Խոսքի ազատության պաշտպանության կենտրոնը վերջերս ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջը դիտարկման արդյունքներով ճանաչեց ամենաօպերատիվն ու հանրության համար մատչելին:
Նշենք, որ երկրորդ անգամ է կայքէջը ճանաչվում մատչելի: Կայքէջի պատասխանատուն Սոնա Տռուզյանն է, ով ուսուցողական ծրագրով գտնվում էր ԱՄՆ-ում եւ հունիսի 25-ին կանցնի իր՝ մամուլի պատասխանատուի պարտականությունների կատարմանը:
Սոնա Տռուզյանը կայքէջի կապակցությամբ երեկ «Առավոտին» ասաց. «2006-2010թթ. արդեն 2-րդ անգամ պաշտոնական գերատեսչությունների մեջ լավագույնն ենք ճանաչվում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել լրագրողներին ու հասարակական կազմակերպություններին, որ մշտական համագործակցության արդյունքում կարողանում ենք ոչ միայն պահպանել տեղեկատվության տրամադրման, փոխանակման ձեւավորված եւ իրենց արդարացրած մեխանիզմները, այլ նաեւ կատարելագործել դրանք: Նման դրական գնահատականները պարտավորեցնող են եւ հավելյալ ազդակ՝ զարգացնելու քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման մեխանիզմները, այն է՝ աշխատել հրապարակային, ցուցաբերելով հավասարակշռված մոտեցում սահմանադրական մյուս իրավունքների եւ սահմանափակումների նկատմամբ»: