Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք սիրում ենք մեր քաղաքը» շարքից

Հունիս 11,2011 00:00

«Արցախ-91» ՍՊԸ տնօրեն Գագիկ Ավետիսյանը 3 տարի առաջ իր համադասարանցուց՝ Արտեմ Եղոյանից 5 միլիոն 600 հազար դրամ պարտք է վերցնում, խոստանալով գումարը չմարելու դեպքում նրան տրամադրել իրականում գոյություն չունեցող առեւտրի տաղավար:
Սակայն մինչ օրս նա Ա. Եղոյանին ոչ գումարն է տալիս, ոչ խոստացած տաղավարը: 
Ա. Եղոյանը, տեսնելով, որ անօգուտ է, դիմում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գումարի բռնագանձման պահանջով: Նա պահանջում է 2008թ. մարտի 24-ից մինչ Գ. Ավետիսյանի պարտավորությունների կատարման օրը այդ գումարի՝ օրենքով սահմանված տոկոսները: Ի դեպ, նմանատիպ հայցով Եղոյանի հայցը մեկ անգամ մասնակի բավարարվել էր դեռ 2009թ. հուլիսի 24-ի՝ մեկ այլ դատարանի վճռով: Բերվել էր նաեւ վերաքննիչ բողոք, վերաքննիչ դատարանը գործը ուղարկել էր նոր քննության՝ ընդհանուր իրավասության դատարան:
Այս դատարանն էլ 3 ամիս գործը քնեցրել էր, ապա վարույթ չէր ընդունել:
Վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարան բողոքարկելուց հետո գործը վերադարձվել էր Ա. Հունանյանի նախագահությամբ վարույթ:
Օրեր առաջ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանում Արտեմ Եղոյանի ներկայացուցիչը պնդեց գումարի պահանջը եւ հայտնեց, որ Գագիկ Ավետիսյանի անունով՝ սեփականության իրավունքով, տաղավար գոյություն չունի:
Նա վկայակոչեց անգամ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 02.02.2010թ. պաշտոնական գրությունը, համաձայն որի՝ Հ. Հակոբյան 3 հասցեում Գագիկ Ավետիսյանի անունով անշարժ գույք գրանցված չէ:
Հետեւաբար, խոսքը, հավանաբար, քաղաքապետի հրահանգով ապամոնտաժվող ինչ-որ անհասկանալի տաղավարների մասին է, որը ցանկացած պահի կարող է հանվել՝ անօրինական լինելու պատճառաբանությամբ:
Դատարանում Գ. Ավետիսյանի ներկայացուցիչը դարձյալ ասել էր, թե տաղավարով կմարի իր վերցրած պարտքը: Նա հայտնել էր, թե տաղավարները սեփականացնելու փուլում են, եւ պետական գրանցում ստանալուց հետո դրանով կփոխհատուցի: Ի դեպ, ակնարկը Մերգելյանի ինստիտուտի դիմացի պուրակի ծայրին առկա հակասանիտարական գյուղմթերքների իրացման տաղավարների մասին է, որոնց հետ կապված մինչ օրս բազմաթիվ բողոքներ կան տեղի բնակիչներից: Դատարանը հայցը բավարարել է եւ հօգուտ հայցվոր Եղոյանի պետք է բռնագանձում իրականացնի:
Սակայն կա այլ մտահոգիչ խնդիր նույնպես:
Երեւանի քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ տեղեկացրել է. «Հ. Հակոբյան 3  հասցեի գյուղմթերքների վաճառքի շուկայի կազմակերպիչ հանդիսացող «Արցախ-91» արտադրական կոոպերատիվի տնօրինությունը հրավիրվել է Երեւանի քաղաքապետարան, եւ առաջարկվել է անհապաղ միջոցներ ձեռնարկել սանիտարահիգիենիկ վիճակը պատշաճ տեսքի բերելու ու թերությունները վերացնելու ուղղությամբ»: Անգամ տուգանել են: Վարչական պատասխանատվության են ենթարկել «արցախցիներին»: Աշխատանքի պետական տեսչությունն էլ էր «Արցախ-91»-ում հայտնաբերել աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող իրավական ակտերի պահանջների խախտումներ: Բայց բավարարվել էր «հանձնարարականով»: Նշված տարածքը, ուր անարգել «Արցախ-91-ը» գործում է՝ սրան-նրան խաբելով, սննդի բացօթյա առեւտուր կատարելով, հանրային տարածք է, եւ հիմնական շինություններ չեն թույլատրվում: Բայց անում է, անգամ հաշվի չառնելով քաղաքապետին. «Անկախ նրանից՝ դա մեզ  դուր է գալիս, թե ոչ, մեր քաղաքում չպետք է որեւէ անօրինություն լինի»: Ստացվում է, որ մի դեպքում, քաղաքապետը տաղավարները քանդել է տալիս, հանում, մի դեպքում՝ թույլատրում:
Տեսնես, ինչո՞ւ է նման խտրականություն անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել