշումը թույլ լինելու պատճառով օգտվել են 3-րդ եւ 16-րդ շենքերի բակերում տեղակայված ցայտաղբյուրներից: Այդ ցայտաղբյուրներից վերցված եւ պահեստավորված ջրերի նմուշներով նշանակվել են փորձաքննություններ, որոնք կատարման ընթացքում են: Գործի քննությամբ պարզվել է նաեւ, որ կան տուժած երեխաներ, որոնք ջուր չեն խմել, սակայն ծնողները նրանց լողացրել են, ինչպես նաեւ կան մարդիկ, ովքեր չեն դիմել բուժօգնության կամ դիմել են ապահովության համար, եւ թունավորման փաստը հերքվելուց հետո գնացել են տուն:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Նուբարաշենի 11 փողոցի 16-րդ շենքի հարակից տարածքում գտնվող ներքին ցանցի խմելու ջրատար խողովակներից արտահոսք է եղել, որտեղ հողատարածքը մոտ 1 տարի խոնավ է: Նշված տեղում ջրատար խողովակներն առգրավվել են՝ հետագա հետազոտման համար:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարեց տեղանքի բոլոր հնարավոր հատվածներից վերցնել փորձանմուշներ եւ ուղարկել համապատասխան փորձաքննության, ընդ որում՝ յուրաքանչյուր տեղից վերցնել 2 փորձանմուշ, որից 1-ը համապատասխան պայմաններում պահել: